×


Կինը, ջուրն ու անկախությունը` «Սոսե 2016»-ում

Երեւանում 3-րդ անգամ կանցկացվի «Սոսե» միջազգային կինոփառատոնը։  Սեպտեմբերի 23-ից 30-ը հնարավորություն ունեք դիտելու խաղարկային, վավերագրական լիամետրաժ ու կարժամետրաժ ֆիլմեր, որոնց առանցքում կինն է, նրա արժանիքներն ու դերակատարումը։




Փառատոնն անվանվել է հայ ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի պատվին: Կազմակերպիչները նշում են` Սոսեն մեր պատմության հրաշալի կերպարներից մեկն է, եւ ցանկություն ունեն, որ հենց նրանով ճանաչեն հայ կնոջ կերպարը:

Փառատոնի հիմնադիր-նախագահ Ռիտա Խալաթյանը BRAVO.am-ին պատմել է, որ առաջին տարին այն եղել է միայն հայկական, այնուհետեւ ընդլայնվել ու դարձել է միջազգային։ Այս անգամ մասնակցության հայտեր են ստացել շուրջ 61 երկրից, նախնական ընտրությունն անցել է 38 երկրից 104 ֆիլմ.«Կցուցադրենք Երեւանի տարբեր կինոսրահներում ու մշակութային վայրերում, մեծ մասամբ մուտքն ազատ կլինի։ Ժյուրիի կազմում են հայ եւ այլազգի կինոգետներ, որոնց անունները կհայտնենք սեպտեմբերին»։


Ռիտա Խալաթյանը

«Սոսե 2016»-ը բացի հիմնական «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրից, այս տարի ունի «Հատուկ» եւ «Ուսանողական» ծրագրեր։ Հատուկ թեմաներն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին, եւ «H2O»՝ նվիրված ջրին. «Այս տարի որոշեցինք բնապահպանական թեմայով ֆիլմեր ցուցադրել։ Ամեն անգամ տարբեր թեմաներ ենք ընդգրկում, որոնք արդիական են։ Կարծում եմ՝ միջազգային ձեւաչափով փառատոնը նպաստում է մեր կինոյի զարգացմանը. կարեւոր է իմանալ, թե այլ երկրներում ինչպես են կինո ստեղծում։ Կարծիք կա, որ հայերը սիրում են դիտել կոմերցիոն կատակերգություններ, բայց հասարակությունը վերցնում է այն, ինչ մատուցում են։ Նկատում եմ, որ մարդիկ քիչ-քիչ ձանձրանում են կոմեդիաներից. որքա՞ն կարող են նույնատիպ ֆիլմեր դիտել, ծիծաղի հանդեպ մոլուցքը նվազում է»։

«Գոյ» թատրոնի դերասանուհին նշել է, որ հատուկ ուշադրություն կդարձնեն ուսանողական ֆիլմերին.«Ապագա կինոռեժիսորները հնարավորություն ունեն իրենց աշխատանքները ներկայացնել, հետաքրքիր է զուգահեռներ տանել։ Միշտ ասում եմ, որ ֆիլմում գլխավորն ու էականը բյուջեն չէ, ուսանողներն էլ չունեն մեծ բյուջե, բայց ունեն ճաշակ, էնտուզիազմ, նոր հայացք։ Նրանք ակտիվ են, մասնակցում են աշխարհի ամենատարբեր փառատոններին` իմանալով, որ նոր դռներ կբացվեն»։

Հավելենք, որ փառատոնին ներկայացվելիք ֆիլմերի մեծ մասը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից են։ Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Սոսե» կինոփառատոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին