×


Հասմիկ Շիրոյանը` “Ուկրաինայի ձայն”-ի, Անի Լորակի խորհուրդների, Սիրուշոյի երգերի եւ Երեւանում իր ամենասիրելի վայրի մասին

“Ուկրաինայի ձայն”-ի 4-րդ եթերաշրջանը հայերիս համար ուշագրավ է, թերեւս, այն պատճառով, որ հեռուստանախագծին մասնակցում է “յան” ազգանվամբ երգչուհի: Կույր լսումների փուլում Հասմիկ Շիրոյանի ելույթի ժամանակ շրջվեցին չորս մարզիչները, նա ընտրեց Անի Լորակին: BRAVO.am-ն առցանց զրույց է ունեցել Երեւանում ծնված, Ուկրաինայում մեծացած 20-ամյա հայուհու հետ, որի ընթացքում նա պատմել է մրցույթի, ընտանիքի, սիրելի երաժշտության եւ Հայաստան այցելությունների մասին:

Հասմիկ Շիրոյանը


-Ո՞վ քեզ ոգեւորեց եւ խորհուրդ տվեց մասնակցել “Ուկրաինայի ձայնը” նախագծին: Իսկ հայաստանյան տարբերակին մասնակցելու ցանկություն չե՞ս ունեցել:


-Բոլոր ընկերներս խրախուսում էին, որ մասնակցեմ, բայց կարծես ինչ-որ բանի էի սպասում… Սպասում էի իմ ժամանակին, եւ երբ հեռուստատեսությամբ տեսա նախագծի այս եթերաշրջանի գովազդը, ինձ ձգեց այն: Ընդհանրապես, սիրում եմ ապավինել իմ կանխազգացմանը: 16 տարեկանից սկսել եմ վոկալ պարապել, ուսուցիչս չէր թույլատրում բեմ բարձրանալ` ասելով, որ դեռ լիովին պատրաստ չեմ: Իսկ հիմա վստահ եմ իմ ուժերին, ամենակարեւորը` շատ եմ ուզում ստեղծագործական կյանքս կիսել հանդիսատեսի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում մրցույթների մասնակցելուն, մեծ ցանկություն ունեմ:):

-Երբ բոլոր մարզիչները երգելուդ ընթացքում պտտվեցին, ավարտին ասացիր, որ շոկային վիճակում ես: Հիմա ի՞նչ ես զգում, երբ նորից դիտում ես տեսանյութը:

Հասմիկ Շիրոյանը


-Սովորաբար, շատ քննադատաբար եմ վերաբերվում կատարումներիս ու թերագնահատում եմ ինձ: Վերանայելով ելույթս, ինձ համար առանձնացրել եմ դրական ու բացասական կողմերը: Բայց “մինուսները” երկրորդ պլանում են հայտնվել, որովհետեւ երգելիս փշաքաղվեցի, ինչն իմ դեպքում հազվադեպ է լինում:  Այդ պահին երգեցի այն, ինչ կար իմ հոգում, քանի որ երգս աշխարհի խաղաղության մասին էր եւ ուղղակիորեն կապված Ուկրաինայի եւ մյուս երկրների այսօրվա իրադարձությունների հետ: Այն բարության ու խաղաղության կոչ է: 

-Անի Լորակի թիմում  հարմարավե՞տ ես զգում: Ի՞նչ խորհուրդներ է նա քեզ տալիս:

-Անին կիսվում է իր փորձով, խորհուրդ տալիս` ինչպես շփվել հանդիսատեսի հետ: Նա առաջարկում է պատկերացնել, որ դու լույս, ջերմություն ու արեւի ճառագայթներ ես փոխանցում բեմից եւ դրանով քո ու հանդիսատեսի միջեւ ստեղծում էներգետիկ դաշտ:

-Մրցակցությունը շա՞տ թեժ է:


- Բոլոր մասնակիցները տաղանդավոր են, իհարկե, մենք դեռ պրոֆեսիոնալներ չենք, պետք է շատ աշխատենք: Ցավոք, արժանի շատ մասնակիցներ չհաղթահարեցին կույր լսումների փուլը: Տխուր է, բայց միշտ պետք է պայքարել… Ժպիտով, համբերությամբ կամ էլ բռունցքներով պետք է ձգտես ավելիին ու գնաս մինչեւ վերջ:

Հասմիկ Շիրոյանը


-Ուկրաինայում մասնակցել ես “Հայաստանի ձայն-2012” մրցույթ-փառատոնին եւ հաղթել: Կպատմե՞ս մանրամասներ այս մրցույթի մասին:
 
-Համաուկրաինական մրցույթ է, որը տեղի է ունենում այստեղ ապրող հայերի շրջանում: Այո, 2012-ին ես ստացա Գրան-պրի: Այս փառատոնն արժանի է ավելի մեծ ուշադրության. բարձրակարգ նախապատրաստում, պրոֆեսիոնալ ժյուրի, շքեղ մրցանակներ, մեծ լսարան եւ, իհարկե, ջերմ տպավորություններ, ինչը կազմակերպիչների` Իլոնա Քոչարյանի ու Արտակ Գենջոյանի շնորհիվ է: Ի դեպ, այս  տարի մրցույթը կանցկացվի միջազգային մասշտաբներով:

-Ո՞ր թվականին ես Երեւանից տեղափոխվել Դնեպրոպետրովսկ: Կպատմե՞ս ընտանիքիդ մասին:

-Ծնվել եմ Երեւանում: 1997 թվականին դժվար ժամանակաշրջան էր, եւ տեղափոխվեցինք Ուկրաինա: Մայրս մասնագիտությամբ ինժեներ է, հայրս` նկարիչ, հիմա նա աշխատում է ոսկերչական ընկերությունում: Քույրս էլ ինձնից 5 տարի մեծ է, նա մասնագիտությամբ թարգմանիչ է:

-Մայրդ ցանկանում էր, որ իրավաբան դառնայիր, ինչո՞ւ որպես մասնագիտություն ընտրեցիր հոգեբանությունը:


-Այո, մայրիկս ուզում էր, որ իրավաբանական կրթություն ստանամ, այն իրեն հոգեհարազատ է: Բայց փաստաթղթերի հետ աշխատանքն ինձ քիչ է ձգում, շատ ավելի հետաքրքիր է շփվել մարդկանց հետ, հասկանալ նրանց մտածելակերպը, բացահայտել ենթագիտակցությունը: Ծնողներս ինձ մանկուց ուղղորդել են դեպի արվեստը, փոքր տարիքից պարում եմ, նկարում… Կարծում եմ` նրանց համար սպասելի էի, որ չէի աշխատի, օրինակ, փաստաթղթերի հետ:

Հասմիկ Շիրոյանը


-Իսկ երաժշտական կրթություն ստացե՞լ ես: Ինչպես նկատեցի, ջազն է քո սիրելի ժանրը:

-Ցավոք, երաժշտական կրթություն չունեմ, բայց վոկալիս ուսուցիչը` Օլեգ Գալաշինը, ընդամենը 3,5 տարում ինձ այնքան բան է սովորեցրել, որ շատերը չեն հավատում, որ վերջերս եմ սկսել երգել: Այո, ամենից շատ սիրում եմ ջազ կատարել, բայց տարբեր ոճի երգեր կարողանում եմ երգել: Ինչպես ուսուցիչս է ասում, եթե ջազ ես երգում, կարող ես երգել ցանկացած երաժշտություն: Ջազն ազատություն է` իմպրովիզացիաների լայն հնարավորությամբ, բայց դժվար է դրան հասնել, իսկ երբ ստացվում է, զգում ես, որ ինքդ ես ստեղծում քո շարժումը:

-Ովքե՞ր են քո սիրելի հայ երաժիշտները, ու՞մ հետ կցանկանայիր անձամբ ծանոթանալ: 

-Երեւանում գտնվելիս անպայման այցելում եմ ջազ-ակումբներ: Վերջին երկու տարվա ընթացքում եղել եմ Արտո Թունջբոյաջյանի համերգներին, սիրում եմ նրա արվեստն ու բեմում ներկայանալու ձեւը: Հրաշալի նվագախումբ եւ էթնո-ջազի կատարման յուրահատուկ ոճ ունի: Հավանում եմ Սիրուշոյին, նույնիսկ երգում եմ նրա երգերից մի քանիսը, նաեւ Մհերին: “Դորիանս” ռոք-խումբը եւս ինձ դուր է գալիս:

Հասմիկ Շիրոյանը


-Որքան գիտեմ, վերջին անգամ Հայաստան ես եկել 2013-ի ամռանը: Ո՞ւմ ես ամենից շատ կարոտում, ո՞րն է քո սիրելի վայրը Երեւանում:

-Շատ եմ կարոտում բարեկամներիս ու բոլոր ծանոթներիս, այդ պատճառով էլ հաճախ եմ գալիս: Հայաստանն ինձ համար առանձին թեմա է. ինձ ոգեշնչում են բնությունը, սարերը, օդը, մարդիկ, ինչն ինձ հաճախ չի բավարարում: 2011-ին Հայաստան էի եկել “Արի տուն” ծրագրով, շատ էի հավանել, այսօր էլ շփվում ենք մասնակիցներով: Երեւանը շատ եմ սիրում, հատկապես Կասկադը, որտեղ էլ նախորդ ամռանն ունեցա ֆոտոշարք: Սիրում եմ աստիճաններով վերեւ բարձրանալ ու դիտել գիշերային քաղաքը:

- “Ուկրաինայի ձայն”-ի կույր լսումների փուլից հետո Հայաստանում արդեն գիտեն քո մասին ու հետեւում են ելույթներիդ: Ի՞նչ ունես ասելու BRAVO.am-ի ընթերցողներին:


-Շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ, կփորձեմ ուրախացնել իմ ելույթներով: Բոլորին մաղթում եմ անկեղծություն ու սեր, ուզում եմ, որ հավատաք ձեր երազանքներին ու հասնեք դրանց, ամենակարեւորը` հավատացեք ինքներդ ձեզ: Շնորհակալ եմ:

Հարցազրույցը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Բոստանջյանի եւ Հասմիկ Շիրոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին