×


Լորի Լա Արմենիա.«Երեւանում ուրիշ հուզմունքով պարեցի»

Փարիզում ապրող ֆլամենկո պարուհի Լորի Լա Արմենիան հայ հանդիսատեսին ներկայացրել է ավանդական ֆլամենկոյի շունչը: Լորի Բաղդասարյանը նոյեմբերի 19-ին իր իսպանացի եւ գնչու երաժիշտների նվագակցությամբ մենահամերգով է հանդես եկել «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ 

Լորի Լա Արմենիայի երեւանյան համերգին


«Deem Communications» ընկերության հրավերով պարուհու հետ Հայաստան էին ժամանել վոկալիստներ Մելչիոր Կամպոսը եւ Բաստիան դե Խերեսը, կիթառահար Դանիել Բարբա Մորենոն, դաշնակահար Ռաֆայել Պրադալը եւ հարավածային գործիքներ նվագող Դանիել Տորեսը։ Լորին ու երաժիշտները ելույթ են ունեցել ֆլամենկոյի տարբեր ոճերում՝ դահլիճը լցնելով իսպանական ռիթմերով, եւ հանդիսատեսին տեղափոխել ֆլամենկոյի ծննդավայր՝ Անդալուսիա:

Սկսելով պարել ֆլամենկո 12 տարեկանում՝ Լորին ընտրել է ֆլամենկոյի բուլերիա ոճը: Ծնվելով Ֆրանսիայում՝ նա 18 տարեկանում տեղափոխվել է Իսպանիա, ապա 10 տարի ապրել է Խերեսի ու Սեւիլյայի իսպանական գնչուների հետ: 2014 թվականին ճանաչվել է լավագույն պարուհի Ֆրանսիայի Նիմ քաղաքում ֆլամենկոյի բուլերիա ոճի կատարողների մրցույթում:  

Լորի Լա Արմենիայի երեւանյան համերգին


Համերգի երկրորդ հատվածում ֆլամենկոյի ելեւէջներից ու կրունկների հարվածներից ծնված ռիթմին միախառնվել էին հայկական դուդուկի հնչյունները. երաժիշտներին միացել է դուդուկահար Արա Մկոյանը, իսկ պարուհին հայկական պար է ներկայացրել.«Հայկական համարս ընդգրկել եմ իմ հիմնական ծրագրում: Այն առաջին անգամ պարեցի ֆլամենկոյի լավագույն փառատոնի ժամանակ. ամեն մարդ կհիշի հենց դուդուկի ձայնը։ Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հայերը ջերմ ընդունեցին, չափից ավելի լավ էր, հոյակապ, իսկապես այստեղ ուրիշ հուզմունքով պարեցի», - համերգից հետո Լորին իր տպավորություններով կիսվել է BRAVO.am-ի հետ։

Ֆրանսահայ պարուհին ելույթ է ունեցել աշխարհի հայտնի բեմերում.«Տասը տարուց ավելի պարում եմ խմբիս հետ, ելույթ եմ ունեցել Երեւանում, բայց առաջին մեծ մենահամերգս է Հայաստանում։ Ուրախ եմ, որ կարողանում եմ միշտ գալ հայրենիք»։

Լորի Լա Արմենիայի երեւանյան համերգին


Լորին Հայաստանում էր երեք օրով, համերգից առաջ երաժիշտների հետ հասցրել է լինել Խոր Վիրապում.«Կարողացանք Արարատը մոտիկից տեսնել: Ափսոս, որ ժամանակը քիչ է։ Ես Երեւանում մոտիկ ընկերներ ունեմ՝ «Լոս-Լոկոս» խմբի երաժիշտներ Հակոբը, Տիգրանը, Աշոտը, Անին։ Պարուհի Լարիսա Մեհրաբյանի հետ միշտ պարապում եմ. քանի որ հայկական պարի պրոֆեսիոնալ չեմ, նրանից սովորում եմ։ Շնորհակալ եմ այսպիսի լավ ընդունելության համար։ Երբ համերգները լավ են անցնում, վերջում քեֆ ենք անում, եթե ոչ՝ գնում ենք տուն։ Այս համերգից հետո անպայման պիտի քեֆ անենք, նոր միայն մեկնենք:)»,-ասել է պարուհին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին