×


Հայտնի են «Նոր ալիք 2017»-ում Հայաստանի ներկայացուցիչների անունները

Սոչիում կայանալիք «Նոր ալիք 2017»-ում Հայաստանը ներկայացնելու են Սյուզաննա Մելքոնյանը եւ «Արցախի ձայներ» խմբից Էռնա Միրզոյանը։ Երաժշտական տարբեր նախագծերից հայտնի Սյուզաննան, ով վերջերս մասնակցում էր նաեւ «Դեպի Եվրատեսիլ»-ին, BRAVO.am-ին պատմել է միջազգային մրցույթի նախընտրական  փուլի մանրամասները։

«Նոր ալիք 2017»-ի մասնակիցներն ու Ալեքսանդր Ռեւզինը


Ապրիլի 7-ին եւ 8-ին Մոսկվայում կայացած փուլում 96 հոգուց եզրափակիչ է անցել 15 մասնակից.«Այս մրցույթով հետաքրքրված եմ վաղուց, երբ իմ ավագ գործընկերները մասնակցում էին, եւ Հայաստանում թեժ քննարկումներ էին։ Երազում էի, որ մի գեղեցիկ օր ես էլ կհայտնվեմ այդ բեմում, բայց չէի պատկերացնում, որ այս տարի կընտրվեմ։ Հայտ ներկայացնելը ծավալուն աշխատանք էր. պետք է ունենաս հեղինակային կամ քեզ համար գրված երգ, եւս մի քանի երգ՝ MP3 ձեւաչափով, բացի այդ, երեք բեմական, կերպարային լուսանկար: Առանց տեսանյութերի, վոկալով ու լուսանկարով են մեզ ընտրել։ Հայտագրումից տասն օր անց զանգահարեցին լավ լուրով:)»,-ասել է նա:

Երգչուհին տպավորված է վերադարձել, նշում է՝ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվելու մրցույթին.«Առաջին անգամ երգեցի այլազգի ժյուրիի առջեւ: Նրանց սկզբունքները շատ են տարբերվում հայերի սկզբունքներից։ Այնտեղ կարեւոր է ոչ միայն մասնակցի դիապազոնը, այլ նաեւ՝ ինչպես ես մատուցում քեզ, ինչպես ես վերաբերվում իրենց մրցույթին, ինչպես ես քո երկիրը ներկայացնելու։ Ինձ համար երկրորդ օրն ավելի բարդ ու դժվար էր, մասնակիցների միջեւ լարվածություն կար, հատկապես, երբ ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ռեւզինը հայտարարեց 25 հոգու անունը, որոնք պետք է երգեին նաեւ երկրորդ օրը»։

Սյուզաննա Մելքոնյանը


Սյուզաննան մրցութային առաջին օրը կատարել է երաժիշտ Շուշան Սարգսյանի «Навсегда», «Destiny’s Child» խմբի «Stand Up For Love» երգերը, հավելյալ նաեւ երգել է Լարա Ֆաբիանի երգացանկից «Je Suis Malade»-ն։ Երկրորդ օրը կատարել է «It's a Man's World», «Mamma Knows Best» երգերը։

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 8-ից 15-ը.«Օգոստոսի 22-ին պետք է լինենք Սոչիում, քանի որ մինչեւ սեպտեմբերի 7-ն ընթանալու են փորձերը։ Հուսով եմ՝ հայկական հեռուստաընկերություններից մեկը կհեռարձակի մրցույթը»։

BRAVO.am
Լուսանկարները` Սյուզաննա Մելքոնյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին