×


Լուսին Վարդանյան. «Մեր աղջկա ինքնավստահ խաղից ապշել էի»

Դերասաններ Վահագն Խաչատրյանին, Լուսին Վարդանյանին ու նրանց դստերը՝ Ռուզաննային BRAVO.am-ը լուսանկարել է Սիրահարների այգում։ Երիտասարդ ընտանիքին սկզբում հանդիպեցինք դիմահարդարման սրահում, մինչ դերասանուհին դիմահարդարվում էր, փոքրիկն ակտիվ շփվում էր, փորձում ինքնուրույն հարդարվել ու սպասում էր ֆոտոշարքի ընթացքին եւ նույնիսկ խանդում էր, երբ ծնողներին առանց իրեն են լուսանկարվում։

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ


Սիրահարների այգին զույգի կյանքում առանցքային վայրերից մեկն է, հենց այստեղ է տեղի ունեցել նրանց հարսանեկան  ֆոտոշարքը, որը 2013 թվականին լուսանկարել է BRAVO.am-ը. «Երբ ես ու Վահագնը դեռեւս ընկերություն էինք անում, այս այգում հաճախ էինք լինում։ Տեսնելով լուսանկարվող հարս ու փեսաների՝ պլանավորում էինք, որ մենք էլ այստեղ կնկարվենք, կամ, տեսնելով մանկասայլակով զբոսնող մայրիկների, ասում էի՝ երբ բալիկ ունենանք, միասին կբերենք: Այս այգու հետ կապված մեր պլաններն իրականություն են դարձել: Երեւանի ամենասիրուն վայրերից է, կուզենայինք, որ նմանատիպ այգիները մեր քաղաքում ավելանան»։
 
Դրամատիկական թատրոնի դերասանուհին այս շրջանում նկարահանվում է Միացյալ Նահանգներում ցուցադրվող «Artn Shant» հեռուստաընկերության  «Ճակատագիր» սերիալում, որի պրոդյուսերն Արթուր Ապրեսովն է: Վերջերս նաեւ նկարահանվել է «Մեղրամիս» սերիալում, Հանրայինի «Կյանքը շարունակվում է» նախագծում։ Դերասան-ամուսինները միասին դեռեւս չեն նկարահանվել, միայն թատրոնում՝ դիպլոմային աշխատանքի բեմադրության մեջ են միասին խաղացել. «Ռեժիսորներից մեկը մեզ միասին նկարվելու առաջարկ վերջերս արեց, որը, հավանաբար, աշնանը կիրականացվի։ Հիմա արձակուրդային շրջան է, Դրամատիկականում փորձերը կվերսկսենք սեպտեմբերից։ Երիտասարդ խմբով փորձարարական բեմադրություն ենք անելու, կարծում եմ՝ նոր թատերաշրջանում կմտնի խաղացանկ»։

Լուսին Վարդանյանը


Վահագնը այս շրջանում չի նկարահանվում, աշխատում է բուքմեյքերական ոլորտում, իր այժմյան աշխատանքից գոհ է, սակայն համապատասխան առաջարկի դեպքում իր մասնագիտությանը վերադառնալու մտադրություն ունի։

Ծանրաբեռնված աշխատանքից հետո ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի. «Ողջ տարին աշխատել ենք, հիմա լիարժեք արձակուրդի կարիք ունենք։ Ընտրել ենք Վրաստանը՝ Բաթումին, մեր աղջիկն առաջին անգամ մեզ հետ կլինի։ Նախորդ անգամ նրան չէինք տարել, որի պատճառով անհանգիստ էի։ Որոշեցի, որ առանց նրա այլեւս չեմ մեկնի», - պատմում է Լուսինը։

Ռուզաննան շուտով կդառնա 4 տարեկան, հաճախում է մանկապարտեզ, նաեւ թատերական խմբակ. «Դաստիարակները հոգատար ու սրտացավ են, երեխան հաճույքով է գնում, բայց, քանի որ իր սիրելի դաստիարակը հիմա արձակուրդում է, հրաժարվում է գնալ։ Երբեմն տանում եմ մայրիկիս հիմնած երաժշտական թատրոն, որտեղ նաեւ ես եմ առաջին քայլերս արել։ Նա դիտում է փորձերը, նույնիսկ մեկ անգամ հանպատրաստից իր կամքով բեմ բարձրացավ, փոխարինելով բացակա երեխաներից մեկին։ Համազգային թատրոնի բեմում «Մկնիկ հարսնացուն» ներկայացման մկներից մեկն էր, կողքից նայելով՝ այնպես էր ֆիքսել մանրուքները, որ առանց փորձ անելու հինգ րոպե տեւողությամբ տեսարանը խաղաց։ Ես ապշել էի, որովհետեւ այնքան ինքնավստահ էր խաղում, կարծես 10-րդ անգամ էր կրկնում»։

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ


Փոքրիկի հանդիսականները տանն ընտանիքի անդամներն են։ Լուսինը նկատել է, որ բացի դերեր մարմնավորելուց՝ բեմադրելու ջիղ ունի. «Եթե մեզ ներգրավում է իր խաղի մեջ, ինքն է հորինում երկխոսությունները։ Երբ ընկերների հետ էլ խաղում է, առանց բարդույթների ուզում է միշտ գլխավոր դերում լինել։ Լիդերի հատկանիշեր ունի, կարծում եմ՝ ավելի շատ նման է Վահագնին։ Ես սիրում այդ հատկանիշը, բայց երեխային միշտ ասում եմ՝ երբեք ոչ ոքի չվնասես, առաջ գնա, քո կարողությունները ցույց տուր, բայց առանց կողքիններին վնասելու»։

Լուսինը դստերը պատկերացնում է բեմում, սակայն Վահագնը այնքան էլ չի ցանկանում, որ աղջնակն իրենց մասնագիտութունն ընտրի. «Իմանալով Ռուզիկի խառնվածքն ու տեսնելով մեծ սերը դեպի բեմը՝ վստահ եմ՝ արվեստի մարդ է լինելու, այդ բնությունն իսկապես ունի։ Ամուսինս էլ դեմ է, հիմնավորելով, որ Հայաստանում դժվար է այս մասնագիտությամբ վաստակել։ Ռուզիկը շուտով պարի կհաճախի, ուզում եմ հատկապես դասական ու հայկական ժողովրդական պարերի հիմքով կրթվի։ Քանի դեռ մեր աղջիկը չէր ծնվել, նրան հենց այսպիսին էի պատկերացում, ինչպես նախագծել էի, առայժմ այդպես էլ մեծանում է»։

BRAVO.am   
Լուսանկարները` Վիկտոր Զատիկյանի/BRAVO.am/
Լուսինի դիմահարդարումը՝ Աննա Նահապետյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին