×


Հասմիկ Կարապետյան.«Ինձ թույլ տվեցի մտնել վտանգավոր դաշտ»

Շուրջ երկուսուկես տարի ընդմիջումից հետո Հասմիկ Կարապետյանը դարձյալ եթերում է. երգչուհին վարում է «Կենտրոն» հեռուստաընկերության «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ շատ էր կարոտել հաղորդավարի աշխատանքը:

Հասմիկ Կարապետյանը` «Սկսենք նորից» ծրագրի տաղավարում


«Քանի որ Ռաֆայել Ղազանչյանի հետ առավոտյան հաղորդում էլի էի վարել «Արմենիա»-ում, մտածեցի, որ երկարատեւ դադարից հետո կարելի է վերադառնալ եթեր: Այս տարիների ընթացքում շատ երկրպագուներ, հեռուստադիտողներ, ովքեր սովոր էին ինձ տեսնել եթերում, ասում էին, որ շատ են կարոտել: Ես էլ եթերն ու իմ հանդիսատեսին եմ կարոտել»,-ասել է նա` հավելելով, որ ինչպես բեմը, ուղիղ եթերը նույնպես ունի կախարդիչ ուժ:

Ռաֆայել Ղազանչյանը եւ Հասմիկ Կարապետյանը` «Սկսենք նորից» ծրագրի տաղավարում


Հասմիկը չի սիրում եթերում լինել արհեստական, ամեն առումով «չափված եւ ձեւված», վստահ է, որ հեռուստադիտողը նկատում է ամեն մի հայացք, շարժում եւ զգում, թե ինչ է կատարվում հաղորդավարի հոգում.«Կարծում եմ` նրանք կարոտել են հենց իմ անկեղծությունն ու անմիջականությունը: Սիրում եմ եթերը: Հնարավոր է` շատերի համար այդ երեւույթը վախենալու է. չէ՞ որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Լրագրողի մասնագիտությունս կիսատ եմ թողել, այս դաշտում ինձ արհեստավարժ չեմ համարում, բայց մեր ժամանակներում շատ հնարավոր է մի երգչուհու տեսնել որեւէ սերիալում կամ դերասանուհու` երգելիս: Այդ պատճառով ինձ թույլ տվեցի մտնել հեռուստաաշխարհ, ուր ամեն ինչ հետաքրքիր է, գունեղ, բայց նաեւ շատ վտանգավոր. դու կարող ես սպառվել, հետաքրքիր չլինել»:

Խոսելով երգարվեստից` Հասմիկն ասել է, որ շարունակում է ստեղծագործել եւ համագործակցել ԴերՀովայի հետ: Գարնանը կնկարահանվի իր նոր` “Դու պիտի ապրես” երգի տեսահոլովակը: Զգում է, որ երգը բարի, լուսավոր ուժ ունի, հույս կներշնչի մարդկանց եւ ուժ հաղորդի:

Հասմիկ Կարապետյանը` ամուսնու հետ


«Փոքրիկ նվագախմբով ելույթ ունենալու ծրագրեր կան ինչպես Երեւանում, այնպես էլ Գյումրիում, որտեղ հաճախ ենք լինում ամուսնուս աշխատանքի շնորհիվ. նա իրականացնում է «Հույս» Գյումրիի շենացման բարեգործական ծրագիրը: Այնտեղի ջազ ակումբում հանդես գալու նպատակ եւս կա: Ժամանակը ցույց կտա: Ապրում եմ այսօրվա օրով: Որքան էլ պլանավորում ենք, կատարվում է այն, ինչ պետք է կատարվի»-ասել է նա:

Աշխատանքում տեւական դադարի շրջանի դրական կողմն, ըստ երգչուհու, միանշանակ սերն է: Որքան էլ սիրում է արվեստը, պաշտում, նվիրվում բեմին, գալիս է ժամնակ, երբ ուզում է լինել ոչ թե արտիստ, այլ սիրված կին: Բացասականն էլ գուցե ժամանակի սղությունն է:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին