×


Լուիզան, Մխիթարը, Հասմիկը, Անդոն, Անին՝ Կամերայինի օրացույցում

Երեւանի Կամերային թատրոնն Ամանորի առթիվ պատրաստել է նոր ֆոտոշարք՝ այն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին։ Լուսանկարիչ Արվին Քոչարյանը նկարահանումն անցկացրել է թատրոնում, յուրաքանչյուր լուսանկար խորհրդանշում է ներկայացումներից մեկը. դերասանների կերպարներն ու դետալները կհուշեն, թե որ բեմադրությունն է։

Ռաֆայել Երանոսյանը


12 լուսանկար, 12 դերասան՝ այս ֆոտոշարքով պատրաստվել է 2017 թվականի օրացույց, էջերին են Լուիզա Ներսիսյանը, Վահե Զիրոյանը, Նոննա Գրիգորյանը, Անի Լուպեն, Էվա Խաչատրյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Հասմիկ Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ այլք։

2017-ը՝ պրեմիերաներով լի


Կամերային թատրոնի բեմադրիչներ Լուսինե Երնջակյանը, Արշո Հարությունյանն ու լուսանկարիչ Արվին Քոչարյանը միասին են կերպարանափոխել դերասաններին։ Լուսինեն BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օրացույցը կնվիրեն իրենց մտերիմներին ու գործընկերներին՝ որպես Նոր տարվա շնորհավորանք.«Նաեւ նախատեսում ենք խաղարկություն անել եւ ներկայացումների ժամանակ նվիրել հանդիսատեսին»։

Լուսինեի խոսքով՝ թատրոնի համար անցնող տարին պասիվ էր նորությունների առումով.«Լավ շամպայնի պես կուտակվել է, 2017-ին, լավ իմաստով, կպայթի։ Մեր ուժերը կենտրոնացրել ենք 3 նոր ներկայացման ու գեղարվեստական ֆիլմի վրա։ Մեկ ներկայացումը դասական հայտնի գործ է՝ անսովոր մեր թատրոնի համար, եւ կմեկնաբանենք մեր ոճով, բացի այդ, կլինի նոր շոու-ներկայացում եւ սիրային մելոդրամա»։

Հասմիկ Դանիելյանը


Հասմիկ Դանիելյանը՝  օդանավակայանից ուղիղ թատրոն

Հասմիկն օրացույցում ներկայացնում է հունվարը, կերպարը «Կառավարական համերգ» ներկայացումից է.«Հայաստանում չէի եւ մյուս դերասաններից առանձին եմ նկարվել։ Լուսինեն անգամ թույլ չտվեց օդանավակայանից տուն հասնել. միանգամից գնացի թատրոն:): Շատ հոգնած էի, ինձ թվում էր՝ լավ լուսանկար չի ստացվի, բայց արդյունքը հավանեցի։ Օրացույցներն արդեն փակցված են թատրոնի տարբեր սենյակներում, կարելի է հասկանալ՝ ով է վերջինը մտել այդ սենյակ, որովհետեւ մտնելիս մեր նկարն ենք փոխում, այդպես իմանալով՝ ով որտեղ է եղել:)»։

Դերասանուհին զբաղված է նաեւ «Շոու N3» «Սիրո Խոստովանություն», «Ի զեն», «Ալբանիա+» ներկայացումներում.«Այս օրերին փորձերի ենք, որ տարեսկզբին առաջին պրեմիերան հանձնենք հանդիսատեսի դատին։ Ես միայն թատրոնում եմ աշխատում, հեռուստաեթերում դեռեւս չի եղել իմ սրտով առաջարկ»։
 

Էվա Խաչատրյանը


Էվա Խաչատրյանը՝ սկոտչերով փաթաթված

««Սկոտչ & վիսկի» ներկայացման մեջ սիրուհու դերում եմ, բայց որոշ ժամանակով այն խաղացանկում չէ։ Ինձ սկոտչով փաթաթել են, հետաքրքիր է ստացվել։ Մենք հաճախ ենք ունենում թեմատիկ ֆոտոշարքեր, բայց մեր առաջին օրացույցն է։ Նկատել եմ, որ դերասանները կատակով փոխում են իրենց նկարը, բայց ես չեմ փորձել իմ ամիսը դնել»,-նշել է Էվան:

Դերասանուհին եւս ընդգրկված է նոր ներկայացման կազմում, իսկ տարեմուտը կդիմավորի աշխատանքային մթնոլորտում.«Առաջին անգամ Ամանորին որպես հանդիսավար ներկայանալու եմ ռեստորաններից մեկում, բայց, առհասարակ, շատ եմ միջոցառումներ վարել»։

Անի Լուպեն


Ո՞ւմ նկարն է հավանում Արվին Քոչարյանը
 
Արվին Քոչարյանն ուղիղ տասը տարի լուսանկարում է թատրոնի դերասաններին. «Քանի որ բազմիցս նկարել եմ ներկայացումների վահանակները, որոշեցինք այս անգամ յուրաքանչյուր ամիսը նվիրել մեկ ներկայացմանը։ Դերասաններին հավասար ժամանակ ենք տրամադրել. երբ տեսնում էի՝ իմ ուզած կադրը ստացվում է, անցնում էինք հաջորդ դերասանին։ Շատ եմ սիրում Լուիզայի, Գրիշայի, Անիի նկարները, բոլորին ստեղծագործաբար ենք մոտեցել»։

BRAVO.am-ն առաջարկում է գուշակել, թե մյուս դերասանները որ ներկայացման կերպարում են՝ պատասխանը գրելով մեկնաբանությունների  հատվածում:

BRAVO.am   
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին