×


Լուսինե Գրիգորյան.“Մերկ կանանցից բացի, տղամարդու մարմին եմ նկարել, բայց…”

Մասնագիտությամբ գեղանկարչուհի Լուսինե Գրիգորյանը վերջին մեկ տարին վրձինը փոխարինել է ֆոտոխցիկով եւ լուսանկարում է այն ամենն, ինչն իրեն գեղեցիկ ու հետաքրքիր է թվում` փորձելով հերոսներին դուրս հանել կաղապարներից: Նա իր 22-ամյակը նշանավորել է առաջին անհատական ֆոտոցուցահանդեսով եւ տարեդարձի օրը “Ալբերտ եւ Թովե Բոյաջյան” ցուցասրահում ներկաների հետ նշել “Նախաշունչ” խորագիրը կրող “նոր սկիզբը”:):

Գեղանկարչուհի, լուսանկարիչ Լուսինե Գրիգորյանը


Ներկայացված 42 լուսանկարում հիմնականում գեղեցիկ սեռն է` նուրբ դիմագծեր ու մերկ մարմիններ: Թե ինչու են աղջիկները գերակշռում, Լուսինեն հստակ պատասխան չունի.“Երեւի իրար ավելի լավ ենք հասկանում: Ես ավելի բնականության կողմնակից եմ, ընտրում եմ “բնավորությամբ” աղջիկների, իսկ սիրունությունը հարաբերական է: Նաեւ լուսանկարում եմ փոքրիկ երեխաների, բայց ցուցահանդեսին այդ շարքը չեմ ներկայացրել”,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

Լուսինե Գրիգորյանի առաջին անհատական ցուցահանդեսին


Սկզբում լուսանկարել է միջատներին, հետո անցում է կատարել մարդկանց, իսկ լուսանկարչության գաղտնիքները փորձում է ինքնուրույն բացահայտել. “Հատուկ դասընթացների չեմ գնացել, որովհետեւ կադրը պետք է ներքուստ զգաս, իսկ ինքնուս լինելն ավելի հաճելի է: Գեղանկարչությունն այս հարցում ինձ շատ է օգնում: Հիմա ավելի շատ տարված եմ այս ոլորտով, բայց մասնագիտությունս էլ սիրում եմ, որոշ ժամանակ հետո կրկին կնկարեմ, հիմա պարզապես մի քիչ երկրորդ պլան է մղվել”:

Լուսինե Գրիգորյանի աշխատանքներից


Դիմանկարներից բացի, Լուսինեն սիրում է “նյու”-ն. փնտրում է համարձակ աղջիկների, որոնք կհամաձայնեն իր ֆոտոօբյեկտիվի առջեւ մերկանալ.“Օրինակ` ինձ մտերիմ մի աղջկա տանն էի, տեսա հին դաշնամուրը, որն ուզում էի անպայման ֆիքսել: Նրան առաջարկեցի մերկանալ ու պառկել վրան, այդպես չպլանավորված “նյու” լուսանկար ունեցա: Փորձել եմ նաեւ տղամարդու մարմին նկարել, բայց մեր երկրում համարձակության ու մտածելակերպի խնդիրն է, որ չեմ հրապարակում”:

Լուսինե Գրիգորյանի աշխատանքներից


Լուսանկարիչն իր աշխատանքներին ուղղված յուրաքանչյուր տեսակետ կարեւորում է. “Նկարներին անուններ չեմ տալիս, դրանք կարող են տարբեր մարդկանց մեջ տարբեր էմոցիաներ առաջացնել. պարտադիր չէ զգան այն, ինչ ես եմ զգացել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Լուսինե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին