×


Ծաղկաձոր ժամանած հյուրերն ու տպավորիչ ելույթները՝ մնջախաղի միջազգային փառատոնին

Բացօթյա մնջախաղային ներկայացումներ, ակրոբատիկ, աճպարարական ու պարային համարներ, վարպետության դասեր՝ Ծաղկաձորում մեկնարկել է ավանդական դարձած Մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը:

Մնջախաղի միջազգային փառատոնին


Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող փառատոնի բացումը կայացավ Ծաղկաձորի կենտրոնական՝ Ծաղկունյաց հրապարակում, որին ներկա էր նաեւ BRAVO.am-ը։ Հանդիսատեսի շարքերում էին թատերական ոլորտի ներկայացուցիչներ, ծաղկաձորցիներ, արտերկրից ու մայրաքաղաքից ժամանած արվեստասերներ։ Առաջին օրը գրեթե բոլոր մասնակից մնջախաղացները ներկայացան փոքր մանրապատումներով:

Այս տարվանից փառատոնը դարձել է ամենամյա, մասնակցում են թատերախմբեր եւ անհատ արտիստներ Հայաստանից, Ռուսաստանի երեք քաղաքներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բանգլադեշից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

Էքսպերիմենտալ նախագծերից մեկը «Դոն Քիշոտ» ներկայացումն է, որը Ստեփանակերտի եւ Բեռլինի թատրոնների դերասաններ Գենադի Առուշանյանի եւ Արթուր Բլոխի համատեղ աշխատանքն է: «Art of Soul» պարային թատրոնի «Ալիսան հրաշքների աշխարհում», Հայկ Փայտյանի դիմակներով համարը, իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանի գունեղ հովանոցներով աճպարարական շոուն տպավորեցին ներկաներին։ Ելույթ ունեցան նաեւ ռուսական «ժիվոսվետ» մանկապատանեկան թատրոնի սաները, Բանգլադեշից ժամանած Միր Լոկմանը, «ՄիՄինոր», «Ունիսոն» թատերախմբերը։

Ժիրայր Դադասյանը եւ Արմեն Ամիրյանը՝ կնոջ հետ


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բացման արարողությանը բեմից ողջունեց Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում անցկացվող մնջախաղի փառատոնը. «Կարծում եմ՝ այս փառատոնը փորձում է իրականացնել Լեոնիդ Ենգիբարյանի երազանքը: Ինչպես նա էր ասում՝ «Ես գրպանահատ եմ, գրպանահատների արքան եմ, հարուստ ու երջանիկ մարդ եմ, բայց ափսոս, որ ոչ ոք իր գրպանում սիրտը չի պահում»: Փառատոնը նպատակ ունի նաեւ մասնակիցների սրտերը Ծակաձորում պահել: Բարի մեկնարկ եմ մաղթում այս գեղեցիկ միջոցառմանը»:

Փառատոնի հիմնադիր, Երեւանի մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի կարծիքով՝ Ծաղկաձորում անցկացումը խթանում է զբոսաշրջության զարգացմանը. «Մասնակիցներն այնքան դրական են խոսում Հայաստանի մասին, որ այս տարի մի մասն ընկերների հետ է եկել։ Օրինակ՝ Պետերբուրգից եկած հյուրերը հասցրել են շրջել Հայաստանի մարզերում։ Հիմնականում իրենք մեզ դիմում են, իրենց միջոցներով գալիս են, մենք հոգում ենք կեցության ծախսերը», - BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց նա՝ հավելելով, որ մասնակիցների շարքում նաեւ Հայաստանից դուրս ապրող արտիստներն են.«Օրինակ, մեր թատրոնի նախկին անդամ Դիանա Ներսիսյանը, որը հիմա Ֆրանսիայում շարունակում է մնջախաղով զբաղվել, որպես հյուր կներկայացնի իր բեմադրությունը: Մեր հիմնական նպատակը մեր բնակչությանը գեղեցիկ բան ներկայացնելն է, որ հնարավորություն ունենան առնչվել այս արվեստի հետ, որովհետեւ այս ժանրը թույլ է տալիս առանց թարգմանության տարբեր ազգերի ներկայացուցիչների ներգրավել»:

Մնջախաղի միջազգային փառատոնին


Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած մնջախաղի վարպետ Ջոն Ջեյքոբսը, որը հայտնի է առանց խոսքի հույզերով խաղալու իր վարպետությամբ, երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին։ Նախորդ տարի «Էվոլյուցիա» բեմադրությամբ տպավորած մնջախաղացը BRAVO.am-ին պատմեց, որ ժամանել է նոր ներկայացումներով, վարպետության դասին էլ երիտասարդներին կփոխանցի իր տեխնիկան.«Անցյալ տարի այցս այնքան կարճ էր, որ Ծաղկաձորից բացի ոչինչ չեմ հասցրել տեսել, այս անգամ երկար ժամանակով եմ եկել։ Կարծում եմ՝ հայերը շատ գեղեցիկ են դարձնում Հայաստանը, խաղաղ երկիր է։ Շատերն ուզում են մահից հետո դրախտ ընկնել, իսկ ես հիմա դրախտում եմ:)։ Երբ տեղեկացա հայերի պատմությանը, շատ նմանություններ գտա իմ երկրի պատմության հետ, որովհետեւ իմ երկրում Հայոց ցեղասպանությունից մոտ 15-16 տարի առաջ տեղի է ունեցել ցեղասպանություն, հիմա պատմություն եմ գրում այդ թեմայով եւ նպատակ ունեմ, որ հայ դերասանները ներկայացնեն։ Համատեղ նախագծի համար միգուցե կարճ ժամանակով բնակվեմ Հայաստանում. հիմա քննարկման փուլում ենք»։

Նախքան շոուի մեկնարկը Ժիրայր Դադասյանը Լեոնիդ Ենգիբարյանի անվան ոսկե մեդալ հանձնեց մնջախաղաց, ռեժիսոր-դերասան Յուրի Կոստանյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ եւ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան-ամուսիններ Տիգրան Ներսիսյանին ու Նելլի Խերանյանին՝ 50-ամյակների կապակցությամբ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Բազե Ավետիսի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին