×


Հաղթանակ Շահումյան.“Նայում եմ ձեզ ու մի տեսակ գոռալու ցանկություն է առաջանում”

Հայաստանի նկարիչների միությունում երեկ` սեպտեմբերի 30-ին, բացվել է Հաղթանակ Շահումյանի 36-րդ անհատական ցուցահանդեսը: Ցուցասրահում մեկտեղվել են նկարչի գեղանկարները, գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, որոնց բնորոշ է ֆիգուրատիվ մտածողությունն ու խորհրդապաշտական ընկալումը:

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը


70-ամյա գեղանկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վարշավայում, Մոսկվայում, Փարիզում, Մելբուռնում, Միացյալ Նահանգներում եւ այլուր, իսկ Երեւանում նրա 4-րդ անհատական ցուցահանդեսն է.“Միշտ տագնապով եւ պատասխանատվությամբ եմ ցուցահանդես բացել: Մեր հասարակությունը մանավանդ 1980-ականներին շատ խստապահանջ էր, հիմա է, որ ամեն ինչ կարելի է որպես արվեստ ներկայացնել: Ցուցահանդեսը շոու չէ, նկարիչը պետք է կուտակած ասելիք ունենա”:

Հայաստանի վաստակավոր նկարչի կոչմանն արժանացած Հաղթանակ Շահումյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր գործերում արտացոլում է կյանքի ամենատարբեր զգացողությունները.“Դժվարությամբ եմ իմ գործերից բաժանվում: Երբ վաճառում ես, չեն գնահատում, իսկ նվիրելիս ավելի լավ են ընկալում”: 

Հաղթանակ Շահումյանի կտավներից


Նկարիչների միության մուտքի մոտ հավաքված հյուրերին ողջունել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ նշել, որ Հաղթանակ Շահումյանն այնքան գործեր ունի, որ կրկին անհատական ցուցահանդեսով է ներկայանում. “Նա իսկապես նկարիչ է, մեզ պարգեւում է իր հոգին եւ ունակությունները: Նրա արվեստի մասին գնահատական ես չէ, որ պետք է տամ, ժամանակն է ցույց տալիս արվեստի որակը, բայց նրա ստեղծագործությունները միշտ հետաքրքիր են ու մտորելու առիթ են տալիս”:

Արվեստագետ-նկարիչ Մարտին Միքայելյանը կարեւորել է նկարչության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը.“Եթե ասեմ, որ բացում ենք մեր լավագույն նկարիչներից մեկի ցուցահանդեսը, որեւէ բան ասած չեմ լինի: Հաղթանակի արվեստը շատ ծայրահեղ եւ հարուստ շերտեր ունի: Այսօր նկարչության մեջ կա երկու ճանապարհ` կամ թողնում ես քո երկիրն ու գնում, կամ ապրում ես քո երկրում ու ստեղծում գործեր, որոնք համաշխարհային իմաստով մնում են լուսանցքում, բայց դրանով օգնում ես քո հայրենակիցներին: Այս ցուցահանդեսը Հաղթանակ Շահումյանին պետք չէ, սա մեզ է հարկավոր”:

Հաղթանակ Շահումյանի քանդակներից


Արվեստասեր Ղարիբեկ Մուկուչյանի կարծիքով էլ նկարչի գործերը ավանդական նկարչությունից հասնում են մինչեւ նորարար գաղափարներ.“Քանդակների մեջ նկատելի է սիմվոլիզմը, փոքր դետալներն իմաստային ասելիք ունեն, հենց այդ մանր դետալներն են գործը հետաքրքիր դարձնում”:

Գեղանկարիչը շնորհակալություն է հայտնել իր հյուրերին` նշելով, որ ուրախ է յուրաքանչյուրի ներկայության համար.“Երբ միայնակ սար եմ բարձրանում, ուզում եմ գոռալ, հիմա նայում եմ ձեզ ու մի տեսակ գոռալու ցանկություն է առաջանում: Ավելին չեմ կարող ասել, աշխատանքներս կասեն իմ փոխարեն”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին