×


“ՀայՖեստ”-ի ոչ ավանդական բացումն ու հայտնի հյուրերը

“Զգացողությունների թանգարան” խորագրով ու բեմադրությամբ երեկ մեկնարկել է 13-րդ “ՀայՖեստ”-ը: Խախտելով ավանդույթը՝ այս տարի փառատոնի մեկնարկը տրվել է ոչ թե արտասահմանյան, այլ հայկական ինտերակտիվ բեմադրությամբ: Փառատոնի հյուրերը ՆՓԱԿ-ում ականատես են եղել նորարար ցուցահանդես-ներկայացման, որն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը:

13-րդ "ՀայՖեստ"-ի բացմանը


Միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ավանդույթի համաձայն ներկաներին ողջունել է հայերեն ու անգլերեն լեզուներով` նշելով, որ “ՀայՖեստ”-ը բարձրակարգ թատերախմբերի բարձրորակ ներկայացումներով բարձրարվեստ փառատոն է:):

Իսկ հիմա “Զգացողությունների թանգարան”-ի մասին. մտնելով ՆՓԱԿ՝ հանդիսատեսն անմիջապես դառնում է ինտերակտիվ ներկայացման մասնակից, որում միավորված են վիզուալ ու կատարողական արվեստները: Թատրոն-թանգարանում մարդիկ քայլում են, սրահներով անցնելիս ականատես են լինում տարբեր զգացողություններ առաջացնող ցուցանմուշների, իրավիճակների ու տեսարանների` սեղանի վրա դրված խոզի ու կովի գլուխներ, որոնց մեջտեղում՝ քրիստոնեությունը խորհրդանշող ձուկ, սարսափ, զզվանք, վախ, ամոթ ու այլ զգացողություններ առաջացնող ճանապարհ՝ անցյալից դեպի ներկա: Բեմադրության վերջին սրահը լավատեսական է՝ գունեղ կերպարները հեքիաթային միջավայրում են՝ լի պարով, երաժշտությամբ ու հյուրասիրությամբ:

“ՀայՖեստ” միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը


Բեմադրիչ Վահան Բադալյանը նման ոճի փոքրածավալ ներկայացումներ բեմադրել է  Փոքր թատրոնում, սակայն նպատակ է ունեցել այլ թեմայի անդրադառնալ եւ ավելի մասշտաբային աշխատանք իրականացնել, փառատոնն էլ դարձել է այն հարթակը, որտեղ կարողացել է այս գաղափարը ներկայացնել: Հիմնական կազմում ընդգրկված են շուրջ 40 հոգի՝ Փոքր թատրոնի ստուդիայի ավագ եւ նոր սերնդի, նաեւ ներառական խմբի դերասանները:

“Հատուկ ուզում էի շեշտադրել զգացողություններն ու ապրումները եւ ստեղծել մեր հույզերի հայելին: Փորձել ենք այնպիսի խորհրդանիշներ ընտրել, որ յուրաքանչյուր մարդ դրանք ընկալի՝ ըստ իր ինտելեկտուալ ու հուզական զարգացվածության աստիճանի: Խոզի գլուխը խորհրդանշում է թուրքերին, թութակը խոսող թռչուն է, որն այստեղ խորհրդանշում է մեզ, որ մենք անընդհատ բարձրաձայնում ու խոսում ենք Ցեղասպանության մասին, բայց լուծում չենք գտնում: Թե ով է խոշոր եղջերավորի գլուխը, դատողությունները թողնեմ հանդիսատեսին”, - BRAVO.am-ին ասել է Վահան Բադալյանը:

"ՀայՖեստ"-ը մեկնարկել է “Զգացողությունների թանգարան” ցուցահանդես-ներկայացմամբ


Արթուր Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ստեղծվել ներկայացումը ու դարձել այս տարվա խորհրդանիշը.“Երբ Վահանն ասաց, որ ուզում է Ցեղասպանության մասին այսպիսի բեմադրություն անել, ես պատասխանեցի, որ այո, միանշանակ պետք է հենց հայկական այս ներկայացմամբ բացումն անել: Այսպիսի ձեւաչափով ներկայացում Երեւանում չի եղել, շատ խորիմաստ է, շատ գրավիչ ու խելացի է: Գնահատելի է, թե ոնց է Վահանն աշխատել այս մասշտաբով եւ ոնց են աշխատել երեխաները”:

Ցուցահանդես-ներկայացումն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Մինչեւ հոկտեմբերի 7-ն այն կարող եք դիտել ՆՓԱԿ-ում ամեն օր, մուտքն անվճար է:

Միքայել Պողոսյանը` զարմուհու հետ` 13-րդ "ՀայՖեստ"-ի բացմանը


Ընդհանուր առմամբ, այս տարի փառատոնի շրջանակում մայրաքաղաքի 12 բեմահարթակում կցուցադրվեն տեղական եւ միջազգային տասնյակ ներկայացումներ: Թատերասերները կարող են դիտել դրամատիկական, պարային, երաժշտական, մուլտիմեդիա, տիկնիկային, կրկեսային, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ: Փառատոնի ծրագրին ծանոթացեք այստեղ եւ դարձեք երեւանյան թատերական շաբաթվա մասնակիցը:

BRAVO.am-ը “Հայֆեստ”-ի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին