×


Լուվրի բուրգն «անհետացել է»

Աշխարհի ամենահայտնի տուրիստական ուղղություններից է Փարիզը, իսկ մայրաքաղաքի ամենաայցելվող վայրերից մեկը` Լուվրը:  Տարեկան միլիոնավոր մարդ նկարվում է թանգարանի հանրահայտ ապակյա բուրգի առջեւ: Սակայն այս տարվա ամառային սեզոնը մեկնարկեց տարօրինակ եւ զբոսաշրջիկների համար ոչ շատ ցանկալի տեսքով: Նախ, ավելի քան մեկ ամիս մայրաքաղաքը զուրկ մնաց արեւի ճառագայթներից, փոխարենը խոնավագույն քամի էր եւ անդադար անձրեւներ, ինչի պատճառով վրդովվեց եւ վարարեց Սենան, ինչի հետեւանքով փակվեցին «Լուվր» եւ «Օրսեյ» թանգարանները:


Համբերատար զբոսաշրջիկները թանգարանների բացվելուն պես նետվեցին լուսանկարվելու բուրգի ֆոնին... սակայն պարզվեց` այն անհետացել է: Պատճառը կրկին այդ անհասկանալի եւ տարօրինակ ժամանակակից արվեստն է: Փարիզում է ապրում JR անվամբ արվեստագետ, որի մտահղացմամբ բուրգը պատվել է հսկայական սեւ-սպիտակ լուսանկարով: Այն պատկերում է Լուվրի շինության այն հատվածը, որը բուրգն իր տեղադրության պատճառով ծածկում է:


Միտքը շատ հետաքրքիր է, որոշ առումով` նաեւ քննադատական: Այդպիսով արվեստագետը հիշեցնում է ժամանակին մայրաքաղաքը հեղեղած քննարկումները եւ քաղաքացիների դժգոհությունները: Պահպանողական ֆրանսիացիները դեմ էին պատմական նման կարեւորագույն վայրում այդ ապակյա ժամանակակից շինության տեղադրմանը: Բայց ժամանակի ընթացքում բոլոր կրքերը հանդարտվում են, իսկ բուրգը դառնում է քաղաքի անբաժան, նույնիսկ խորհրդանշական մասնիկը:


Շուտով JR-ի «արվեստանմուշը» կապամոնտաժվի, եւ երջանիկ տուրիստները ճիշտ անկյան լուսանկարի շնորհիվ կրկին կհասնեն ապակյա բուրգի այն ցանկալի գագաթին:

Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` հեղինակի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին