×


Լիսաբոն. Դեղին քաղաքը՝ BRAVO.am-ի թղթակցի նոթերում

Դեղին, արեւոտ ու պայծառ քաղաք Լիսաբոնը տարվա բոլոր եղանակներին լի է զբոսաշրջիկներով: Այսօր արդեն դժվար է պատկերացնել, որ երբեմնի հարուստ այս թագավորական քաղաքը 1755 թվականին տեղի ունեցած երկրաշարժի եւ հրդեհի պատճառով գրեթե լիովին ոչնչացվել էր: Զոհերի քանակը, տարբեր աղբյուրների համաձայն, հասնում էր 60-ից 80 հազարի: Լիսաբոնը ողբի մեջ էր, եւ միայն Պոմբալ թագավորի ձեռնարկած վերակառուցման աշխատանքները նոր շունչ տվեցին մոխրացած քաղաքին: Այսօր հին լիսաբոնյան հետքերը կարելի է դեռ տեսնել հանրահայտ Ալֆամա կոչվող թաղամասում, որտեղ հասնելու համար պետք է պատրաստ լինել վերուվար լինող անվերջ ճանապարհներին:

Լիսաբոնը


Առհասարակ, Լիսաբոն այցելելուց առաջ հիշեք, որ այն կառուցված է յոթ բլուրների վրա, եւ զբոսանքն այս քաղաքում միանշանակ պահանջում է մարզական լավ պատրաստվածություն: Իհարկե, փրկության են գալիս դեղին տրամվայներն ու վերելակները: Ի դեպ, վերջիններս ստեղծված են մի թաղամասից մյուսը տեղափոխվելու համար եւ առօրյայում օգտագործվում են ոչ այնքան մայրաքաղաքի հյուրերի, որքան բնակիչների կողմից: Իհարկե, անհնար է այցելել Լիսաբոն եւ գեթ մեկ անգամ պտույտ չանել համար 28 դեղին տրամվայով, նույնիսկ եթե այն օրվա գրեթե բոլոր ժամերին լեփ-լեցուն է: Բանն այն է, որ վերջինս անցնում է մայրաքաղաքի բոլոր պատմական թաղամասերով` Ալֆամա, Բաիշա, Չիադո, եւ տալիս  քաղաքի ընդհանուր հիանալի պատկերացում:

Լիսաբոնը


Փողոցներն այնքան նեղ են, որ զբոսաշրջիկները փորձում են քայլել մեկ գիծ կազմած եւ հնարավորինս մոտ պատերին: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե երեւանյան Կոնդ թաղամասի նեղ եւ քարուքանդ փողոցներով անցներ տրամվայ. կլիներ մոտավորապես նույն տեսարանը, ինչ լիսաբոնյան Ալֆամա թաղամասում է: Ժամանակակից ճարտարապետության սիրահարներին սպասում է Ազգերի զբոսայգին, որը հյուրընկալել էր 1998 թվականի համաշխարհային ցուցահանդեսը: Մոդեռն շինություններ, քանդակներ եւ հսկայական ցայտաղբյուրներ՝ այս ամենը բացահայտում է ֆուտուրիստական Լիսաբոնը: Մայրաքաղաքի բնակիչների եւ, իհարկե, հայազգի հյուրերի մեծագույն հպարտությունն է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը: Այն այս տարի նշում է ստեղծման 60-ամյակը` ներկայացնելով Գյուլբենկյանի հարուստ հավաքածուի կարեւորագույն արվեստանմուշները:

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը


Յուրաքանչյուր քաղաք այցելելիս հարկավոր է համտեսել տեղական ուտեստները: Դեղին քաղաքի այցեքարտն է փեչից նոր հանած, դարչինով կամ շաքարափոշիով պատված «pastéis de nata» կոչվող քաղցրավենիքը: Այն լավագույնս մատուցվում է Բելեմ թաղամասի հինավուրց սրճարանում, որը 1837 թվականից ի վեր գաղտնի է պահում խմորեղենի պատրաստման բաղադրատոմսը: Բայց կարծում եմ, մեր երեւանյան Պոնչիկանոցն անձնական ճանապարհներով կարողացել է բացահայտել այդ հանրահայտ բաղադրատոմսի գաղտնիքը, քանզի «pastéis de nata»-ն անմիջապես հիշեցնում է երեւանյան տաք պոնչիկների քաղցր համը:

Լիսաբոնը


Երեկոները Լիսաբոնում ավարտվում են Ֆադոյի գեղեցիկ, զգացմունքային եւ տխուր ելեւէջների ներքո, իսկ լույսը բացվելուն պես մայրաքաղաքի նեղ փողոցներում կրկին լսվում են դեղին տրամվայի մոտեցող ձայները:

Լիլիթ Սոխակյան, Լիսաբոն, 2016թ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին