×


Հայ մանուկները նշել են Անդերսենի 210-ամյակը եւ Մանկական գրքի միջազգային օրը

“Բյուրոկրատ” գրախանութում ապրիլի 2-ին տեղի է ունեցել Մանկական գրքի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի մեկնարկին երեխաներին դիմավորել են հեքիաթային հերոսներ եւ միասին երկինք են բաց թողել փուչիկներ: 1805 թվականի ապրիլի 2-ին ծնված դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի 210-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակը՝ “Անդերսենի հեքիաթի օրեր” ծրագրի շրջանակում:

Հայ մանուկները նշել են Անդերսենի 210-ամյակը եւ Մանկական գրքի միջազգային օրը


Ցերեկույթին ներկա առաջին դասարանի աշակերտները ոչ միայն ծանոթացել են ամենահայտնի հեքիաթագիրներից մեկի կենսագրությանն ու ստեղծագործություններին, այլեւ դիտել են “Անճոռնի ճուտիկը” մուլտֆիլմն ու մասնակցել խաղ-վիկտորինայի, որի հաղթողները ստացել են Հովհաննես Թումանյանի հեքիաթների աուդիոգրքերը:

“Բյուրոկրատ” գրախանութի տնօրեն Շուշան Արզաքանյանը երեխաներին պատմել է Հանս Քրիստիան Անդերսենի կենսագրությունը` շեշտելով, որ գրողն անմահ է իր գործերով: Երեւանի Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը երեխաներին պատմել է “Թագավորի նոր զգեստը” հեքիաթը, իսկ ավարտին երեխաները նվեր են ստացել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի “Փոքրիկ իշխանը” գիրքը:

Շուշան Արզաքանյանը եւ Գագիկ Գյուլբուդաղյանը


ՀՀ-ում Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը նրանց տեղեկացրել է, որ Մանկական գրքի միջազգային օրը ընտրվել է Անդերսենի ծննդյան օրվա պատվին.“Դանիան եվրոպական փոքր երկիր է` գույնզգույն քաղաքներով ու թագավորական ամրոցներով: Կոպենհագենում գտնվում է Եվրոպայի ամենամեծ այգին: Ուոլթ Դիսնեյը, ոգեշնչվելով այդ այգով, ստեղծել է Դիսնեյլենդը: Դանիայում ստեղծվել է նաեւ լեգո խաղը”,- պատմել է Գագիկ Գյուլբուդաղյանը, ինչին ի պատասխան` երեխաները նշել են, որ այդ խաղը շատ են սիրում:

Հայ մանուկները նշել են Անդերսենի 210-ամյակը եւ Մանկական գրքի միջազգային օրը


Այս ծրագրի շրջանակում ապրիլի 4-ին ժամը 14:00-ին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում երեխաները կկարողանան ներկա գտնվել Անդերսենի “Փոքրիկ Իդայի ծաղիկները” համանուն հեքիաթի տիկնիկային ներկայացմանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW