×


Հայ տղամարդու գովազդն ու “Ժաննա”-ի պրեմիերայի կարեւոր մյուս դրվագները

“Մոսկվա” կինոթատրոնում երեկ կայացել է Արա Երնջակյանի “Ժաննա” կատակերգական ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ինչպես նրա ղեկավարած Կամերային թատրոնի անձնակազմը, այնպես էլ կինոյի, թատրոնի բնագավառի այլ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Արշալույս Հարությունյանը, Մխիթար Ավետիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արա Երնջակյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Հայկական արտադրության այս ֆիլմը ֆրանսիական պատմության ամենահայտնի կերպարներից մեկի` Ժաննա դ'Արկի մասին է, որը հայտնի է նաեւ որպես Օռլեանի կույս: Դարերի ընթացքում նրա կերպարը դարձել է բազմաթիվ առասպելների եւ հորինվածքների թեմա, ռեժիսոր Արա Երնջակյանն էլ առաջարկում է իր վարկածը` նշելով, որ շատերի համար այն կարող է թվալ անհավանական եւ հեռու իրականությունից:

“Երկաթ փրոդաքշն”-ի արտադրած կինոնկարում նկարահանվել է Կամերային թատրոնի գրեթե ողջ դերասանական կազմը: Գլխավոր դերակատարներն են Անի Լուպեն, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը, Լուիզա Ներսիսյանը, Իրինա Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք:

Լուիզա Ներսիսյանը եւ Հրանտ Թոխատյանը


Ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Արա Երնջակյանը հայտնել է, որ նկարահանել է հայերի մասին կինոնկար եւ այն համարում է հայկական առաջին ազգայնամոլական կատակերգությունը.“Բացեիբաց խոսվում է այն մասին, որ հայն իր բարոյական արժեքներով ավելի բարձր է, քան ֆրանսիացին ու անգլիացին: Այս ֆիլմը հայ տղամարդու յուրահատուկ գովազդ է, կարծում եմ` դրա կարիքը վաղուց հասունացել էր, որովհետեւ վերջին տարիներին ֆեմինիստական շարժումները նպաստում են հայ տղամարդու տեսակի վերացմանը, հնարավոր է` հասնենք այն կետին, որ դինոզավրերի պես  աստիճանաբար ոչնչանան ու կարմիր գրքում գրանցվեն: Հիմա փորձարկում ենք արել հայ տղամարդկանց վրա, հայ կանանց մասին լուրջ գործ կանենք:)”:

Ռաֆայել Երանոսյանի կարծիքով` ֆիլմում ճիշտ ընտրված կերպարներ են եւ ճիշտ մատուցված հումոր.“Հանդիսատեսին մտածելու տեղիք կտա, որ հայ տղամարդու տեսակը չպետք է բացակայի Երկիր մոլորակից: Ես համասեռամոլ ֆրանսիացու դերում եմ. նմանատիպ կերպար երբեւէ չէի մարմնավորել, չեմ էլ ուզենա այդ տեսակ մարդու նորից մարմնավորել, բայց ուրախ եմ, որ այս բարդ ու բացասական դերն ինձ վստահվեց: Ֆիլմն իր տեսակով առաջինն է, Արա Երնջակյանի ոճով յուրաքանչյուր խոսքի մեջ կա երկրորդ շերտ ու ենթատեքստ”:

Լուսի Աբդալյանը եւ Արսեն Գրիգորյանը


Նկարահանումներն իրականացվել են Կամերային թատրոնում եւ Հայաստանի այլ մի քանի վայրում.“Թատրոնում միջնադարի շնչով հատուկ տաղավարներ են ստեղծվել, որ այդ ժամանակվա շունչը պահպանվի: Շնորհակալ եմ Արա Երնջակյանին, որ հայ տղամարդու ուժեղ ու դրական կերպարն ինձ է վստահել”,-նշել է Անդրանիկ Հարությունյանը:

Մխիթար Ավետիսյանն էլ հետեւյալն է հավելել.“Պատմական մոտիվներով ու իրավիճակներով եզակի ֆիլմ է, որտեղ ներկայացվում է հայի տեսակը: Կա նաեւ խոր փիլիսոփայություն մեր ապրելակերպի մասին: Մտածելու շատ բան ունենք”:

Քեթրին Մանասյանն` ամուսնու հետ


Դերասաններ Անի Լուպեն եւ Սենիկ Բարսեղյանը պրեմիերային ներկա չէին, քանի որ այժմ հյուրախաղերով արտերկրում են: Արա Երնջակյանն ու Ռաֆայել Երանոսյանը կատակով նշել են, թե Ժաննայի դերակատար Անիին վառել են: Ֆիլմի բյուջեի մասին Արա Երնջակյանը կրկին հումորով է խոսել.“Ֆիլմի հովանավորը կամերային թատրոնն է, իսկ թատրոնը գիտեք` ինչ հարուստ կազմակերպություն է, իսկ հարստությունը հիմնականում թատրոնում հավաքված տաղանդավոր մարդիկ են, եւ եթե փորձեք փողի վերածել, ապա շատ թանկ բյուջե կլինի”:

83 րոպե տեւողությամբ ֆիլմի օպերատորն է Հակոբ Կարանֆիլյանը, բեմադրող նկարիչը` Ռաֆայել Խաչատուրյանը, կոմպոզիտորը` Վահե Գրիգորյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին