×


Խորեն Լեւոնյան.«Մենք կարողացանք դա անել»

«Աղ ու հաց»` այսպես է կոչվում աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակի մոտիվներով նոր ֆիլմը, որի դերակատարներն են Խորեն, Արսեն Լեւոնյանները եւ Սամվել Սեւադան: Երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախագիծն իրականացնելիս իրեն ոգեշնչել է «Ռեինկարնացիա» խմբի «Աղ ու հաց» երգը, որը կհնչի ֆիլմում.«Այն ինձ շատ հոգեհարազատ է: Շնորհակալ եմ Ռոլանդին երգը մեզ նվիրելու համար»:

Արսեն Լեւոնյանը, Սամվել Սեւադան եւ Խորեն Լեւոնյանը` «Աղ ու հաց» ֆիլմի նկարահանումներին


Մոտ 40 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանվել է մոսկովյան “Look Film” ընկերության նոր նախագծի  շրջանակում. «Ինձնից բացի, 6 ռեժիսոր եւս ստեղծել է կարճամետրաժ ֆիլմ` տարբեր առակների հիման վրա: «Աղ ու հաց»-ը ներկայացվելու է աշխարհի լավագույն կինոփառատոններում, ցուցադրություններ կլինեն նաեւ Հայաստանում: Իսկ լավագույն աշխատանքի հեղինակին ֆինանսապես կօժանդակեն լիամետրաժ ֆիլմ նկարահանելու համար»,-տեղեկացրել է ռեժիսորը:

Ասպետի խոսքով` ֆիլմի ուղերձը չմոռանալն է, նկարահանվել է Լոռիում.«Այն իմ, իմ հող ու ջրի մասին է` հիմնված իրական պատմության վրա: Հերոսն ինձ համար դարձել է հայ տարագիրների հավաքական նախակերպարը: Գերնպատակս իմ պատկերացրած հային ճիշտ ներկայացնելն է` արժանապատիվ, մեջքը ուղիղ, ոչ թե հակառակը: Իմ հերոսը տարբերվում է առակի կերպարից, նա կայացած ու տղամարդ դարձած է վերադառնում հոր օջախ: Աշխարհին ցույց ենք տալու լոռեցու կամ հայ լեռնեցու կոլորիտն ու բնությունը, հողն ու ջուրը, սկզբունքները, նիստուկացը, թասիբն ու նամուսը: Նպատակը կինոյի համամարդկային լեզվով ազգային պատմություն պատմելն է»:

Ռեժիսորը կարեւորում է դերակատարների ճիշտ ընտրությունը եւ Լեւոնյաններին առաջարկել է համագործակցել` վստահ լինելով, որ միասին կհաղթահարեն ստեղծագործական բոլոր դժվարությունները.«Շնորհակալ եմ նրանց: Պրոֆեսիոնալ տղերք են՝ բառիս ամենալայն իմաստով, ու վստահ եմ՝ մեր համագործակցության ու ամուր ընկերության սկիզբն է: Մեզ միավորել է գաղափարը»:

Սամվել Սեւադան` «Աղ ու հաց» ֆիլմի նկարահանումներին


Իսկ ահա հոր դերակատարին Ասպետը միանգամից չի ընտրել.«Սամվել Սեւադան ուղղակի հայտնություն էր ինձ համար: Չնայած, որ նա լուսանկարիչ է, նկարիչ, ունի բոլոր այն տվյալները, որոնք պետք էին ինձ` դեմքը, ճերմակ մորուսը, ձեռքերը, շարժուձեւը, խարիզման: Նա շատ արտիստիկ մարդ է: Հասկացա, որ գտել եմ ու բաց չթողեցի, որովհետեւ հոր կերպարը պիտի բիբլիական լիներ: Շնորհակալ եմ պարոն Սեւադային, որ մեծ սիրով ու նվիրումով ընդունեց իմ առաջարկը»:

Նշենք, որ նախագծի համահեղինակն ու ֆիլմի երկրորդ ռեժիսորը Արտակ Օհանյանն է, օպերատորը` Կոնստանտին Մազովը, իսկ գործադիր-պրոդյուսերը` Հովհաննես Շերմազանյանը:

«Աղ ու հաց»-ի մասին BRAVO.am-ը զրուցել է նաեւ Լեւոնյանների հետ:

Խորեն Լեւոնյան. «Մեր համատեղ աշխատանքը ստացվել է»

-Փորձել ենք ամեն բան անել պատկերացրածն ավելի լավ ներկայացնելու համար: Առհասարակ, երբ տեսնում ես անձնավորության, ով ավյունով լի է, աչքերում կայծ, լույս եւ էներգիա կա, ինքդ էլ հավատում ես գործին: Մենք պարտավոր էինք օգնել երիտասարդ ռեժիսորին, ով այդքան էլ մեծ փորձ չուներ` լուրջ ֆիլմեր նկարահանելու: Մեր համատեղ աշխատանքը ստացվել է: Ինքս էլ կողմնակից էի, որ ֆիլմում խոսք չլինի, այն մի փոքր կթուլացներ կերպարը: Առանց խոսքի լարվածությունը մեղմվում է, եւ մենք կարողացանք դա անել:

«Աղ ու հաց» ֆիլմի նկարահանումներին


Արսենը, ով ֆիլմում եւս եղբայրս է, շատ պատասխանատու էր մոտենում իր գործին: Դե, դերասան է, այդպես էլ պետք է աներ: Ի պատիվ նրա` շատ մեծ ու լավ գործ է արել: Կուզեմ, որ միշտ լինի ուշադիր, պատասխանատու իր գործին ու շարունակի առաջ շարժվել:

Արսեն Լեւոնյան.«Թող բոլոր եղբայրներն իրար հետ լավ լինեն»

-Ֆիլմում անառակ որդին ես եմ: Շատ հետաքրքիր, ուսուցանող պատմություն ենք ներկայացրել: Լոռիում նկարահանումները շատ հետաքրքիր մի բան տվեցին ինձ. կարծես ներդաշնակություն կար մարմնիս ու թարմ օդի միջեւ:

Ինձ համար նախեւառաջ մեծ հպարտություն ու երջանկություն էր մեծ եղբորս հետ նկարահանվել  նույն ֆիլմում, հատկապես, որ նա շատ բաներ ունի արած այս կյանքում: Խորենն իր խորհուրդներով ինձ շատ է օգնել նկարահանման ընթացքում:

Ռեժիսորը շատ հետաքրքիր ու աշխատասեր երիտասարդ է: Կցանկանամ, որ բացի ֆիլմում ներկայացվող մաքրությունը, անմեղությունն ու գիտակցությունն ունենալը, որը գալիս է տարիների ընթացքում, բոլոր եղբայրներն իրար հետ լավ լինեն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Ասպետ Շերմազանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW