×


Ծաղկաձորը 5 օրով կվերածվի մնջախաղի քաղաքի :)

Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորում կիրականացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան  մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն թատերական 6 խումբ ու անհատներ արտերկրից, 5-ն էլ` Հայաստանից:
 
“Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը” կարգախոսով փառատոնի շրջանակում  կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետների կանցկացնեն նաեւ պարային մնջախաղի վարպետության դասընթացներ:

Լեոնիդ Ենգիբարյանի թոռը՝ Պետր Պոպպերը, 2010-ին Ծաղկաձորում տեղի ունեցած փառատոնի ժամանակ



“Փառատոնի նպատակն է թատերական եւ մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ եւ արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը”,- ասել է փառատոնի գործադիր տնօրեն, Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ու հավելել, որ փառատոնի անցկացումը կխթանի նաեւ զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: 

Փառատոնի շրջանակում հանդես կգան թատերախմբեր Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից: Հատուկ հյուրը կլինի Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ Ելենա Մարկովան, որը վարպետության դասընթացներից բացի, կներկայացնի իր հեղինակած նոր` “Մնջախաղի դասեր” գիրքը:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային երկրորդ փառատոնին (2010թ.)



Լեոնիդ Ենգիբարյանի արձանը` Ծաղկաձորի հրապարակում

Հնգօրյա փառատոնի ամենակարեւոր իրադարձություններից մեկը կլինի ծաղրածու,մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ  ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի տեղադրումը Ծաղկաձորի հրապարակում:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը



“Առաջարկը եղել է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի կողմից: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է: Բացման ժամանակ կանցկացվի մեծ ֆլեշմոբ. փառատոնի պարային վարպետության դասընթացների մասնակիցները ցույց կտան Ենգիբարյանի ամենահայտնի շարժումը: Սա վկայում է, որ փառատոնը միշտ անցկացվելու է Ծաղկաձորում”,- ասել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ փառատոնի բացման օրը` օգոստոսի 10-ին, կցուցադրվի “2 Լեոնիդ 2” ֆիլմը: Նշենք, որ Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW