×


Լիլի Սամվել.“Նա ժամանակին օգնեց ինձ հաղթահարել իմ կյանքի ամենաանգույն փուլը”

Հոգեբան, նկարչուհի Լիլի Սամվելի աբստրակտ արվեստին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Սեպտեմբերի 5-ին “Տերյան” մշակութային կենտրոնում տեղի կունենա 23-ամյա նկարչուհու նոր ցուցահանդեսը, որը նախաձեռնել է իր ուսուցչուհու՝ աբստրակցիոնիստ Արմենուհի Մարտիրոսյանի համար: Ստացված ողջ հասույթն ուղղվելու է նրա առողջական խնդիրների լուծմանը: Լիլին մեզ հետ զրուցում պատմել է բարեգործական ցուցահանդես-վաճառքի, պետերբուրգյան կրթության եւ իր նպատակների մասին:

Լիլի Սամվելը


- Ինչպե՞ս որոշեցիր նախաձեռնել այս բարեգործական ցուցահանդեսը:


- Գաղափարը ծագեց, երբ դեռ Սանկտ Պետերբուրգում էի եւ իմացա ուսուցչուհուս առողջական վիճակի վատացման մասին։ Որոշեցի Հայաստան վերադառնալուն պես իմ փոքրիկ աջակցությունը ցուցաբերել մի մարդու, ով իր հերթին ժամանակին օգնեց ինձ հաղթահարել իմ կյանքի ամենաանգույն փուլը:

- Բարեգործությանը մասնակցել ցանկացողներն ի՞նչ աշխատանքներ կարող են գնել:

- Ցուցահանդեսին ներկայացված են լինելու իմ հեղինակային “ՇաԼի” կաշվե եւ փայտե զարդերը, որոնք համալրել եմ նոր տեսականիով, եւ նախորդ հավաքածուներից բացի, ներկայացված է լինելու ավելի քան 100 նոր զարդ, ինչպես նաեւ զարդատուփեր եւ շուրջ 20 կտավ։

- Ի՞նչ խորհուրդ ունի ցուցահանդեսի խորագիրը՝ “Վերցրու կյանքից գույներ, կյանք տուր գույներին”:

- Խորագրի իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդ, ով կգնի որեւէ աշխատանք, այդպիսով կվերցնի իմ աշխարհի գույներից եւ փոխարենն իր նվիրաբերությունն անելով, ներդրում կունենա, որպեսզի հավաքվի անհրաժեշտ գումարը, եւ իմ ուսուցչուհու առողջական խնդիրները կլուծվեն։ Այդպիսով, Արմենուհին, շարունակելով ստեղծագործել, կյանք կտա նոր գույների:)։

Լիլի Սամվելը


- Երեւանում արդեն 3-րդ անհատական ցուցահանդեսն ես ունենում, նաեւ այս տարվա մայիսին աշխատանքներդ ներկայացվել են Սանկտ Պետերբուրգում. կպատմե՞ս այնտեղ կայացած ցուցահանդեսի մասին:

- Պետերբուրգում ցուցահանդես անելու նպատակն այնտեղի արվեստասեր հանրությանն իմ ստեղծագործություններին ծանոթացնելն էր եւ երկուստեք շփումը, որը հաճելի հետք թողեց թե՛ իմ, թե՛ նրանց հոգում։ Ծանոթացա հետաքրքիր նկարիչների, արվեստաբանների ու կոլեկցիոներների հետ։ Հաճելի էր յուրաքանչյուր այցելուի հետ շփումն ու կարծիքների փոխանակումը։ Նման հանդիպումները կարեւոր են նաեւ կապերի ստեղծման համար, ինչի շնորհիվ հետագայում Հայաստանում հնարավոր կլինի միջազգային ցուցահանդեսներ ու մշակութային նախագծեր կազմակերպել։

- Բնակվելով եւ մագիստրոսական կրթություն ստանալով Սանկտ Պետերբուրգում՝ ինչի՞ց ես հիմնականում ոգեշնչվում:

- Պետերբուրգը հետաքրքիր, բազմամշակույթ ու արվեստով լի քաղաք է։ Ոգեշնչող է ամեն անգամ տարբեր թանգարաններ մտնելն ու անգամ փողոցներում ուղղակի զբոսնելը։ Բայց այդ ոգեշնչումն ավելի լավ արտահայտվում է հայրենիքում, գուցե նույնիսկ Հայաստանի օդից ու արեւից է։ “Մոխրագույն երկնքի” քաղաքում մուսաս ուշ-ուշ է գալիս, երեւի խիստ զբաղվածությունն էլ է իրենն անում։

-Որտե՞ղ ես վրձինն ավելի հաճախ ձեռքդ վերցնում` Երեւանում , թե Սանկտ-Պետերբուրգում:

- Երեւանում, ես կասեի՝ Հայաստանում։ Աշխարհի ոչ մի ձեռակերտ գեղեցկություն մեր բնության անձեռակերտ, վայրի ու նաեւ քնքուշ գեղեցկության չափ ինձ չի ոգեշնչում:

Լիլի Սամվելի աշխատանքներից


- Մեր նախորդ զրույցի ժամանակ պատմել էիր, որ Շուշիում ապրելու եւ արցախցի երեխաներին ուսուցանելու մտադրություն ունես: Ե՞րբ ես պատրաստվում գաղափարդ իրագործել:

- Շուշիում հենց այսօրվանից կսկսեի ապրել, բայց դեռ մեկ տարի ունեմ Պետերբուրգի պետական համալսարանի մագիստրատուրան ավարտելու համար։ Աստված առաջ՝ հաջորդ տարվանից կրթական ու մշակութային գաղափարներով, ծրագրերով կվերադառնամ հայրենիք։ Գուցե սկսեմ Երեւանից եւ շարունակեմ Շուշիում, Բերձորում կամ Հայաստանի այլ քաղաքներից մեկում իրագործել նպատակներս։

- Նախքան վերադարձդ հայրենիք առաջիկայում ինչո՞վ ես նախատեսում զբաղվել:

- Նպատակս մեկն է՝ սովորել եւ ձեռք բերել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինձ որպես մասնագետ, կլինի դա հոգեբանության, թե արվեստի բնագավառում: Վերադառնալով հայրենիք՝ ուզում եմ թեկուզ մազաչափ օգտակար լինել իմ հայրենակիցներին, ապրել ու արարել իմ սիրելի երկրում։

Հարցազրույցը՝ Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները՝  Լուսի Սարգսյանի եւ Լիլի Սամվելի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին