×


“Հայկական աշխարհը’’ ցուցադրվել է Նյու Յորքում

Արվեստագետ Լեւոն Լաճիկյանի թվով վեցերորդ, սակայն արտասահմանյան առաջին անհատական ցուցահանդեսն է նախորդ տարեվերջին կայացել Նյու Յորքում:): “Հայկական աշխարհ’’ խորագրով ցուցահանդեսի կարգախոսն էլ, որի հեղինակը հենց նկարիչն է, հետեւյալն է` “Նույնիսկ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը սահմաններ է ունեցել, մինչդեռ անսահման է Հայկական աշխարհը…’’:

Արվեստագետ, նկարիչ Լեւոն Լաճիկյանը


Պոլսահայ օգնության միության(CARS) աջակցությամբ կազմակերպած ցուցահանդեսը տեղի է ունեցել Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու “Գալուստյան” սրահում: Բացմանը ներկա է եղել մոտ 150 մարդ, այդ թվում` Ստամբուլի Շիշլի թաղամասի փոխքաղաքապետ Վազգեն Բարոնը:Ի դեպ, ցուցահանդեսի առաջին այցելուները եկեղեցուն կից դպրոցի սաներն են եղել:

Կողք կողքի ներկայացել են Կարսը, Էրզրումը, նաեւ այն վայրերը, որոնք որեւէ կերպ կապ ունեն Հայաստանի հետ: “Ինձ համար հայկական աշխարհ է ամեն մի բնակավայր, որտեղ գեթ մեկ հայ է ապրում կամ որեւէ հիշատակ կա’’,- նշում է արվեստագետը:

“Չեմ ուզում ինքս ինձ աչքով տալ, բայց այս մեկ տարվա ընթացքում ցուցահանդեսային բուռն  գործունեություն եմ ծավալել: Ուշ եմ սկսել ներկայանալ, այդ պատճառով էլ ուզում եմ վազանց կատարել ու լրացնել բացթողումը: Ցուցահանդեսներն ինձ շատ եմ ոգեւորվում’’-ասում է Լեւոն Լաճիկյանը:

Լեւոն Լաճիկյանի “Հայկական աշխարհ” հավաքածուում ընդգրկված աշխատանքներից (Գյումրիի բակերից)


Ի՞նչ արձագանք կունենա Գյումրու փողոցներից մեկի պատկերը Նյու Յորքում. ահա այն հարցը, որ մտահոգել է արվեստագետին:). “Եթե մարդ սիրում ու հասկանում է արվեստը, ապա վայրը կապ չունի: Սակայն “ինչ’’ ցուցադրելուց առավել կարեւոր է “ինչպեսը’’: Ցանկացած բան, եթե ճիշտ ես մատուցում, այն հաջողությամբ ընկալվում է”,- կարծում է Լեւոն Լաճիկյանը:

Ի դեպ, ցուցահանդեսը բարեգործական բնույթ է կրել: Պոլսահայ օգնության միությունը հանդիսանում է Տավուշի մարզի սահմանամերձ Կայան ավանում գտնվող Հովհաննես Հինդլյանի անվան դպրոցի հովանավորը: Ցուցահանդեսի ընթացքում վաճառված նկարների հասույթը փոխանցվել է այս դպրոցին: Վաճառվել են ներկայացված գրեթե բոլոր նկարները:

Լեւոն Լաճիկյանի նյույորքյան ցուցադրությանը


Լեւոն Լաճիկյանին նաեւ բախտ է վիճակվել այցելեց Չիկագոյի արվեստի ինստիտուտ, որտեղ  գտնվում է  Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանից հետո գեղարվեստական հարուստ երկրորդ հավաքածուն ԱՄՆ-ում: Արվեստագետը խոստովանում է, որ չափազանց տպավորված է տեսածով. “Արվեստն  ինձ համար մաքրագործվելու միջոց է: Արվեստի շնորհիվ ես ապրեցնում եմ ինքս ինձ”:

“Այս ամենից շատ եմ ոգեւորված, ինչն ինձ կմղի, որ շարունակեմ գործունեությունս: Շատ չեմ ուզում բացել պլաններս, սակայն արդեն կան նախագծեր, նաեւ հրավեր Լիբանանից’’,- ասել է Լեւոն Լաճիկյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լեւոն Լաճիկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW