×


Լիլիթ Բլեյանի կապույտ երեկոն եւ փոքրիկ երկրպագուի «նկատողությունը»

Լիլիթ Բլեյանը երեկ «Գոյ» թատրոնում կապույտ երեկո էր կազմակերպել, իսկ առիթը նոր թողարկված «Կապույտը» ձայնասկավառակն էր։ Համերգ-շնորհանդեսին երաժիշտներ Տիգրան Տեր-Ստեփանյանի, Անժելա Սարգսյանի, Աշոտ Ոսկանյանի եւ Գեւորգ Մովսիսյանի նվագակցությամբ նա կատարել է իր հեղինակային երգերը։

Լիլիթ Բլեյանը


Լրագրող-երաժիշտն իր առաջին ու երկրորդ սկավառակները թողարկել է 2011-ի նոյեմբերին եւ 2013-ի նոյեմբերին: Կարծես, ավանդույթը չխախտելով` նա երկու տարի անց կրկին նոյեմբերին ներկայացնում է 3-րդ ալբոմը: 

Լիլիթ Բլեյանի համար երեկվա հանդիպումը սպասված էր.«Մոտ մեկ տարի Երեւանում ելույթ չէի ունեցել, պահանջ էր հասունացել, ես էլ որոշեցի համերգն ու շնորհանդեսը համատեղել։ Կան երգեր, որոնք առաջին անգամ եմ կատարում, եւ ցանկությունս մեկն է՝ երգերիս տրամադրությունը փոխանցել ներկաներին»,-BRAVՕ.am-ի հետ զրույցում հայտնել է հեղինակ-կատարողը:

«Չթողնես» երգը Լիլիթը նվիրել է իր ավագ ընկերոջ՝ օրեր առաջ կյանքից հեռացած Զորիկ Գալստյանի հիշատակին.«Մեզնից շատերը կորցրին առանձնահատուկ մի մարդու, որը մեր կյանքում իր տեղն ուներ։ Շատերը նույնիսկ նրան չէին տեսել, պարզապես «ֆեյսբուքով» հետեւում էին նրա գործունեությանը։ Այս երգը նվիրում եմ նրա հիշատակին եւ հատկապես այն պատճառով, որ սիրում էր հենց այս երգը։ Նույնիսկ ինձ երգեր էր ուղարկում, որ շարունակեմ իմ փոխադրությունները ֆրանսերենից։ Թող մեր սիրելի մարդիկ երկար ապրեն…»։

Լիլիթ Բլեյանը


«Կապույտը» սկավառակում ընդգրկված է 14 ստեղծագործություն: Ինչպես երաժիշտն է նշել, անվանումը պատահական չէ, քանի որ կապույտն իր սիրելի գույներից է եւ մի քանի երգի տեքստում կրկնվում է.«Այն ասոցացնում եմ ներքին հանգստության հետ։ Կապույտը հանդարտ գույն է, ամենասիրուն ու բարի գույնն է, որ մեր մեջ կարող է լինել»։

Երգերի թեմաները բազմազան են, վերնագրերն ավելի խոսուն են՝ «Օրորիր», «Կռիվ», «Կապույտ լուսին», «Կապույտը», «Steps on Water», «And I Want to», «La Luna», «Vampires» եւ այլն.«Սկավառակը ստեղծվել է Բրյուսելում՝ իմ լավ գործընկեր Տիգրան Տեր-Ստեփանյանի եւ իր երաժիշտների մասնակցությամբ»։

Լիլիթ Բլեյանը


Երգերը կատարելիս նա ներկայացնում էր իր խոհերն ու երգերի պատմությունները։ Դահլիճում փոքրիկ հանդիսականներից մեկն էլ բարձրաձայն արտահայտվել է՝ ասելով. «Լիլիթ, խոսելու ու փիլիսոփայելու փոխարեն քո երգը երգիր»։ Լիլիթն էլ հետաքրքրվել է, թե որ երգերն է ցանկանում իր կատարմամբ լսել.«Որն էլ երգես, ես սիրում եմ:)»։ Երաժիշտն էլ «ենթարկվելով» փոքրիկ երկրպագուի «հրամանին»` կատարել է հաջորդ երգը՝ «Մութ սենյակում»։

Համերգի ընթացքում Լիլիթը ներկայացրել է ինչպես նոր, այնպես էլ նախորդ սկավառակների երգերից, նաեւ գործեր, որոնք դեռ որեւէ CD-ում ներառված չեն։ Նա երեկոն սկսել ու ավարտել է սկավառակի առաջին՝ «Գլխապտույտ» երգով։
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին