×


Կարինե Առուստամյան.«Քաթարից հետո Երեւանում բոլորովին դժվար չէ»

Ի՞նչ կստացվի «Նարե, Նարե» ժողովրդական երգի եւ Բեյոնսեի «Beautiful Liar» եւ «Naughty Girl» երգերի միախառնումից։ «The Band»-ը շուտով այդ միքսի արդյունքը կներկայացնի նոր տեսահոլովակով։ Խումբը սկսել է էթնո-ֆանկ էքսպերիմենտալ նախագիծ, որի շրջանակում հայկական երգերն ու համաշխարհային հիթերը կմատուցի մեկ երգով։

Կարինե Առուստամյանը


«The Band»-ի առաջին պաշտոնական տեսահոլովակի մասին BRAVO.am-ին պատմել է խմբի միակ աղջիկը` Կարինե Առուստամյանը.«Բոլորս մասնակցել ենք այս միքսի ստեղծմանը. ես կատարում եմ Բեյոնսեի հատվածը, Հովսեփ Երեմյանը՝ հայկականը։ Խմբով աշխատում ենք նոր երգերի միքսերի վրա, կարծում ենք` մարդկանց հաճելի կլինի լսել մեր ժողովրդական մեղեդիները։ Սովոր ենք հայկական երգերը լսել ջազ-ֆոլկ կամ ռեստորանային ձեւաչափով, իսկ այսպես պահպանում ենք ժողովրդական տարրերը` հասանելի դարձնելով ակումբներում։ Նորություններ մատուցելու համար անընդհատ աշխատում ենք»։

Էթնո-ֆանկ նախագծի առաջին փորձարկումները «The Band»-ի անդամներն արել են դեռ մեկ տարի առաջ, երբ բնակվել ու աշխատել են Քաթարի մայրաքաղաք Դոհայում, այժմ էլ որոշել են երգերը սկավառակով ներկայացնել։

«The Band»-ի «Նարե, Նարե» տեսահոլովակի նկարահանումներին


Հայկական մոտիվներով տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում։ Ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, պարը բեմադրել է Հովհաննես Սարգսյանը, իսկ երգչուհու զգեստները պատրաստել է դիզայներ Անուշ Հովհաննիսյանը.«Բավական մեծ թիմ է աշխատել՝ մոտ 60 հոգի։ Հետաքրքիր մյուզիքլային բեմադրություն է արվել, շեշտը դրված է երգի ու պարի վրա, կարելի է ասել՝ այստեղ առաջին անգամ աղջիկները «Բերդ» են պարում։ 17 ժամ աշխատանքի արդյունքը կներկայացնենք մարտի կեսերին»։

Կարինե Առուստամյանը


«Հայաստանի ձայնը 3»-ին մասնակցած Կարինեն իր խումբը համարում է իր երկրորդ ընտանիքը եւ երգարվեստին չի վերաբերվում որպես աշխատանք. «Երաժիշտներով գրեթե ամեն օր միասին ենք, սովորել ենք մեր ժամանակը օգտակար ու հաճելի դարձնել։ Ես անում եմ այն, ինչ սիրում եմ եւ սիրում եմ այն, ինչ անում եմ, նույնիսկ ողջ օրվա ընթացքում ամենահանգիստը բեմում եմ լինում։ Ճիշտ է` նաեւ հոգնում եմ, բայց գիտեմ, թե ինչն է վնասակար ձայնալարերիս, եւ աշխատանքի ժամանակ ալկոհոլային խմիչք չեմ օգտագործում։ Բացի դա, Քաթարում յոթ ամիս շարունակ շաբաթական յոթ օր երգել եմ, փորձ ձեռք բերել, եւ նման ծանրաբեռնվածությունից հետո Երեւանում բոլորովին դժվար չէ»,-պատմել է երգչուհին, որը նաեւ վոկալ է դասավանդում Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում։

«The Band» խումբը «Նարե, Նարե» տեսահոլովակի պրեմիերան նախատեսում է իրականացնել մարտին։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարինե Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին