×


Հարսի զգեստով Աննա Խանչալյանը, Տաթեւիկ Ադումյանը, Աննա Հարությունյանը եւ այլք` Teress-ի առաջին ցուցադրությանը

Նորաձեւության ոլորտում իր առաջին քայլերն անող Թերեզա Ղարաբաղցյանը ներկայանում է “Teress” անվամբ: Նա իր 25-ամյակը նշանավորել է 25 հագուստից բաղկացած առաջին հավաքածուի ցուցադրությամբ: Հյուրերն ունկնդրել են ջազ երգչուհի Աստղիկ Խերանյանի կատարումները, ապա գնահատել կարմիր գորգով քայլող մոդելների կրած զգեստները, որոնք սկսնակ դիզայները ստեղծել է մեկ տարվա ընթացքում:

Սոնա Ռուբենյանը եւ դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը


Միջոցառման հաղորդավար Լուսինե Բադալյանը, դիմելով ներկաներին, որոնց շարքում են եղել ինչպես գործարարներ, այնպես էլ շոու-բիզնեսի ու այլ ոլորտների ներկայացուցիչներ, նշել է, որ կարող է որպես մոդել քայլել, քանի որ նույնպես կրում է դիզայների ստեղծած զգեստներից մեկը:):

Թերեզան հավաքածուն անվանել է “No Black Nature”` աշխատելիս բացառելով սեւ գույնը: Ցուցադրության առաջին հատվածում մոդելները կրել են դասական կոստյումներ, իսկ երկրորդ հատվածում տարբեր ծաղիկների` կակաչի, զանգակի, մանուշակի, յասամանի, նարգիզի մոտիվներով կարված երեկոյան զգեստներ:

Աննա Խանչալյանը


“Տեխնիկայով հագեցած դարում շատ ենք հեռանում բնականից: Օգտվել եմ բնության հարուստ գույներից, իսկ այնտեղ բացակայում է սեւը”, -ասել է դիզայները` պատմելով, թե ինչու է որոշել հաստատվել այս ոլորտում.“Նախորդ տարեդարձիս օրը որոշեցի պատանեկությանս երազանքն իրականություն դարձնել եւ համարձակվեցի առաջին մեծ քայլն անել: Երբ այս փետրվարին ձեռքս վերցրի 13-14 տարեկանում արված էսքիզներս, հասկացա, որ թղթի վրա պատկերվածը կարող եմ իրականացնել. օրինակ` կակաչի ու մանուշակի զգեստների էսքիզը այդ տարիքում էի արել”:

Թերեզան կրթությամբ տնտեսագետ է, կարծում է` իր առաջին մասնագիտությունը կնպաստի նորաձեւության ոլորտում ճանապարհ հարթելուն.“Քանի որ աշխատում եմ որպես մարքեթոլոգ, ինձ ավելի հոգեհարազատ է բիզնես ուղղությունը: Առաջիկայում նախատեսում եմ հմտանալ գործարար ոճի հագուստի ստեղծման մեջ, կստեղծեմ կոստյումներ, որոնք նախատեսված կլինեն երիտասարդ եւ միջին տարիքի  կանանց համար”:

Անատի Սաքանյանը եւ Տաթեւիկ Ադումյանը


Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել “Նոր ալիք 2014” մրցույթի մասնակից Սոնա Ռուբենյանն ու “Հայաստանի ձայնը 2” նախագծի հաղթող Աննա Խանչալյանը, որոնք BRAVO.am-ի նախորդ լուսանկարահանումներին մասնակցել են հենց այս դիզայների հեղինակած զգեստներով: Ցուցադրության  եզրափակիչ հատվածում հայտնվել են հարսը, հղի կինը եւ փոքրիկ աղջնակը: Ի դեպ, հարսի կերպարում եղել է Աննա Խանչալյանը` երեկոն եզրափակելով Ռիհաննայի երգացանկից “Diamonds” երգով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին