×


Լիկան, Ժաննան, Դավիթը, Տաթեւիկը եւ Արսենը` հետսերիալային փուլում

 “Արմենիա” հեռուստաընկերության “Հարազատ թշնամի” սերիալի վերջին սերիան ցուցադրվեց օրեր առաջ: Երկու տարի շարունակ հեռուստադիտողի առօրյայի մի մասը դարձած սերիալի դերասանները BRAVO.am-ին պատմել են իրենց առաջիկա անելիքների մասին:

Դավիթ Թադեւոսյանը եւ Լիկա Սալմանյանը


Դավիթ Թադեւոսյանը հնարավոր է մեկնի արտերկիր


Շատ շնորհակալ եմ խաղընկերներիս եւ սերիալի ողջ անձնակազմին եւս մեկ մեծ աշխատանք ավարտին հասցնելու համար: Կերպարիս եւ իմ խաղի մասին միայն դրական արձագանքներ եմ լսել: Եթե նախորդ սերիալների հերոսներիս նույնացնում էին անձիս հետ, հիմա արեն նման դեպքերը քիչ են: Առաջ, երբ ոստիկանի էի մարմնավորում, հաճախ էին դիմում հանցագործությունների բացահայտման համար, իսկ վերջին շրջանում մեկ-երկու դեպք կարող եմ հիշել, երբ փողոցում ինձ Սպո անունով էին դիմում: Երկու տարի նկարահանվելով սերիալում` հանգստանալու հնարավորություն չեմ ունեցել: Անկեղծ ասած, դադարի շրջանում եւս չեմ կարողանա հանգստանալ, որովհետեւ մեծ նախագծեր կան, որոնց վրա աշխատանքներ են տարվում: Սպասվող նորության համար գուցե որոշ ժամանակ բացակայեմ երկրից:

Լիկա Սալմանյանը կմեկնի Ուկրաինա

Այս սերիալն ինձ շատ բան տվեց. գլխավոր կերպարս, որպես այդպիսին, առաջինն էր: Շուրջ երկու տարի նկարահանվելով` պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատելու փորձ եւ հնարավորություն ունեցա: Իմ խաղի եւ կերպարի մասին ավելի շատ գովեստի խոսքեր եմ լսել, քննադատություններ եւս եղել են, որոնց նորմալ եմ վերաբերվում: Սերիալի ավարտից հետո կցանկանայի մի որոշ ժամանակ հանգստանալ: Պատրաստվում եմ մեկնել Ուկրաինա` մայրիկիս մոտ: Հետագայում, եթե հետաքրքրող առաջարկներ լինեն, կվերադառնամ:

Ժաննա Բուտուլյանը


Ժաննա Բուտուլյանը կփորձի դուրս գալ Ժենիի կերպարից

Նկարահանվեցի մեկ տարի: Առաջին իսկ օրվանից սիրել եմ թե՛ կերպարս, թե՛ գործընկերներիս: Նոր խաղընկերների հետ աշխատելով` միշտ նոր բան եմ սովորում: Մեծ հաճույք եմ ստանում սովորելու եւ ինքս ինձ շտկելու գործընթացից: Առայժմ նոր ծրագրեր չկան, դեռեւս “32 թատրոն”-ում եմ: Միգուցե մի փոքր դադար լինի, որպեսզի Ժենիի զուսպ, մի փոքր խիստ, բայց ռոմանտիկ կերպարից դուրս գամ:

Անուշկա Մարգարյանը


Անուշկա Մարգարյանի առաջին լուրջ քայլը

Մի քանի օր է, ինչ ավարտվել է սերիալը, բայց արդեն իսկ կարոտում եմ հերոսիս ու նկարահանման հրապարակը: Այն իմ կարիերայում առաջին լուրջ քայլն էր: Կերպարիս եւ խաղիս վերաբերող քննադատություններ եղել են: Սկզբնական շրջանում բնական էր, քանի որ նոր էի այս ոլորտում, բայց հետագայում, կարծում եմ, կարողացա շտկել սխալներս: Նոր առաջարկներ դեռեւս չկան, բացի այդ, ժամանակ է պետք կերպարից դուրս գալու համար:

Տաթեւիկ Ադումյանը չի հրաժարվի գայթակղիչ առաջարկից

Որոշակի դադարի ցանկություն ունեմ, քանի որ արդեն 6-7 տարի է` էկրաններին եմ: Կարծում եմ` կստացվի հանգստանալը, եթե, իհարկե, այնպիսի գայթակղիչ առաջարկ չլինի, որից չեմ կարողանա հրաժարվել: Եթե հաջորդ առաջարկը հետաքրքիր լինի, չկրկնվող ու նախկին կերպարներից տարբեր, գուցե ընդունեմ: Ցանկություն ունեմ արտերկրում մասնակցել մասնագիտական դասընթացների:

Տաթեւիկ Ադումյանը եւ Լիկա Սալմանյանը


Արսեն Լեւոնյանը 2 ամիս կհանգստանա


Թե՛ սերիալում, թե՛ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու նոր առաջարկներ շատ կան, սակայն որոշել եմ 1-2 ամիս հանգստանալ: Հեռուստադիտողը կտեսնի ինձ եթերում, բայց միայն որոշ ժամանակ անց. հոգնել եմ եւ հանգստի կարիք ունեմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ դերասանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին