×


Հայերը՝ Հայաստանից այս եւ այն կողմ

Երեւանում բացվել է թբիլիսաբնակ հայազգի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի ցուցահանդեսը: Ցուցադրված ֆոտոռեպորտաժի հայեցակարգի համաձայն, ներկայացվել էր հայկական հետքը վրացական պատմության ու մշակույթի մեջ:

Յուրի Ակուլյանի ֆոտոցուցահանդեսին


Լուսանկարիչ Յուրի Ակուլյանի արխիվում շուրջ 65000 լուսանկար կա, սակայն «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգիր» ցուցադրությանը ներկայացվել է 50 աշխատանք, որոնք զարդարել են պատկերասրահի պատերը, իսկ լրացնում էր ցուցադրությունը սլայդ շոուն:

Համեստ մտավորականը, ով մասնագիտությամբ ինժեներ է, վերջին 40 տարին զբաղվում է լուսանկարչությամբ, եւ մեր ժամանակների համար արտասովոր արիստոկրատականությամբ, որը բնորոշ է Թբիլիսիի հայերին, իր արվեստի սիրահարներին ներկայացնում է կոմպոզիցիայի, էքսպոզիցիայի եւ գեղագիտական արժանիքների տեսակետից հիանալի աշխատանքներ: Իսկ յուրաքանչյուր լուսանկարի խորհրդանշական բովանդակությունը մեզ ուղղորդում է դեպի արվեստագետի ենթագիտակցության խորքերը, դեպի այն պահը, երբ ինչ-որ տպավորության տակ ծնունդ է առել այս կամ այն աշխատանքը: Անկասկած, այդ բոլոր նրբություններն երբեմն շատ բարդ է լինում ընկալել, սակայն լուսանկարչական արվեստը գնահատող մարդկանց համար յուրաքանչյուր լուսանկար մի ողջ պատմություն է, տեղեկության անսպառ աղբյուր. այն հոսում է դեպի մեկ ընդհանուր կետ, որն անվանում են գեղարվեստական արժեք:

Յուրի Ակուլյանի ֆոտոցուցահանդեսին


Ակուլյանի ֆոտոպատմությունները մեզ են ներկայացնում Վրաստանի հայ համայնքի կյանքի կարեւորագույն դեպքերը վերջին 15 տարում. Հայաստանի եւ Վրաստանի առաջին դեմքերի հանդիպումները, նշանակալից միջոցառումները եւ առանցքային տոնակատարությունները, որոնք միավորում են, Յուրիի ասելով, առանց այդ էլ միմյանց հետ կապը կորցրած հայերին: Բնականաբար, լուսանկարների մեջ կան Թբիլիսիի այն ակնառու հայերի եւ վրացիների դիմանկարները, ովքեր լուրջ ներդրում են ունեցել հոգեւոր մտերմություն ունեցող երկու երկրների մշակութային կապերի ամրապնդման գործում: Ներկայացված հավաքածուի մեջ, օրինակ, կա լուսանկար Սբ. Գեւորգ հայկական վանքի վերանորոգումից: Կամ, օրինակ, թիֆլիսահայերի սիրելի Վարդատոնի լուսանկարը: Այստեղ կա նաեւ Գայանե Խաչատրյանի՝ հայտնի թբիլիսյան նկարչուհու լուսանկարը, ով մեծաքանակ գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Կան նաեւ հայտնի լրագրողների, լուսանկարիչների, թարգմանիչների ու դերասանների լուսանկարներ: Մի խոսքով, իմաստային եւ խոսուն ֆոտոակնարկներ՝ դիմանկարներով:

Յուրի Ակուլյանի ֆոտոցուցահանդեսին


Յուրի Ակուլյանին կյանքում ուղղորդող գործը շատ վեհ է եւ անգնահատելի: Նա իր վրա է վերցրել հայկական ազգային ինքնագիտակցման խրախուսողի, երկու հնագույն ազգերի միջեւ միջնորդի դերը: Ըստ էության, հենց դա նկատի ուներ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, երբ ասում էր. «Շատ կարեւոր է, որ երկու ազգերը շփվեն, ավելի լավ ճանաչեն միմյանց: Այստեղ (Հայաստանում - խմբ.) ճանաչում են այնքանով, որ մենք ունեցել ենք ընդհանուր պատմություն, Վրաստանում ճանաչում են այնքանով, որ կա հայ համայնք, սակայն վերջին 20 տարին միտում կա, որ մենք գնալով ավելի քիչ ենք ճանաչում իրար: Եվ ես կարծում եմ, որ նման միջոցառումները, ինչպես Երեւանում, այնպես էլ Թբիլիսիում, անպայման պետք է յուրահատուկ խթան հանդիսանան եւ օժանդակեն մեր երկու ազգերին, որպեսզի ոչ մի կողմնակի ուժ կամ որեւէ մեկը չներխուժի այդ գործընթաց, եւ մեր ազգերը բարի դրացիական հարաբերություններ ունենան ու բարգավաճեն»:

Որպեսզի սառույցը շարժվի եւ արժեքների վերանայում տեղի ունենա, կարեւոր է լուսանկարիչ Յուրի Ակուլյանի, «Ագորա-Ջորջիա» թբիլիսյան հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մաքսոեւայի եւ Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի գործունեությունը Վրաստանում, եւ վրաց մասնագետների աշխատանքը՝ Հայաստանում:

Սոնա Ֆահրադյան /Bravo.am/
Լուսանկարները՝ Գարիկ Աբելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին