×


Հայտնի մայրիկները բացահայտում են իրենց խնդիրները

Գերմանիայում բնակվող Մերի Սարիկյանը Մանհայմի Ծնողների դպրոցում մրցանակ է ստացել։ Մրցույթին մասնակցող տարբեր ազգերի մայրիկների պատմություններից հաղթող է ճանաչվել նրա ներկայացրած օրակարգը։ Մասնագիտությամբ իրավաբան Մերին իր առաջնեկի՝ 8 ամսական Էմիլիի հետ այժմ Երեւանում է, երեկ հանդիպում էր կազմակերպել երիտասարդ մայրերի եւ հղի կանանց համար։ Մանկական միջոցառմանը ներկա էին նաեւ «Միսս Հայաստան-2001» տիտղոսակիր Իրինա Թովմասյանը, երգչուհիներ Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները, Նելլին, ոճաբան Մարիաննա Քաբաբյանը եւ շատ ուրիշներ։

Մերի Սարիկյանը` դստեր հետ, եւ Նելլին


26-ամյա Մերին ամուսնությունից հետո երկու տարի է՝ բնակվում է Գերմանիայում։  Մրցույթի ժամանակ խոսել է գերմաներեն, ինչպես պատմում է՝ լեզուն սկսել է սովորել տեղափոխվելուց հետո։ Մրցույթին եղել են հետեւյալ 2 անվանակարգերը՝ «Մայրիկի լավագույն օրակարգը» եւ «Ամենածիծաղաշարժ պատմություն», դստեր հետ հաղթել է առաջին անվանակարգում.«Միշտ ասում եմ, որ մայրերին պետք են մայրեր, որ իրենց միայնակ չզգան։ Անհրաժեշտ է փոխանակվել փորձով, ինչի շնորհիվ անգամ խնդիրների դեպքում քեզ միայնակ չես զգում, քեզ հուզող հարցերի վերաբերյալ ստանում ես անհրաժեշտ պատասխաններ»։

Սեմինարի ընթացքում Մերին պատմեց, թե ինչ փուլերով են մայրերն անցնում  հետծննդաբերական շրջանում եւ իր օրինակով ներկայացրեց խնդրի լուծումը. «Նորածնին խնամելիս գրեթե բոլոր մայրերը նույն հակասական զգացողություններն են ունենում, թվում է՝ երեխան հրաշք է մեր կյանքում, երբեմն էլ մտածում ենք, որ խանգարող հանգամանք է, բայց պետք է սովորենք մայրանալուց հետո ներդաշնակ ապրել։ Հիմա հաճախ կիրառվող Baby Blues-ի եւ հետծննդաբերական դեպրեսիայի միջեւ տարբերություն կա. առաջինի նախանշաններն են` անքնությունը, տրամադրության անկումը, հոգնածությունը, հուզական անկայուն վիճակը. մայրիկը ծննդատնից պետք է արդեն իմանա, որ նորմալ երեւույթ է, բայց եթե ընկճվածությունը երկար է տեւում, չեք ուզում նույնիսկ երեխային խնամել, ապա անհրաժեշտ է մասնագետներին դիմել։ Ցավոք, Հայաստանում ծնողների դպրոցները լայն տարածում չունեն, մեր մենթալիտետի համաձայն խուսափում ենք հոգեբանի դիմել, բայց միշտ լուծում կա։ Կարող եք գտնել այլ մայրերի եւ խորհուրդներ հարցնել, քանի որ մյուս մայրերն էլ նույն խնդիրներին են բախվում»։

Անուշիկ Ալավերդյանը` դստեր հետ


Հանրությանը հայտնի մայրիկները եւս անկեղծացան ու կիսվեցին իրենց փորձով։ Երեք երեխայի մայր Իրինա Թովմասյանը կարեւորում է նմանատիպ հանդիպումները, միեւնույն ժամանակ խորհուրդ տալիս համացանցի միջոցով ինքնակրթվել.«Շատերը մտածում են, որ ինձ համար հեշտ է, որովհետեւ միայնակ չեմ խնամում, իհարկե, մայրս, դայակս, ամուսինս, մեծ աղջիկս ինձ շատ օգնում են, բայց գլխավոր պատասխանատուն ես եմ։ Հաճախ աշխատանքս տուժում է, չեմ կարողանում լիարժեք ամեն ինչ հասցնել, բայց դա օգնում է ինքնադրսեւորվել ու տանը չմեկուսանալ։ Դեպրեսիվ հետծննդաբերական շրջան չեմ ունեցել, թեթեւ եմ ապրում, հեշտությամբ հաղթահարում եմ։ Խուճապի եմ մատնվում միայն այն դեպքում, երբ աղջիկներիցս մեկը հիվանդ է։ Եթե փոքրիկներն առողջ են, ուրեմն մայրիկը չպետք է կենտրոնանա փոքր խնդիրների վրա»։

Արեւիկ Ալավերդյանն անկեղծորեն պատմեց, որ որդու լույս աշխարհ գալուց հետո հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել.«Ապրելով Փարիզում եւ լինելով հարազատներիցս հեռու՝ ծննդաբերությունից հետո բարդ շրջան էր, ինչը կապում էի միայնակ լինելու հետ, բայց խոսելով Երեւանում գտնվող ընկերուհիներիս հետ, հասկացա, որ նրանք էլ նույնն են զգում։ Այդ բարդ շրջանը հաղթահարեցի խոսելու ու խնդիրներս բարձրաձայնելու շնորհիվ։ Շատ կարեւոր է ամուսնու օգնությունը, որովհետեւ սկսում ես տրամաբանությունից դուրս մտածել, գերհոգնածության պատճառով նույնիսկ չես ուզում խնամել երեխային, որն այդքան սպասված էր։ Վերականգնվելու համար ինձնից մոտ մեկ ամիս պահանջվեց»։

Նելլին, Արեւիկ Ալավերդյանը, Իրինա Թովմասյանը


Երկու դստեր մայրիկ Նելլին, խոսելով իր փորձից, հայտնեց, որ առաջնեկի դեպքում բախվել է դժվարությունների, քանի որ ծննդաբերել է Լեհաստանում. «Հարազատներիս բացակայությունը զգացվում էր, մյուս կողմից էլ բժիշկները հասկանալի չէին բացատրում, ամեն մանրուքից նյարդայնանում էի։ Ինձ համար նաեւ բարդ երեւույթ է, երբ երեխան լավ չի սնվում։ Մայրերի նյարդերի վրա ազդում են մանր խնդիրները, բայց հոգեբույժի դիմելու կարիք չկա. մայրերի ակումբին անվանում եմ աննորմալների ակումբ։ Բոլորիս մաղթում եմ համբերություն, մայրիկները պիտի հիշեն, որ առաջինն ու վերջինը չեն»։

Անուշիկ Ալավերդյանն էլ նշեց, որ աշխատանքային դադարի ընացքում լիովին նվիրվել է իր առաջնեկին՝ Մայային.«Ցանկացած մայր գիտի, որ սկզբնական փուլում շատ դժվար է։ Աշխատանքային դադարը կարեւոր է վերականգնվելու համար, մեկ տարի բոլորովին բեմ չեմ բարձրացել։ Այդ շրջանը վայելել եմ, բայց նաեւ հոգնել։ Շատ բարդ էր ու մի քիչ էլ դեպրեսիվ, բայց վստահ եմ՝ երկրորդ երեխայի դեպքում նույնը չի լինի»։

Մերին այս միջոցառումը նախաձեռնել էր «Focus On Children Now» հասարակական կազմակերպության հետ, ծրագիրը նաեւ բարեգործական բնույթ էր կրում։ Կատարված հանգանակությունները կուղղվեն Տավուշի սահմանամերձ համայնքներից մեկի երեխաներին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Վիկտոր Զատիկյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին