×


Կանանց մենթորական ծրագրի 4-րդ շրջափուլը՝ հաջողված

Հայ կանանց ու երիտասարդ աղջիկներին խորհրդատվությամբ աջակցելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրականացնում է Կանանց մենթորական ծրագիրը։ Երեկ կազմակերպված ընդունելության ժամանակ ամփոփվել են 2016-2017թթ. գործունեության արդյունքները, որի շրջանակում ձեւավորվել էր մենթորական 60 զույգ:

Ամփոփվել է ԱՄՆ դեսպանության Կանանց մենթորական ծրագրի 4-րդ շրջափուլը


Սա Հայաստանի կին առաջնորդների նոր սերնդին անձնական ու մասնագիտական կայացման ճանապարհին աջակցման ծրագրի 4-րդ շրջափուլն էր, որն իրականացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերությունների բաժնի եւ «Կանանց եւ երիտասարդների աջակցման եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել եւ շնորհավորել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը.«Հաճախ եմ նույն բանը լսում, որ առանց համալսարանի, գործատուների եւ մենթորների աջակցության դժվար է կայանալ երիտասարդ աղջիկներին: Շնորհակալ եմ մենթորներին` իրենց փորձը կիսելու եւ հաջորդ սերնդին աջակցելու համար: Նրանք իրենց գործը շատ լավ են կատարել: Շնորհակալ եմ նաեւ մենթիներին` ծրագրին մասնակցելու համար: Եզրափակելով այս շրջափուլը` հույս ունեմ, որ նրանց կապը կշարունակվի նաեւ ծրագրից դուրս»,-ասել է դեսպանը: 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը


Եզրափակիչ երեկոյին դեսպան Միլսի եւ նրա կնոջ՝ Լի Քարթերի հետ ներկա էին ավելի քան հարյուր քսան մենթորներ, մենթիներ եւ այլ հյուրեր: Ներկաներին երաժշտական կատարմամբ ողջունեցին օպերային երգչուհիներ Լուսինե Ազարյանն ու Քրիստինա Սիմոնյանը, ովքեր եւս ծրագրի շրջանակում հանդես էին գալիս որպես մենթոր եւ մենթի:

Մենթոր Լուսինեի խոսքով՝ ծրագիրը միասին մտածելու լայն հնարավորություն է տալիս: Ուրախ է, որ իր խորհուրդներով եւ փորձով օգտակար է եղել Քրսիտինային` երգարվեստում եւ բիզնես գործունեության մեջ ճիշտ կողմնորոշվելու համար:

Քրիստինա Սիմոնյանը եւ Լուսինե Ազարյանը


Միջոցառումը շարունակվել է մասնակիցների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված քննարկումներով: Հիշեցնենք, Մենթորը Ոդիսեւսի իմաստուն ու վստահելի խորհրդատուն էր եւ նրա որդու` Տելեմակուսի ուսուցիչը: Հոմերոսի «Ոդիսական»-ում Ոդիսեւսն իր հայտնի ճամփորդության գնալիս պետությունն ու որդու խնամքը վստահում է Մենթորին: Անգլերենում Մենթորի անունը դարձել է հասարակ գոյական ու սահմանվում է որպես վստահելի խորհրդատու եւ ուղեկցող:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին