×


Լիլիթ Կարապետյան.«Իմ առաջարկով է Դավիթն ամուսնացել»

Լիլիթ Կարապետյանն այսօր շնորհավորանքներ է ստանում ծննդյան 41-րդ  տարեդարձի կապակցությամբ: Երգչուհին BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում հետադարձ հայացք է ձգել անցած տարիներին եւ վերհիշել հուզիչ բազում պատմություններ: Նա անկեղծորեն պատմել է ցավալի կորուստների, ամիսներ շարունակ անգիտակից պառկելու, երգիչ Դավիթ Թուջարյանից բաժանվելու պատճառի մասին, թե երբ է արգելել որդուն շփվել հոր հետ եւ ինչպիսին են ապագայի պլանները:

Լիլիթ Կարապետյանը


«Դեռ ոչ մի նշան չկար, բայց գիտեի, որ հղի եմ»

Կանխազգալու շնորհ ունեմ. նույնիսկ մտերիմներս են իրենց երազներն ինձ պատմում, ես էլ լավ բաներն ասում եմ, իսկ վատերը` չէ: Դեռ որեւէ նշան չկար, որ մայրանալու եմ, երազ տեսա, արթնացա ու մայրիկիս ասացի` հղի եմ: Նա էլ նշեց, թե տատիկիս պես եմ. հայրիկիս մոր գրեթե բոլոր երազներն իրականանում էին: Գիտեի նաեւ, որ տղա եմ ունենալու, վստահ էի, որ նա Կարենն է ու Կարապետյան է: Ես գիտեի, որ եղբայրս` Կարենը, պետք է վերածնվի: Երազում էի, որ որդիս ծնվի հունիսի 1-ին, թեեւ, ըստ ժամկետի, պետք է լույս աշխարհ գար հունիսի վերջին: Այնքան էի փորիկս շոյում ու ասում` «Կար ջան, հունիսի 1-ին պետք է ծնվես», որ այդպես էլ եղավ: Կարծում եմ` բոլորն էլ կարող են իրենց էներգիայով նպաստել երազանքի կատարմանը:

«Ես եւ Դավիթը միասին էինք ապրում»


Երբ Կարենը ծնվեց, մեր ընտանիքը, կարելի է ասել, կազմավորված էր: Ամեն ինչ լավ էր իմ եւ Դավիթի հարաբերություններում, կար սեր, միասին էինք ապրում, չնայած` հարսանիք չէինք արել, որովհետեւ չգիտեի` այդքան շուտ երեխայի կսպասեմ:
Հղիությանս առաջին ամիսներն անցան, ես առողջական մեծ խնդիրներ ունեի, բայց որոշեցի մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ նկարահանում ունեի: Եթե այստեղ մնայի, Աստված չաներ, բայց գուցե Կարենս չծնվեր: Հասկացել եմ, որ իմ կյանքում ամենաճիշտ որոշումը եղել է որդուս ԱՄՆ-ում ունենալը: Չեմ ուզում թերագնահատել իմ հայրենիքը, բայց այս դեպքում նրան հնարավորություն եմ տվել որոշել, թե ապագայում որտեղ է ուզում ապրել, որտեղ է իրեն լավ զգում, ի վերջո, հենց այնտեղ եմ կարողացել նրան կյանք տալ: Այստեղ ասում էին, թե 75 տոկոսով որդիս չի ծնվի, իսկ 25 տոկոսն էլ Աստծո հույսն էր:

Լիլիթ Կարապետյանը


Դավիթն ինձ հետ չէր կարող ԱՄՆ գալ, քանի որ աշխատում էր, մայրն էլ վատառողջ էր,  ինքս էլ թույլ չէի տա, որ նրան թողներ: Անչափ ուշադիր զավակ էր` սիրող, գնահատող: Մեկնեցի ընկերուհուս մոտ, այդ ամիսների ընթացքում ավելի լավ հասկացա, որ իմ ընտրությունը մի քիչ այն չէ, փոշմանեցի, բայց եթե մի բան խոստանում եմ, կյանքի գնով էլ լինի, կատարում եմ, իսկ ես Դավիթին, նաեւ իր մայրիկին խոստացել էի, որ չեմ մնա ԱՄՆ-ում, ու միայն դա է ինձ Հայաստան հետ բերել:

«Պատճառը խանդն էր»

Վերադարձա խոստումս կատարելու, բայց ի վերջո հասկացա` եթե մարդիկ տարբեր են, չպետք է ստիպված միասին լինեն, եթե նույնիսկ երեխա կա: Ինչու ասել, թե երեխան ապրում է լիարժեք ընտանիքում, քանի որ մաման ու պապան միասին են, բայց տանն իրականում անառողջ մթնոլորտ է, որի պատճառն իրար չհասկանալն ու խանդն էր… Պետք է չերգեի, նստեի տանը, բայց չէի կարող կարիերայիս վրա խաչ քաշել. այնքան ջանք էի ներդրել: Անհնար էր` չաշխատեի. ես սիրում եմ երգել, իմ հանդիսատեսին, hագուստի հարցում էլ կարող եմ համարձակ լինել: Հասկացա, որ Կարենս պետք է միշտ ներկա լինի խանդի տեսարանների, անընդհատ պետք է սթրեսի մեջ լինեմ: Վերջիվերջո, պետք է կարողանալ գիտակցությամբ սաստել սրտին:

Իմ տղամարդը երբեք իրեն վատ չի զգա իմ կողքին` նվիրվող եմ, միասին ապրելու համար ստեղծում եմ հարմարավետ պայմաններ, բայց բեմում էլ արտիստ եմ, հետեւաբար, պետք է լինեմ համարձակ ու ցանկալի: Մասնագիտությունս ինձ թույլ է տալիս լավ զգալ այդ որակումներից:

Լիլիթ Կարապետյանը` որդու հետ


«Այդպես չէր կարող շարունակվել»

Վերջապես Դավիթն ինձ հասկացավ: Այդպես չէր կարող շարունակվել: Ապրի, որ որոշ ժամանակ անց ամուսնացավ: Ամենաճիշտ որոշումն էր. ես չէի կարող տալ այն ամենն, ինչի կարիքն ուներ: Իսկ նրան պետք էր մեկն, ով այս ասպարեզի հետ որեւէ կապ չէր չունենա: Ճիշտ որոշում է կայացրել: Այո, իմ առաջարկով է Դավիթն ուրիշի հետ ամուսնացել,  որովհետեւ անցյալն այլեւս հնարավոր չէր վերադարձնել:

«Երազում եմ կրկին մայրանալ»

Կարենը յուրահատուկ երեխա է, շրջապատում էլ ասում են, որ ոչ ոքի նման չէ` իր առավելություններով ու թերություններով: Մայրանալուց մեկ տարի հետո սկսեցի ակումբում աշխատել: Առաջին ելույթիս օրն ուր նայում էի, որդուս դեմքն էի տեսնում: Պատմել էի գործընկերներիս, եւ երբ Մայքլ Քոթանջյանի աղջիկը ծնվեց, նույնն իր հետ էր կատարվել:

Կարենի ծննդով իմ կյանքն իմաստավորվել է: Նա շատ է ուզում քույր կամ եղբայր ունենալ, որին կխնամի, կխաղա հետը: Անընդհատ այդ մասին է խոսում: Ցանկությունս մեծ է կրկին մայրանալ. երազանք է, չգիտեմ` կիրականանա, թե ոչ: Եթե Աստված կամենա, ուրախ կլինեմ, իսկ եթե` ոչ, կհամակերպվեմ:

Լիլիթ Կարապետյանը


«Որդիս ստիպված է ամեն տարի մեկնել ԱՄՆ  եւ վերադառնալ»

Բազմազբաղ առօրյայիս սովորել եմ: Մայրս ինձ շատ է օգնում, տանը երբեմն հյուրի կարգավիճակում եմ: Կարենը շատ ինքնուրույն, մարդասեր, մարդամոտ է: Որոշ խնդիրների պատճառով նա ստիպված է ամեն տարի մեկնել ԱՄՆ եւ մեկ-երկու ամիս մնալ ընկերուհուս մոտ: Ես լիազորագիր եմ ստորագրում, եւ մեկ տարեկանից նա մեծ մարդու պես միայնակ հատում է օվկիանոսը: Կարենս շատ է սիրում ընկերուհուս. այստեղ` մայրս, այնտեղ էլ նա է խնամում որդուս: Թող բոլոր երեխաներն առողջ լինեն: Երբ փոքրիկը խնդիր է ունենում, մի տեսակ կոտրվում ես: Բացի այդ, կուզեմ` մարդիկ լինեն բարի, երեխաներն էլ ապրեն խաղաղ երկնքի տակ, բոլոր կանայք մայրանան: Վատություն անողներն էլ պետք է միշտ մտածեն, որ անպայման պատասխան են տալու:

«Վերջին անգամ Կարենը հորը տեսել է…»

Նախկինում տղաս շփվում էր հոր հետ: Դավիթի մայրը ողջ էր ու շատ էր ուզում տեսնել թոռնիկին: Իրենց ընտանիքը պահողն ու պահպանողը մայրն էր` լուսահոգի Գայանե Աստվածատրյանը, որին ես էլ էի շատ սիրում, նա էլ` ինձ: Մենք կարծես ընկերուհիներ լինեինք. շատ ժամանակակից ու դրական կին էր: Վերջին անգամ Կարենս հորը տեսել է երկու տարի առաջ` 4-ամյակին, որից հետո իմ ու որդուս միջեւ խոսակցություն եղավ… Դեպք էր եղել, ու հասկացա, որ պետք է արգելեմ նրանց շփումը: Չեմ ուզում շատ բաներ բացահայտել, բայց որ ես ճիշտ եմ վարվել, հաստատ է: Վերջերս տղայիս ասացի` եթե իմանամ ուզում է տեսնել հայրիկին, բայց չի ասում, կնեղանամ: Կարենս բացասական պատասխան տվեց:

Կարենը սիրում է հորը, հիշում է նրան, հավանում է արտաքինը: Մի անգամ նույնիսկ ասաց` հայր է ուզում ունենալ: Երբ հարցրի, թե ինչպիսի, ասաց` «Դավիթի դեմքով, բայց ուրիշ պապա»:

Լիլիթ Կարապետյանը` որդու հետ


«Ամիսներ շարունակ շտապօգնություն ենք կանչել»

Ամենադժվարին պահերին նույնիսկ ես ամեն ինչ մոռանում եմ բեմի վրա: Բայց մի քանի տարի առաջ սթրեսային վիճակս հասավ գագաթնակետին: Ես այնպիսի կյանք եմ ապրել…  9 տարեկանում հայր եմ կորցրել, կորցրել եմ ընկեր, ում հետ պետք է կյանքս կապեի, դրանից մի քանի ամիս անց մահացել է եղբայրս: Այդ կորուստներից հետո անձնական կյանքում անհաջողությունը չէր կարող սթրեսի աղբյուր լինել, պարզապես ամենը կուտակվեց, եւ ամիսներ շարունակ շտապօգնություն էինք կանչում, ինձ ներարկում էին կատարում: Տեսնում էին սպիտակ խալաթներով բուժաշխատողներին եւ հասկանում` եկել են ինձ օգնելու: Ծանր նեւրոզ էր, որը հաղթահարեցի: 

«Ամուսնության առաջարկների պակաս չունեմ»

Իմ բախտը միշտ բերել է երկրպագուների հարցում: Կարծում եմ` որակներիս շնորհիվ է. ինձ հետ կարելի է ընտանիք կազմել: Բայց այլեւս իրավունք չունեմ սխալվելու: Ճիշտ է, այժմ իմ կյանքում կա մեկը, որի հետ հետ շփվում եմ, բայց ամեն ինչ դեռ անորոշ է: Առաջին հերթին կարեւորում եմ որդուս եւ ապագա ամուսնուս հարաբերությունները. ընտրյալս նրան պետք է ընդունի եւ սիրի հարազատի պես: Վստահ եմ` Կարենս էլ կփոխադարձի:

Շարունակելի... 

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Հին Պեկին» ռեստորանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW