×


Լուսինե Արշակյան.“ Ամուսնիս ինձ երբեք էկլերիկ կամ համովիկս չի ասում:)”

“Տնփեսա” սիթքոմում Անուշավան պապիկը նրան դիմում է փաղաքշական ամենատարբեր բառերով, նրան հիմնականում տեսնում ենք խոհանոցում ուտեստներ պատրաստելիս, իսկ նկարահանման հրապարակից դուրս Սիլվայի կերպարն անհետանում է Լուսինե Արշակյանի կյանքից:): BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ընտանիքի, եղբայրների կատակների եւ դեռեւս չիրականացած երազանքի մասին:

Մկրտիչ Արզումանյանը եւ Լուսինե Արշակյանը


Ընտանիքում, թերեւս, միայն մայրս էր ուրախ դերասանուհի դառնալու որոշմանս համար, իսկ 4 եղբայրս դեմ էին: Այնուամենայնիվ, ընդունվեցի Թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական բաժին` իրականացնելով իմ եւ մայրիկիս երազանքը:

2000 թվականից աշխատում եմ  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:  Խաղացել եմ “Խաթաբալա”, “Բալզամինովի ամուսնությունը”, “Շառլ Ազնավուր եւ Պիաֆ”, “Պաղդասար ախպար” եւ այլ ներկայացումներում, “Նախաճաշ երկուսի համար” , “Խնկարկում” գեղարվեստական եւ “Ինչ էլ որ լինի” փաստագրական ֆիլմերում, “Կյանքի գինը” սերիալում, “Տաքսի Նեմա” սիթքոմում եւ այլն: Հիմա զբաղված եմ Գուրգեն Խանջյանի “Էսպես մինչեւ ե՞րբ” կատակերգությունում:

Դերասանը պետք է կարողանա ինչպես դրամատիկական, այնպես էլ կատակերգական դերեր կերտել: Անվերջանալի թվացող սերիալային լացուկոծից հոգնել էի, եւ երբ զանգահարեցին “Արմենիա” հեռուստաընկերությունից ու ասացին, որ հրավիրում են խաղալ “Տնփեսա” սիթքոմում, անմիջապես համաձայնեցի եւ չեմ զղջում:

Լուսինե Արշակյանը` որդու հետ


Հեռուստատեսությունն, իսկապես, լայն ճանաչում է բերում դերասանին, սակայն հայտնի լինելն ինձ համար վերջին պլանում է: Առաջին հերթին ձգտում եմ իմ խաղով գոհացնել հանդիսատեսին ու հեռուստադիտողին:

Որպես հայ քրիստոնյա, ամեն առավոտ աղոթքով օրս հանձնում եմ Աստծուն, հետո ամեն բան ընթանում է իր հունով:

Ամուսինս` Արսեն Գրիգորյանը, նույնպես դերասան է, խաղում է “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնում, զուգահեռ նկարահանվում է “Ընտանեկան պատմություններ” հեռուստանախագծում:

Երկու դերասան մեկ հարկի տակ չեմ կարող ասել, թե ինչպես են ապրում, համենայն դեպս, չենք դժգոհում:): Դերիս հետ կապված խանդի տեսարաններ երբեմն լինում են, բայց դա բնական երեւույթ է:

Լուսինե Արշակյանի ամուսինը` դերասան Արսեն Գրիգորյանը եւ որդին


Տղաս` Զորայրը, հինգ տարեկան է եւ աշխատանքիս վերաբերվում է շատ համբերատար: Մեծ հաճույքով է դիտում սիթքոմը, երբեմն էլ գալիս է նկարահանման հրապարակ:

Սիլվան ընդամենը կերպար է. եթե դերասանն ամեն դերից մի բան վերցնի եւ օգտագործի առօրյայում, ապա կկորցնի ինքն իրեն:

Անուշավան պապիկի փաղաքշական դիմելաձեւերին միշտ վերաբերվել եւ շարունակում եմ վերաբերվել հումորով: Հումորը շատ կարեւոր տեղ ունի նաեւ մեր ընտանիքում: Հետաքրքիր է, բայց ամուսնիս երբեք “էկլերիկ”, “համովիկս”,  անուններով չի դիմում, սակայն շրջապատում մտերիմներս հաճախ են “իիիֆֆֆ”-ով ողջունում, երբեմն էլ Սիլվա են ասում:

Լուսինե Արշակյանը


Եղբայրներս Սիլվայի ամենաջերմ երկրպագուներն են: Երբ հավաքվում ենք, հյուրերի մոտ հաճախ հպարտանում են, թե սուրճը Սիլվան է պատրաստել:):

Երեւի քչերը գիտեն, որ նաեւ երգում եմ:  Երգի հանդեպ սերը ժառանգել եմ մայրիկիցս: Շատ լավ ձայն ունի, սակայն ծնողները չեն ցանկացել, որ արվեստի ուղին ընտրի: Ունեմ հեղինակային երգ, տեսահոլովակներ եւ բազմաթիվ ձայնագրություններ, երբեմն մասնակցում եմ համերգների: Գուցե մեկ օր էլ ձայնասկավառակ թողարկելու երազանքս իրականացնեմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լուսինե Արշակյանի անձնական արխիվից եւ VP Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին