×


Լուսինե Քոչարյանը՝ «Ուկրաինայի ձայն»-ի, Ջամալայի հուզմունքի եւ առաջիկա անակնկալի մասին

«Ուկրաինայի ձայնը 7» նախագծի մասնակից Լուսինե Քոչարյանի՝ «Սարերի հովին մեռնեմ» ժողովրդական երգի կատարումը դիպավ ինչպես ժյուրիի, այնպես էլ հայ եւ օտարազգի հանդիսատեսի սրտերին: Կիեւում բնակվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է մրցույթին մասնակցության եւ առաջիկա նորությունների մասին։

Լուսինե Քոչարյանը


Լուսինեն ծնողների հետ Հայաստանից Ուկրաինա է տեղափոխվել 6 տարեկանում եւ արդեն 17 տարի ապրում է այնտեղ.«Առաջին դասարան հաճախել եմ հայրենիքում։ Երբեմն վերադառնում եմ… Վերջին անգամ այցելել եմ երկու տարի առաջ»։

Նա մասնակցել է «Ուկրաինայի տաղանդները» մրցույթին, 2013-ին էլ ուժերն է փորձել «Հայաստանի ձայնը 2» նախագծում՝ ընդգրկվելով Հայկոյի թիմում, «Նոկաուտ» փուլում պարտվել է Վիգեն Ահարոնյանին.«Այդ օրը հիվանդ էի, իսկապես վատ երգեցի, ամեն ինչ արդար էր»,-պատմել է Լուսինեն։

«Ուկրաինայի ձայն»-ի «Կույր լսումներ»-ի փուլում երգչուհուն նվագակցել է Ուկրաինայում հայտնի դուդուկահար Արմեն Կոստանդյանը.«Նա մեր մաեստրոն է եւ սիրված է ոչ միայն հայերի կողմից: Ճանաչված է այստեղի շոու-բիզնեսում։ Վաղուց ենք միմյանց ճանաչում, ուրախ էի, որ ինձ հետ բեմում էր»։

Նրա ելույթի ժամանակ պտտվել են երգչուհիներ Ջամալան ու Թինա Կարոլը. «Հայկական երգն իմ ընտրությունն էր, ուրախ եմ, որ կազմակերպիչները դեմ չէին։ Այդ պահին ժյուրիի մասին չէի մտածում, ամբողջովին այս պատասխանատու երգի մեջ էի, որ փոխանցեմ իմ հույզերը։ Երբ ավարտին տեսա Ջամալայի արցունքները, ես էլ հուզվեցի, որովհետեւ կատարելիս վերապրել էի երգը։ Չգիտեմ, թե ինչու հենց Ջամալային ընտրեցի. այդ րոպեին սիրտս այդպես թելադրեց, զգացինք իրար, հայկական արմատների համար չեմ ընտրել:)»:

Լուսինե Քոչարյանը

Լուսինե Քոչարյանը


23-ամյա Լուսինեն իրեն մրցութային երգչուհի չի համարում.««Ուկրաինայի ձայն»-ին վաղուց ուզում էի մասնակցել, չնայած՝ կարծում էի հայաստանյան մրցույթը վերջինը կլինի: Ինձ համար մրցելը դժվար է, հիմա որոշել եմ վերջին անգամ ուժերս փորձել: Իհարկե, ուրախ կլինեմ ներկայացնել իմ ասելիքն ու երգերը, բայց նպատակս հաղթելու համար պայքարը չէ»։

BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ հետեւում է համացանցի հայկական տիրույթում իրեն ուղղված կարծիքներին.«Այդ ջերմ արձագանքն ինձ համար մեծ աջակցություն է, գնահատում եմ հայրենակիցներիս լավ վերաբերմունքը։ Փորձում եմ բոլոր նամակներին պատասխանել, կարդում ու ամեն անգամ ժպտում եմ»:

«Ուկրաինայի ձայնը 7»-ի հայ մասնակիցը մեզ հետ զրույցում առաջին անգամ բարձրաձայնել է, որ այժմ ձայնագրում է հեղինակային նոր ալբոմ, որն ամբողջովին հայերեն է.«Երգերը ստեղծում ենք երաժիշտ-ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանի եւ խմբի մյուս երաժիշտների հետ։ Նա ճանաչված չէ, բայց նրա մասին հայերը դեռ կլսեն։ Նրա կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնին։ Շուտով կթողարկենք մեր հոգու երաժշտությունը, անհամբեր սպասում եմ արձագանքին։ Հնարավոր է՝ շնորհանդեսը կայանա Երեւանում»։

BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Քոչարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին