×


Լուիզա Ներսիսյանի դիտարկումներն ու “Իմ փոքրիկ փեսացուն” ֆիլմի պրեմիերայի կարեւոր մյուս դրվագները

“Իմ փոքրիկ փեսացուն”. այսպես է կոչվում հայկական արտադրության նոր ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր` “Մոսկվա” կինոթատրոնի կարմիր դահլիճում: Առաջին ցուցադրությանը ներկա էին ֆիլմի անձնակազմը, նրանց հարազատներն ու գործընկերները:

Լիլիթ Թոխատյանը, Արսեն Հակոբյանը եւ Տաթեւիկ Պողոսյանը


Ֆիլմում նկարահանվել են Բեն Ավետիսյանը, Աննա Մանուչարյանը, Դիանա Գրիգորյանը, Գայանե Ավետիսյանը, Արփինե Իսրայելյանը, Արսեն Հակոբյանը, Արմեն Մարգարյանը, Արթուր Պետրոսյանը, Արթուր Կարապետյանը, Լիա Զախարյանը, Լիդուշիկը, Լիլիթ Թոխատյանը, Արեգ Գալոյանը, Տաթեւիկ Պողոսյանը, Կարո Քարաջյանը, Լորանդ Դեմիրճյանը, Վարդան Արզումանյանը եւ ուրիշներ։

“Իմ փոքրիկ փեսացուն”-ն ստեղծվել է “Սեպուհյան հոլդինգ”-ի կողմից, որի հիմնադիր Սարգիս Սեպուհյանը ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր ռեժիսորն է: Նրա առաջին` “Խաղ իմ կանոններով”  ֆիլմն էկրան է բարձրացել այս տարվա մարտին: “Իմ փոքրիկ փեսացուն” կատակերգության բեմադրող ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, սցենարիստը` Անուշ Պետրոսյանը,  օպերատորը՝ Արթուր Նազարյանը։ Նկարահանումը տեղի է ունեցել այս ամռանը` շուրջ մեկ ամսվա ընթացքում:

Տաթեւիկ Պողոսյանը եւ Գայանե Ավետիսյանը


Ֆիլմը հիմնված է այն գաղափարի վրա, որ երազանքներին հավատալու դեպքում դրանք կարող են իրականություն դառնալ, ինչպես հերոսներն են մի պահ երազում մանկություն վերադառնալ, եւ այդպես էլ լինում է:

Գլխավոր դերակատարներից մեկը` Բեն Ավետիսյանը, առաջին անգամ է նկարահանվել ֆիլմում.“Այսօր առաջին անգամ էինք դիտում, ինձ դուր եկավ: Փոքրիկ դերասանները նման էին մեզ, մենք էլ փորձում էինք իրենց նմանվել: Ընթացքում իմպրովիզներ էինք անում ու փոփոխում գրված սցենարը”:

Սերիալներում նկարահանված երիտասարդ դերասանուհի Դիանա Գրիգորյանը եւս առաջին անգամ է խաղացել գեղարվեստական լիամետրաժ ֆիլմում.“Սովորեցինք մանրակրկիտ աշխատել այս ձեւաչափում եւ մի քանի ամիս սպասել` տեսնելու արդյունքը: Կարեւորը` բարի ու թեթեւ ֆիլմ է, կարող են ընտանիքով գալ նայելու: Չկա ընդգծված գլխավոր կերպար, շատ կարեւոր էր խմբակային աշխատանքը”:

Գայանե Ավետիսյանը, Աննա Մանուչարյանը եւ Արփինե Իսրայելյանը


Փոքրիկ դերակատարները` Լիդուշիկը, Լիլիթը եւ Տաթեւը, BRAVO.am-ի հետ զրույցում ժպիտով են հիշել նկարահանման օրերը.“Ռեստորանում սեղանին դրված ամբողջ ուտելիքը մենք ենք կերել, որովհետեւ շատ սոված էինք:): Երբ առաջին կադրն էինք նկարում, “այո” ասելու փոխարեն պատասխանեցի` “ալո”, բոլորով երկու ժամ ծիծաղում էինք: Ուտելուց հետո ասում էինք` էլի բերեք, բայց իմ ուտելիքը ինձ դուր չէր եկել: Իսկ մեր շուն Անդոն Մանկական երկաթուղում սիրահարվել էր մի շնիկի, անընդհատ վազում էր նրա ետեւից: Նկարահանման ժամանակ շատ ենք զվարճացել”, - պատմել է Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի դուստրը:

Երեխաները պատմել են չարաճճի շնիկի մասին, որի իրական անունը հենց Անդո է.“Դիլիջանում շատ հետաքրքիր պատմություններ եղան, երեխաներից մեկը մեքենայից ընկավ, իսկ շան պատճառով չէինք կարողանում նկարվել: Նա ճանկռել էր տղաների ոտքերը, շատ չար էր իրեն պահում”,-նշել է Տաթեւիկը, իսկ Լիդուշիկը հավելել է, որ իր ցանկություններից մեկն է եղել ուժերը փորձել որպես դերասանուհի. “Կան տեսարաններ, որոնք դիտելով հիշում եմ նկարահանման ընթացքն ու ծիծաղում: Երեխաների հետ հասցրել ենք մտերմանալ, նկարահանման ավարտից հետո էլ շարունակում ենք շփվել”:

Արսեն Հակոբյանը, Լիա Զախարյանը եւ Բեն Ավետիսյանը


Լուիզա Ներսիսյանը եւս ներկա էր առաջին ցուցադրությանը: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ դստեր խաղին մասնագիտական խորհուրդներով չի միջամտել եւ գրեթե չի հասցրել նրա հետ նկարահանումների գնալ.“Քանի որ այդ ժամանակահատվածում ես էլ նկարվում էի “Սկոտչ եւ վիսկի” ֆիլմում, ֆիզիկապես չէի հասցնում ներկա լինել, բայց խրախուսում էի: Տեսնում էի, որ երեխաների հետ մտերմացել է եւ բարձր տրամադրությամբ է տուն վերադառնում: Լսելով դահլիճում ներկա երեխաների քրքջոցը` հասկացա, որ նրանց համար ծիծաղելի դրվագներ կան: Դրական ֆիլմ է, իսկ Լիլիթի խաղը վատ չէր: Ես իրեն գովելու եւ ոգեւորելու եմ, բայց դա չի նշանակում, որ թերությունները չեմ ասելու: Դա կանեմ նուրբ ձեւով, որ չբարդույթավորվի”:

Շուրջ 1 ժամ 30 րոպե տեւողությամբ ընտանեկան կատակերգությունն այսօրվանից ցուցադրվում է մայրաքաղաքի կինոթատրոններում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին