×


Համբուրվող զույգեր` Փարիզի փողոցներում

«Ֆրանսիական համբույրը կարող է դառնալ միակ եւ անկրկնելի համամարդկային լեզուն»` նման կարգախոսով է առաջնորդվում Street Art-ի վարպետ, ֆրանսիացի Ժուլիեն Նոնոն: Նա օրեր առաջ ներկայացրել է փարիզյան իր նոր` «Համբույր» կոչվող ինստալացիան:

Ժուլիեն Նոնոյի «Համբույր» ինստալացիան


Մութն ընկնելուն պես Լուվր թանգարանի, Պոմպիդու արվեստի կենտրոնի, մայրաքաղաքի ամենահայտնի թաղամասերի պատերին եւ հուշարձանների կողքին հայտնվում են համբուրվող զույգերի թվային պատկերներ` այդպիսով հիշեցնելով բոլորիս, որ չնայած աշխարհի խելահեղ ռիթմին եւ անհավանական թվացող փոփոխություններին, Փարիզը շարունակում է մնալ «Սիրո մայրաքաղաք»:

Ժուլիեն Նոնոյի «Համբույր» ինստալացիան


Արվեստագետը ներշնչվել է Ալֆրեդ Մուսեյի ցիտատով` «Ճշմարիտ է միայն մեկ լեզու, այն է` համբույրի լեզուն»: Ծրագրի իրականացման համար ամիսներ առաջ հայտարարվել էր բաց մրցույթ, որին շտապել էին մասնակցել հարյուրավոր զույգեր` այդպիսով համալրելով արվեստագետի «Սիրո գրադարանը»: Նոնոն պատմում է, թե որքան նամակ է ստացել այդ ամիսների ընթացքում. մարդիկ ցանկանում էին կիսվել նրա հետ իրենց սիրո պատմություններով եւ զգացմունքներով: Street Art-ի վարպետը նպատակ ունի դարձնել այս ծրագիրը շարունակական եւ իրականացնել այն մի շարք այլ քաղաքներում:
 

Ժուլիեն Նոնոյի «Համբույր» ինստալացիան


Կարծում եմ, Ժուլիեն Նոնոն «Համբույր»-ի միջոցով ստեղծում է ինքնատիպ մի հակաթույն, քանզի ուղիղ մեկ տարի առաջ, ճիշտ այս օրերին, Փարիզը հեղեղված էր ահաբեկչական հարձակումների հետեւանք դարձած վախով եւ սարսափով: Այսօր արվեստի եւ սիրո միջոցով փարիզեցիներին կոչ է արվում դուրս գալ իրենց գեղեցիկ քաղաքի փողոցներ եւ համբուրվել փարիզյան գիշերային երկնքի տակ, որտեղ, ճիշտ է, հազվադեպ կարելի է տեսնել աստղեր, սակայն վստահաբար հնարավոր է տարվել Էյֆելյան աշտարակի աստղազարդ եւ մոգական լույսերով:
 
Տեքստը` Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Ժուլիեն Նոնոյի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին