×


Ծաղկաձոր ժամանած մնջախաղի վարպետներն ու փառատոնային անակնկալները

Բացօթյա մնջախաղային էտյուդներ, ակրոբատիկ ներկայացումներ, էթնիկ պարային բրեյք-դանս, կրկեսային համարներ, վարպետության դասեր… Ծաղկաձորը մի քանի օրով վերածվել է մնջախաղի թատերական քաղաքի: Կրկեսի, կինոյի արտիստ, ծաղրածու, մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող միջազգային փառատոնի ընթացքում Ծաղկաձորի բնակիչների եւ զբոսաշրջիկների համար  անվճար ներկայացումներ կցուցադրվեն։

Կայացել է մնջախաղի փառատոնը


Ծաղկունյաց հրապարակում երեկ տեղի է ունեցել փառատոնի բացման արարողությունը։ 5-րդ անգամ անցկացվող միջազգային փառատոնին մասնակցում են թատերախմբեր եւ անհատ մնջախաղացեր Հայաստանից, Ուկրաինայից, Իրանից, Ռուսաստանից, ՀԱՀ-ից, Սերբիայից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ այլ երկրերից։

Բացման հաղորդավար Կարեն Քոչարյանը նշել է, որ մնջախաղի ներկայացումները ցերեկային ժամերին կլինեն քաղաքի փողոցներում, իսկ երեկոյան՝ բացօթյա բեմում։ Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանն էլ հայտնել է, որ մինչ այժմ երկու տարին մեկ անցկացվող փառատոնը կդառնա ամենամյա. «Այս տարի փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է, օգոստոսի 11-ին առաջին անգամ նախատեսվում են դերասանների ելույթներ նաեւ Դիլիջանում»:

Կայացել է մնջախաղի փառատոնը


Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից ժամանած մնջախաղի վարպետ Ջոն Ջեյքոբսը, որը հայտնի է առանց խոսքի հույզերով խաղալու իր վարպետությամբ, բացման համար ընտրել էր «Էվոլյուցիա» բեմադրությունը։ Նա BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է, որ առաջին անգամ է Հայաստանում՝ հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով. «Այսօրվա ներկայացումից ու հանդիսատեսի արձագանքից գոհ եմ, սկզբում նյարդային էի, որովհետեւ չգիտեի, ինչպես կընդունվեմ։ Մոտ տասը բեմադրություն ունեմ, երկուսն էլ կներկայացնեմ, որոնցից մեկի ժամանակ կանացի շորերով եմ լինելու, զվարճալի ներկայացում է։ Ութ տարեկանից զբաղվում եմ մնջախաղով, բազմաթիվ վայրերում եմ ելույթ ունեցել, փորձում եմ իմ կուտակած փորձը փոխանցել երեխաներին, հետագայում ուզում եմ մնջախաղի իմ դպրոցը բացել»։

Փառատոնի հյուրերից է Ֆրանսիան ներկայացնող մնջախաղաց Վահրամ Զարյանը, որը սովորել է հայտնի միմոս Մարսել Մարսոյի մոտ: Նրան անվանում են մեծն վարպետ Մարսել Մարսոյի վերջին աշակերտը: Ֆրանսահայ խորեոգրաֆ-ռեժիսորը երկրորդ անգամ է մասնակցում, առաջին անգամ ելույթ է ունեցել 2010 թվականի փառատոնին. «Այս անգամ հանդիսատեսին կներկայացնեմ իմ վերջին բեմադրություններից երկու հատված, որոնք ներկայացնում են կյանքիս այն ժամանակաշրջանը, որն անցկացրել եմ Հայաստանում: Մարդիկ չեն գալիս տեսնելու քո մարմնի ճկունությունը, այլ գալիս են մարմնի ու ժեստերի լեզվով պատմություն տեսնելու եւ էմոցիաներ ստանալու։ Այստեղ ես ինձ հյուր չեմ զգում, քանի որ կարիերաս սկսել եմ հենց Հայաստանում»:

Կայացել է մնջախաղի փառատոնը


Փառատոնին աջակցում են Մշակույթի նախարարությունը, Երեանի մնջախաղի պետական թատրոնը եւ Ծաղկաձորի քաղաքապետարանը։ Ներկայացումները դիտելու հնարավորություն ունեն ոչ միայն տեղացիներն ու զբոսաշրջիկները, այլեւ մայրաքաղաքի բնակիչները: Տեղափոխումն իրականացնում են ավտոբուսները, որոնք Երեւանից նախապես գրանցված հանդիսատեսին ցերեկը տանում են Ծաղկաձոր եւ երեկոյան հետ բերում մայրաքաղաք:
 
Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ փառատոնի պաշտոնական փակումը կկայանա օգոստոսի 14-ին. «Մնջախաղը բազմաժանր է, ամեն մասնակից իր գույնն է բերում, դրանով էլ փառատոնը հետաքրքիր է դառնում։ Մասնակիցները կստանան Լեոնիդ Ենգիբարյանի անվան ոսկեջրած պատվո մեդալներ եւ մասնակցության հավաստագրեր։ Իսկ սեպտեմբերին Ստեփանակերտում կբացվի մնջախաղի ստուդիա, որի սաները մյուս տարի կներկայացնեն Արցախը»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Գեւորգ Պերկուպերկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին