×


Լիլիթ Մուրադյանն` իր նոր ֆոտոշարքի, ընտանեկան վեճերի եւ երջանկության մասին

“Նկարներում ես եմ, այնպիսին, ինչպիսին որ եմ ամեն օր”` այսպես ներկայացրեց Լիլիթ Մուրադյանն իր նոր ֆոտոշարքը: Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ում գաղափարով են իրականացրել լուսանկարահանումը, ինչպես է ընթանում ամուսնական կյանքը, նաեւ ներկայացրել է երջանկության իր բանաձեւը:

Լիլիթ Մուրադյանը


-Նոր ֆոտոշարքի գաղափարն ու՞մն էր, ինչպե՞ս որոշեցիք իրականացնել այն:

-Գաղափարն ավելի շատ ամուսնունս էր: Վերջին շրջանում նրա ամբողջ ուշադրությունն իմ նկատմամբ է: Փորձում է անել ամեն ինչ, որ լինեմ ակտիվ, ինչի համար անսահման շնորհակալ եմ իրեն։ Լուսանկարիչը Խանդութ Պարույրյանն է, ով քաղաքից փոքր-ինչ հեռու հարմար վայր էր ընտրել ֆոտոշարքի համար: Դիմահարդարը Գոհար Պարույրյանն է, ով հաշված րոպեների ընթացքում ապահովեց դիմահարդարումը:

-Ի՞նչ կերպարներ եք փորձել ներկայացնել:

-Որպես այդպիսին, չենք փորձել արտառոց կերպարներ ստեղծել. նկարներում ես եմ, այնպիսին, ինչպիսին որ եմ ամեն օր:

-Այն հայտնիներից եք, ովքեր հաճախ են թարմացնում իրենց լուսանկարները սոցիալական ցանցում: Լուսանկարվելը Ձեզ համար տարե՞րք է, թե՞ հոբբի:

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը


- Միգուցե հաճախ եմ նկարներ տեղադրում համացանցում, սակայն դրանք իմ առօրյայից են։ Լուսանկարվելը ո՛չ հոբբի է եւ ոչ էլ տարերք: Շատերն իրենց ամեն մի քայլն են նկարում եւ տեղադրում: Ես, կարծես, այդ ճանապարհով չեմ գնում:

-Որքանո՞վ եք հետեւում նորաձեւությանը եւ ի՞նչ տեղ ունի այն Ձեր կյանքում:

-Միշտ եմ հետեւում նորաձեւությանը, բայց ոչ միշտ եմ փորձում փորձարկել ինձ վրա: Ես ունեմ իմ ոճը եւ այդ ոճում էլ փորձում եմ լինել նորաձեւ: Ոճային լինելը չպետք է լինի ինքնանպատակ: Այն չպետք է ինչ-որ կերպ ազդի քեզ վրա` որպես անհատի:

-Երբեւէ մտածե՞լ եք նորաձեւության թեմայով հաղորդում վարելու մասին:

-Մտածել եմ, անգամ եղել են նկարահանումներ, բայց ես ինձ այլ ձեւաչափում եմ տեսնում: Բավական են մարդիկ, ովքեր սիրում են խոսել նորաձեւության մասին:

Լիլիթ Մուրադյանը


-Շուտով կլրանա Ձեր եւ հաղորդավար Վահե Խանամիրյանի ամուսնության մեկամյակը: Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ընտանիքը:

-Նորաստեղծ ընտանիք:

-Այն զույգերից եք, որոնց միավորել է նույն աշխատանքն ու աշխատավայրը: Որքանո՞վ հեշտ եւ դժվար է միասին աշխատելը:

-Ե՛վ հեշտ է, եւ՛ դժվար: Լինում է, երբ օգնում ենք իրար, լինում է` խանգարում ենք:

-Ընտանեկան երջանկությունը Ձեր պատկերացմամբ: Ի՞նչն է պակասում Լիլիթ Մուրադյանին լիակատար երջանկության համար, եթե, իհարկե, պակասում է:

-Ամեն մարդ ունի երջանկության մասին իր պատկերացումը եւ ընկալումը: Երջանկությունը չի գալիս եւ մնում, այն մեր կյանքի ամենաթանկ եւ հիշարժան պահերն է: Եթե ինձ խնդրեն, որ պատմեմ մեր ընտանեկան վեճերի մասին, ապա հավատացեք, դրանք շատ են, սակայն, եթե հարցնեք` երջանիկ եմ, թե ոչ, ապա միանգամից կասեմ`այո՛: Եթե ունենայի հազար կյանք, ապա հազարն էլ կուզեի ապրել նրա հետ եւ նրա կողքին: Ուզում ես լինել երջանիկ, եղի՛ր, ոչ ոք քեզ չի օգնելու: Ես երջանիկ եմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին