×


Ծովափնյա սեքսի «նվերները»

Արեւ, ամառ, շոգ, նոր գայթակղություններ, արկածներ ու հետաքրքրություններ. սրանք ամառային հանգստի բնորոշ կողմերն են, որոնք հաճախ սեռական ու հոգեբանական «նվերներ» են մատուցում նոր որոնումների սիրահարներին: Պետք է նկատել, որ ամռանը մյուս գայթակղություններից զատ, ակտիվանում է նաեւ ծովափնյա հանգստի գայթակղությունը: Բոլորը ձգտում են մեկնել ծովափ՝ հանգստանալու, եւ դրա հետ մեկտեղ՝ կարծես ենթագիտակցորեն ակտիվանում է մարդու սեռական վարքագիծը: Բայց, ցավոք, շատ դեպքերում այն չի հղկվում պատշաճ մակարդակով, որպեսզի անձը հոգեբանորեն եւ սեռաբանորեն պատրաստ լինի իր հանգիստը գրագետ անցկացնելու:


Այդ «նվերներից» խուսափելու ճիշտ եւ գրագետ տարբերակները ներկայացրել են սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Վրեժ Շահրամանյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ ամառային հանգստի գայթակղությունները երբեմն կարծես աննկատելիորեն անձին դրդում են դրսեւորել այնպիսի սեռական վարքագիծ, որի պտուղները նա քաղում է աշնանը.«Առաջին հերթին խոսքը վերաբերում է պատահական ծանոթություններին, եւ այդ պատահական ծանոթությունները, իհարկե, ունենում են զարգացում, երբեմն, իհարկե, ավարտվում են, իսկ ավելի հաճախ ավարտվում են չսպասված սեռական հարաբերություններով, ինչպես սիրում են մեր այցելուներն ասել: Այն, որ հարաբերությունը չսպասված է, դեռ ոչինչ, բայց որ հարաբերությունը պաշտպանված չէ, արդեն թողնում է իր անցանկալի հետեւանքները»:

Նրա խոսքով՝ ամառային հանգստի ժամանակ մարդիկ հաճախ չեն հետեւում իրենց ինտիմ հիգիենային, որը նույնպես հարվածի տակ է դնում առողջությունը, եւ այս դեպքում խոսքը նաեւ լողազգեստի մասին է.«Ամռան հանգստի ժամանակ շատերի պարագայում լողազգեստը փոխարինում է ներքնազգեստին, ինչը, իհարկե, ողջունելի չէ. լողազգեստը պետք է կրել միայն լողալու ժամանակ եւ այնուհետեւ այն պետք է փոխել, որովհետեւ շատ դեպքերում հենց թաց լողազգեստը նպաստավոր պայման է եւ՛ սնկային հիվանդությունների, եւ՛ հետագայում սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների առաջացման համար»,- նշեց Շահրամանյանը:

BRAVO.am-ի հարցին՝ որքանով են անվտանգ եւ կիրառելի ճամփեզրին վաճառվող լողազգեստները, որոնցից, օրինակ, կարելի է հանդիպել Սեւանի ճանապարհին, Վրեժ Շահրամանյանն ասաց, որ այդ դեպքում նույնպես վտանգված է մարդկանց առողջությունը, քանի որ ժամերով, օրերով կախված են լինում ճանապարհներին, կլանում են փոշին, բացի այդ էլ, շատերը տեղում փորձում են այդ լողազգեստները. «Ինքս էլ շատ եմ տեսել, երբ վաճառողն ասում է՝  կարող եք փորձել: Եվ հետո դա մեկ ուրիշը կարող է փորձել, պատկերացնո՞ւմ եք: Արդեն անլուրջ է, որովհետեւ անձնական հիգիենայի հարց է: Անձը պետք է ունենա իր լողազգեստը, իր անձնական օգտագործման սրբիչը: Ի դեպ, այդ պառկելաթոռներից էլ պետք է զգույշ լինել, քանի որ օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այնտեղ պառկում հանգստանում, եւ դրան նույնպես կարող են հիվանդություններ փոխանցողի դերում հանդես գալ, թեկուզ սնկային: Պետք է վրան սրբիչ լինի, հենց այնպես ուղղակի պառկել այդ աթոռին ցանկալի չէ»,- ընդգծեց սեքսոպաթոլոգը:


Սեռական հարաբերությունները հաճախ ինքնըստինքյան ծավալվում են ոչ միայն այնտեղ, որտեղ պետք է ծավալվեին, այսինքն՝ նպաստավոր պայմաններում, օրինակ՝ անկողնում, այլեւ շատերի ֆանտազիաները, ամառային բուռն իրավիճակին համապատասխան, թելադրում են, որ կարելի է հարաբերություն ունենալ, օրինակ, ջրում, ինչը նույնպես ողջունելի չէ, քանի որ այդ մոտեցումը նույնպես լուրջ խնդրի կարող է հասցնել հատկապես սեռական առողջության տեսանկյունից.«Նախ՝ հիմնական խնդիր են այս դեպքում սնկային հիվանդությունները: Շատերը փորձում են խելամիտ գտնվել եւ պահպանակ կիրառել, բայց պահպանակը եւս չի օգնում, որովհետեւ ջրում այն կարող է մեխանիկորեն դուրս սահել, եւ անձը կարող է դա նույնիսկ չնկատել, չզգալ: Իսկ հետո, երբ արդեն պարզվում է, ինչպես ասում են, բանը բանից անցնում է, եւ արդեն խուճապի մեջ են ընկնում, սկսվում են հոգեբանական խնդիրները: Այսինքն՝ հանգիստը պետք է լինի կոռեկտ եւ ճիշտ կազմակերպված»,- նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ հանգստի մեկնելիս չպետք է խրտնած դեմքով միացնել ախորժակի կենտրոնը եւ մոռանալ, որ այդ ընթացքում նույնպես պետք է սննդակարգին հետեւել. «Ինքներդ տեսնում եք՝  հանգստավայրերում որքան շատ են արագ սննդի կետերը, որտեղ տարրական հիգիենայի կանոնները հաճախ ուղղակիորեն չեն պահպանում: Եվ ի՞նչ է կատարվում. այդ գայթակղություններին զուգահեռ՝ սկսում ենք մոռանալ պատշաճ սնվելու կանոնների մասին ու դրանով պայմանավորված էլ՝ տուժում է սեռական առողջությունը: Այս ամենը բերում է նրան, որ հանգստից վերադառնալուց հետո անձը կարծես չի հանգստացել, այլ հակառակը՝ հոգնած, սպառված, տանջված, սեռական ռեսուրսները կորցրած, հոգեբանական ապրումներով վերադառնում է: Դրա պտուղներն առավել արտահայտվում են աշնանը, երբ եղանակը փոքր-ինչ ցրտում է, իմունային համակարգի հնարավորությունները նվազում են, եւ սկսում են գլուխ բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք անձը ձեռք է բերել ամռանը»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:

Ինչ վերաբերում է պահպանակներին, ապա դրանք հաճախ մինչեւ հասնում են ծովափնյա հանգստավայր, կորցնում են իրենց բուն նշանակությունը, քանի որ ճամփորդության ընթացքում այն ենթարկվում է մեխանիկական վնասվածքների ու ճնշման: Հետեւաբար, պահպանակ, հակասեպտիկ լուծույթներ եւ նման այլ միջոցներ  ցանկալի է ձեռք բերել հենց տեղում:


Ինչ վերաբերում է ամառային հանգստի հոգեբանական կողմին, ապա դեպրեսիաները հաճախ սկսվում են հենց այն մտքից, թե ուր գնալ հանգստանալու: Եվ եթե մարդն ունի հնարավորություն լավ հանգստի, նա շատ ավելի լավ է անցկացնում իր ժամանակը, քան երբ չունի հնարավորություն իր ուզածի պես հանգստանալու: Այստեղ վրա է հասնում նաեւ այն միտքը, որ իր շրջապատը գնում է շատ լավ հանգստի, իսկ ինքը չունի դրա հնարավորությունը:

Հիմնականում կանանց դեպքում դեպրեսիա կարող է առաջանալ նաեւ այն ժամանակ, երբ նրանց դուր չի գալիս իրենց արտաքին տեսքը, քանի որ սեզոնին մոտեցել են փոքր-ինչ գիրացած: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ասում է, որ լավ մարմին ունենալուն ու ընդհանրապես ամառային հանգստին կարելի է ամբողջ տարվա ընթացքում պատրաստվել, քան վերջին օրերին մտնել ինչ-որ տարօրինակ կայքեր, որտեղ առաջարկվում են տարօրինակ ու կասկածելի դիետաներ, նիհարելու արագ միջոցներ, դեղահաբեր: Եվ կանայք արագ-արագ սկսում են նիհարել, որպեսզի լողափում լավ երեւան: Հոգեբանը նկատում է՝ երբեմն նույնիսկ անհաջողության մատնվելով՝  այդպես էլ չեն գնում հանգստի, ասելով՝  ոչինչ, ձմռանը մի տեղ կգնամ:

«Եթե չի ստացվում գնալ հանգստի այնտեղ, որտեղ ուզում եք, չպետք է դեպրեսիայի մեջ ընկնեք, պետք է վերլուծեք ու հասկանաք՝  իսկ ինչ եղավ, որ չկարողացա գնալ իմ ուզած տեղը. ուրեմն ձմռանը ես պետք է մի քիչ ավելի խնայող լինեմ, հասկանամ՝  ինձ ինչ է պետք»,- ասաց տիկին Ծատուրյանը:

Եվ վերջում մասնագետների խորհուրդը ամառային հանգստի մեկնողներին, որպեսզի հանգիստը լինի բավական հիշարժան, տպավորիչ, եւ վերադառնաք ավելի առողջ ու լավ տրամադրությամբ՝ պահպանել չափի զգացումը, զգոն լինել ամեն ինչում, վայելել հանգիստը, ոչ թե սպառել առողջությունը, լսել մասնագետի խորհուրդները, լինել տեղեկացված. հարցնելն ամոթ չէ, եթե ինչ-որ բան չգիտեք հանգստի մեկնելուց առաջ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին