×


Լուիզա Ղամբարյան.«Ուզում եմ երկրորդ երեխան ունենալ, բայց...»

Լուիզա Ղամբարյանն օրերս դստեր հետ լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, որն ամառային հաճելի տրամադրություն է փոխանցում այսօրվա մռայլ եղանակին: Հետաքրքիր է ստացվել նաեւ դերասանուհու հետ մեր զրույցը:

Լուիզա Ղամբարյանը


Դրամատիկական թատրոնի դերասանուհու եւ բժիշկ Գեորգի Պողոսյանի դուստրը` Գաբրիելան, 11 տարեկան է: Լուիզան ուրախությամբ փաստում է, որ վերջին շրջանի  զբաղվածությունն իրեն թույլ է տալիս երեխայի հետ շատ ժամանակ անցկացնել.«Եթե առաջ իմ եւ դստերս շփումը կենսական անհրաժեշտություն էր` պետք է խնամեի, կերակրեի, ապա այժմ մեր հարաբերությունները փոխվել են, սկսել ենք շփվել ինչպես ընկերներ, ունենք ընդհանուր հետաքրքրություններ, փոքրիկ գաղտնիքներ»:

Գաբին դպրոցին զուգահեռ լողի, պարի եւ անգլերենի խմբակներ է հաճախում: Լուիզան վստահ է, որ աղջնակը կընտրի արվեստի ճանապարհը.«Արվեստի թրթիռ ունի, մեծ երեւակայություն, ստեղծագործ միտք, որը կարող է դրսեւորվել մեկ նկարելով, մեկ հայելու առաջ երգելով, մեկ դերասանական ինչ-որ փորձով: Վստահ եմ` Գաբին ընտրելու է արվեստը, իսկ եթե նա որոշի դերասանուհի դառնալ, կօգնեմ եւ ուրախ կլինեմ»:

Լուիզա Ղամբարյանը` դստեր հետ


Դերասանուհու խոսքով` ամուսինն էլ վստահ է, որ դուստրն արվեստագետ է լինելու. «Նա հաստատապես չի ցանկանում, որ Գաբին բժշկությունն ընտրի: Աղջիկս սիրում է ստեղծագործել. գրում է բանաստեղծություններ, սցենարներ: Մեզ համար կարեւորն այն է, որ մասնագիտության ընտրության հարցում մեր երեխային ճիշտ ուղղորդենք: Եվ ի վերջո, ինչ էլ դառնա, կարեւորը լավ մասնագետ լինելն է»: 

Լուիզան մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, թե մեծ ցանկություն ունի, որ Գաբին արտերկրում ուսում ստանա, այսօր էլ մտադրությունը չի փոխել.«Բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, թե որքան դժվար կլինի ինձ համար նրանից հեռու լինելը: Չգիտեմ` ճիշտ է արդյոք հանուն կրթության երեխային կտրել կարեւոր արժեքներից՝ ընտանիք, հայրենիք: Հետո մտածում եմ՝ աղջիկ է, կարեւորը` բախտավոր լինի. թող անձնական երջանկություն գտնի իր երկրում: Բայց, իհարկե, կարեւորում եմ նաեւ, որ երեխաս ունենա մեծ բազային գիտելիքներ, որոնք հետագայում կծառայեն իրեն»: 

Դերասանուհու ամենասիրելի զբաղմունքը դստեր հետ զրույցներն են.«Մենք ունենք ընտանեկան փոքրիկ ավանդույթներ, ունենք քաղաքի մեր նախընտրելի վայրերը, որտեղ սիրում ենք զբոսնել: Սիրում եմ իմ աղջկան գրկել եւ խոսել դպրոցից, դասարանից, ընկերներից, աղջիկներից, տղաներից, մասնագիտությունից, հայրենիքից, գերդաստանից: Հաճույք եմ ստանում մեր զրույցներից: Հիմա նա այն տարիքում է, երբ կարող եմ դեռ սովորեցնել, հետո կգա մի ժամանակ, երբ այլ կլինեն նրա հետաքրքրությունների շրջանակները, այդ իսկ պատճառով ցանկանում եմ առավելագույնս շփվել դստերս հետ»:

Լուիզա Ղամբարյանը


Գաբին ժառանգել է մայրիկի բնավորության մի շարք գծեր.«Այ, օրինակ, աղջկական թիթիզություն ունի, բայց դա արտահայտվում է միայն նեղ շրջապատում, իսկ ես իմ թիթիզությունը գիտակցաբար չեմ թաքցնում:)»:

Թեեւ առաջնեկն արդեն 11 տարեկան է, երկրորդ բալիկի մասին Լուիզան առայժմ միայն մտածում է.«Գաբին շատ է ցանկանում քույրիկ ունենալ, ես եւս շատ եմ սիրում, երբ տանը շատ երեխաներ են լինում: Միշտ ասում եմ` գոնե երկու երեխա պետք է ունենալ, բայց դեռ մտածում եմ: Ժամանակը ցույց կտա»:

Ամուսինների տարիքային մեծ տարբերության մասին շատ է խոսվել: Դերասանուհին միշտ շեշտում է, որ դա իրենց ընտանիքում երբեւէ խոչընդոտներ չի առաջացրել. «Մենք ունենք միասին ապրած երկար կյանք, տա Աստված, այդ տարիները տասնապատկվեն: Վստահ կարող եմ ասել, որ մեր մեջ խանդ չկա: Գիտեմ, որ նա ինձ շատ սիրում է, իսկ խանդի պատճառ չի եղել: Երկուսս էլ մասնագիտական կողմին վերաբերվում ենք շատ հանգիստ: Խանդն ինձ եւս խորթ է»:

Լուիզա Ղամբարյանը` դստեր հետ


Լուիզան այս շրջանում զբաղված է Արցախյան պատերազմի մասին ներկայացման փորձերով, որի պրեմիերան նախատեսված է հուլիսի 23-ին` Պարոնյանի անվան թատրոնում.«Խաղում են Լեւոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը, Ռոբերտ Հարությունյանը, որը նաեւ սցենարի հեղինակն է, եւ ես: Ներկայացումը մեծ ասելիք ունի` ազատամարտի ժամանակ տեղի ունեցած հետաքրքիր պատմությունների մասին է»: 

Դերասանուհին իր ապագան տեսնում է միմիայն հայրենիքում: Թեեւ շահավետ գործնական առաջարկներ հաճախ է ստանում արտերկրից, բայց մերժում է.«Ես շատ եմ կապված իմ երկրի, ընտանիքի հետ: Որպես քաղաքացի, որքան էլ բարկանում եմ՝ տեսնելով շատուշատ խնդիրներ, բայց միեւնույն ժամանակ հավատում եմ իմ երկրի լավ ապագային: Այո, կան մարդիկ, հատկապես երիտասարդության մասին է խոսքս, որ շատ սիրում են մեր երկիրը եւ պատրաստ են ամեն քայլի` հօգուտ լավ ապագայի: Հիշեցի Սահյանի խոսքերը` «Ախր ուրիշ տեղ սեփական հոգին սեփական մոխրում խորովել չկա, ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ…»»:

Ի դեպ, Լուիզա Ղամբարյանը շուտով հանդես կգա նոր հեռուստանախագծում, որին բացառիկ անդրադարձը եւս կվստահի BRAVO.am-ին:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW