×


Քրսիտինա Սմսարյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Մարիաննա Ռաֆայելյանը

Հայ դիզայներների նորաբաց անկյունը Լոս Անջելեսում

Գլենդելում այս ամսվանից գործում է «Fashion Inn» մուլտիբրենդային խանութ-սրահը, որտեղ ներկայացված են հայ դիզայներների հավաքածուներն ամբողջ աշխարհից, մասնավորապես՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, եւ ոչ միայն: Բուտիկում առկա է հայ դիզայներների տղամարդկանց, կանանց եւ երեխաների հագուստների լայն տեսականի, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ զարդեր՝ ցանկացած գույնի եւ ճաշակի:

Սրահում առկա են նաեւ Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերած ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Kivera Naynomis, SONČESS, FAINA, Nshanyan, Tateossian, Harmony, Lilit Makaryan, Collection by IONA, IKA MILITOSYAN:

Մարիաննա Ռաֆայելյանը եւ Քրիստինա Սմսարյանը


ԱՄՆ-ում հայկական արտադրանքը ներկայացնելու գաղափարն իրականացրել են պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանի կինը՝ Քրիստինա Սմսարյանը, եւ նրա ընկերուհին՝ Մարիաննա Ռաֆայելյանը: «Միտքը ծագել է երկու տարի առաջ, եւ որպես երկար ու տքնաջան աշխատանքի արդյունք՝ այսօր մենք տեսնում ենք դրա իրականացումը»,- մեզ հետ զրույցում ասել է Քրիստինան՝ հավելելով, որ նպատակ ունեն ճանաչելի դարձնել հայ դիզայներների աշխատանքները միջազգային շուկայում:

Նրա խոսքով՝ գաղափարը խրախուսել եւ իրականացմանն աջակցել են ԱՄՆ-ի մեր հայրենակիցները.«Մեզ համար շատ կարեւոր է նաեւ, որ մեր արած աշխատանքը գնահատեն եւ հավանություն տան այստեղ ապրող մեր հայրենակիցները, եւ, կարծես, ստացվել է»:


Նորաձեւության բուտիկի պաշտոնական բացմանը ներկա էին հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցներ, նաեւ Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը:

Ի դեպ, մինչ խանութի բացումը, Instagram-ի իրենց էջերում հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Միհրան Ծառուկյանը, Գայանե Ասլամազյանը, Մկրտիչ Արզումանյանը, Քրիստինե Պեպելյանը, Արամ MP3-ն, Արփի Գաբրիելյանը եւ ուրիշներ, խոսում էին խանութի բացառիկության, կարեւորության մասին, ինչպես նաեւ իրենց հետևորդներին հրավիրում բացմանը: Նույնիսկ անվանի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն է հրավիրել «Fashion Inn»-ի բացմանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ հաճախ է օգտվում հայ դիզայներների աշխատանքներից:


Տեքստը՝ Ռուզաննա Մարտիրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Fashion Inn»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին