×


“Լույս` առանց աչքերի” եւ “Հոգեվարք” ֆիլմերի պրեմիերան` “Օրդֆիլմ”-ի 5-ամյակին

25-ից ավելի փաստագրական ֆիլմ, ավելի քան 40 սոցիալիական եւ տեղեկատվական հոլովակ, 3 հեռուստանախագիծ, 1 խաղարկային ֆիլմ եւ այլ ձեռքբերումներ ունի հինգ տարի առաջ հիմնադրված “Օրդֆիլմ” ֆիլմարտադրող ընկերությունը: Երեկ “Մոսկվա” կինոթատրոնի կապույտ դահլիճում հիմնադիրները գործընկերների հետ տոնել են հնգամյակը` այն նշանավորելով կարճամետրաժ երկու ֆիլմի պրեմիերաներով:

“Օրդֆիլմ”-ի հիմնադիր-տնօրեն Հայկ Օրդյանը


“Օրդֆիլմ”-ի հիմնադիր-տնօրեն Հայկ Օրդյանը հայտնել է, որ կինոընկերությունը ստեղծելիս տարբեր դժվարություններ են եղել, սակայն այսօր կարողանում են համագործակցել արտերկրյա հեղինակավոր ընկերությունների հետ.“Այս տարիները մեզ համար եղել են մաքառման տարիներ, այսօր ուղղակի ցանկանում եմ, որ ոչ միայն “Օրդֆիլմ”-ը գոյատեւի եւ զարգանա, այլեւ մյուս կինոընկերությունները, որոնք հանդիսատեսին կհրամցնեն լավ ու հետաքրքիր ֆիլմեր: Վստահ եմ, որ ավելի լավ ֆիլմեր ենք նկարելու, չենք գնացել կոմերցիայի ետեւից, չենք ցանկացել միանգամից հարստանալ”:

Սարգիս Գրիգորյանը


Հոբելյանական երեկոյի ընթացքում “Օրդֆիլմ”-ը ներկայացրել է “Լույս` առանց աչքերի” 25 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը, որը պատմում է տեսողությունից զրկված Նաիրայի եւ իր փոքրիկ դստեր` Նատալիի առօրյայի, լավատեսության եւ դժվարությունները մեծ հավատով հաղթահարելու մասին: Երկրորդը արտագաղթի խնդրի մասին “Հոգեվարք” խաղարկային ֆիլմն էր, որի գլխավոր դերերում նկարահանվել են ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը: Այս ֆիլմը “Golden Eye” միջազգային օպերատորական մրցույթում ընդգրկվել է լավագույն եռյակում:

Միջոցառման հանդիսավար Սարգիս Գրիգորյանը հյուրերին առաջարկել է սպիտակ պաստառի վրա թողնել իրենց ձեռքերի հետքը եւ հավելել, որ ի սկզբանե “Օրդֆիլմ”-ն իր առջեւ նպատակ էր դրել կրթել սերունդ.“Երիտասարդներն այսօր արդեն հստակ քայլերով մտնում են կինո եւ հեռուստատեսության դաշտ` նկարահանելով հետաքրքիր նախագծեր”:

Կադր "Լույս` առանց աչքերի" վավերագրական ֆիլմից


Միջոցառման ընթացքում շնորհակալագրեր եւ 5-ամյակի հուշամեդալ են շնորհվել “Օրդֆիլմ”-ի կայացման գործում մասնագիտական նշանակալի ներդրում ունեցած մարդկանց, այդ թվում` ռեժիսոր Արա Շիրինյանին, Միքայել Ահարոնյանին, Հովհաննես Գրիգորյանին, Հայկ Մարկոսյանին, Արտակ Դոխոլյանին, Լեւոն Նիկոլյանին, Տիգրան Սիրունյանին, Դավիթ Դավթյանին, Սրապիոն Հունանյանին, Նաիրա Փայտյանին, Աբրահամ Գասպարյանին, Գեւորգ Գալստյանին եւ այլոց, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին