×


Հայուհին` ֆրանսիական «France 2» hեռուստաալիքի «Միսս մետեո»

Փարիզի անձրեւային եղանակն այլեւս չի տխրեցնի տեղացիներին, քանզի դրա մասին հաղորդելու է արեւային երկրի արմատներ ունեցող գեղեցկուհին։ Ֆրանիսայում ծնված, հայկական արմատներով Քլոե Նաբեդյանին է այսուհետեւ վստահված ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի եղանակի տեսությունը։

Քլոե Նաբեդյանը


Բոլորին է հայտնի, որ օդերեւութաբանական տեղեկատվությունը հիմնականում հմայիչ աղջիկներն ու կանայք են հաղորդում, Սորբոնի շրջանավարտ հայուհին, սակայն, այս կոչմանն արժանացել է ոչ միայն գրավիչ արտաքինով, այլեւ` երկար աշխատանքային փորձով: Հեռուստատեսային բնագավառում նա կարողացել է իր տեղը գրավել գիտելիքներով, իսկ մեղմ ժպիտն ու պարուհու կազմվածքն անտարբեր չեն թողել հանդիսատեսին։

Արվեստի պատմության մասնագետի եւ պարուհու կարիերաները հետեւում թողած Քլոեն միշտ էլ հետաքրքրված է եղել երկրագնդի վրա տեղի ունեցող փոփոխություններով եւ դրանից բխող եղանակի անակնկալներով։ Նա համոզված է, որ եղանակի տեսության հաղորդումները կարող են նաեւ մարդկանց մտածել տալ երկրագնդի եւ դրա պահպանման մասին։

Քլոե Նաբեդյանը


Քլոե Նաբեդյանը վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել է, որ աշխատանքին շատ լրջորեն է վերաբերվում եւ իր վրա մեծ պատասխանատվություն է զգում.«Անցել են այն ժամանակները, երբ կասկածանքով էինք լսում եղանակի տեսությունը, այժմ մենք ունենք վստահելի միջոցներ ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու համար։  Եղանակից շատ բան է կախված մեր երկրում՝ զբոսաշրջություն եւ բազում այլ ոլորտներ, այդ իսկ պատճառով է, որ լարված եմ ու գիտեմ, թե որքան կարեւոր է այն, ինչ հաղորդելու եմ»։

31-ամյա հայուհին արդեն իսկ ճանաչում ունի, քանի որ մինչ այս ներկայացել է հեռուստատեսային եւ ինտերնետային տարբեր նախագծերում։ Նա էկրանին կհայտնվի ամենաշատ դիտվող երեկոյան եթերի ժամերին։

Պատրաստեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Քլոե Նաբեդյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին