×


Լուսինե Մարտիրոսյանն` իր եւ Հայկոյի նոր համագործակցության մասին

Հայկոն իր վոկալ-ստուդիայի սաներից Դիանա Առուստամյանի հետ ապրիլին կներկայացնի նոր զուգերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: “Հիշիր” երգի երաժշտությունը գրել ու գործիքավորել է երգիչը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է:

Հակոբ Կարանֆիլյանը, Հայկոն եւ Լուսինե Մարտիրոսյանը


Օրերս տեղի են ունեցել տեսահոլովակի նկարահանումները: Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը BRAVO.am-ին պատմել է, որ սյուժեն կառուցել է Ցեղասպանությունը վերապրած հայ տղայի հուշերի հիման վրա.“Երբ երաժշտությունը լսեցի, պատկերացրի սցենարը: Այդ պատմությունը կարդացել էի ու դաջվել էր հիշողությանս մեջ: Մի երեխայի մասին է, որը մոր հետ գաղթել է, սակայն մայրը ճանապարհին մահացել է: Տեսահոլովակում կներկայացվի, թե ինչպես է 8-ամյա տղան փրկվել` իր մոտ պահելով միակ հուշը` իր գերդաստանի լուսանկարը:  Նկարահանումների որոշ մասն իրականացրել ենք Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի եւ անմար կրակի մոտ, որի ընթացքում մեզ շատ օգնեց թանգարանի անձնակազմը”:

“Հիշիր” տեսահոլովակի օպերատորը Հակոբ Կարանֆիլյանն է, նկարիչը` Լիդա Գեւորգյանը: Նկարահանվել են դերասաններ Քնարիկ Զաքարյանը, Արտաշես Շահվերդյանը եւ փոքրիկ Վահագնը.“Տղայի դերակատարի համար փորձել եմ պատանի շատ դերասանների, որոնք հայտնի են ֆիլմերից ու սերիալներից, բայց քասթինգն անցավ Վահագն անունով տղան, որը Հայկոյի վոկալ-ստուդիայի սաներից է: Ինքնաքննադատ եմ, բայց սա այն եզակի գործերից է, որ դեռ չավարտած գոհ եմ թիմի աշխատանքից: Այն ավելի շատ նման կլինի կարժամետրաժ ֆիլմի”:

Դիանա Առուստամյանը եւ Հայկոն


Լուսինե Մարտիրոսյանը Հայկոյի հետ համագործակցում է երրորդ անգամ, նաեւ մեկ տեսահոլովակ է նկարել Դիանա Առուստամյանի համար. “Դիանան խոստումնալից ապագայով երիտասարդ երգչուհի է, ամենակարեւորը`  համեստ ու բարի: Նա զուգերգ է կատարել նաեւ Մհերի հետ: Մոնտաժային սենյակում խոսակցության ընթացքում ծնվեց այս զուգերգի գաղափարը: Շուտով եւս մեկ տեսահոլովակ կնկարահանեմ Հայկոյի սաների մասնակցությամբ` “Արմենիա” երգի հիման վրա: Հայկոյի հետ մտերիմ ենք, նա գիտի՝ եթե ֆիլմ նկարահանեմ, սաունդթրեքը վստահելու եմ իրեն. նրա երաժշտությունից ես ոգեշնչվում եմ”:

“Հիշիր” երգի տեսահոլովակի նկարահանումներին


Զրույցի վերջում ռեժիսորը նշել է, որ նպատակ ունի Հայոց ցեղասպանության մասին նկարահանել գեղարվեստական ֆիլմ.“Այս թեմային պարբերաբար անդրադառնում եմ դեռ իմ առաջին տեսահոլովակից: Եղեռնի մասին մանկուց լսեմ եմ Արեւելյան Հայաստան գաղթած տատիկիցս. իմ արյան մեջ հոսում են տատիկիս հիշողությունները: Քանի դեռ կամ, անդրադառնալու եմ այս թեմային: Քանի դեռ հիշում ենք, ուրեմն ապրում ենք”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Լուսինե Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին