×


Հիփ-հոփ պարերն ու էքստրեմալ սպորտաձեւերը՝ երեւանյան «Time For Kids» փառատոնում

Երեւանի Ազատության հրապարակը երեկ կրկին մարդաշատ էր. առիթն այս անգամ հիփ-հոփ մշակույթի եւ էքստրեմալ սպորտաձեւերի միջազգային ամենամյա լայնածավալ փառատոնի եզրափակիչ մրցելույթներն էին: Հիշեցնենք, հունիսի 23-ից 25-ը Երեւանում անցկացվեց «Time For Kids»-ը: Արդեն 4-րդ տարին իրականացվող փառատոնի շրջանակում Հայաստան էին ժամանել հիփ-հոփ մշակույթի հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Flying Steps խմբի ղեկավար, մեր հայրենակից Վարտան Բասիլը, Far For խմբի եւ ստեղծագործական միության հիմնադիր Banzay-ը,  All The Most եւ Bring It Back խմբերի ղեկավարը, ինչպես նաեւ այլ մասնակիցներ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից եւ այլ երկրներից։

Երեւանյան «Time For Kids» փառատոնին


Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիայի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Գարիկ Ալեքսանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ 2010 թվականից ներքաղաքային մի շարք մրցույթներ են կազմակերպում, գարնանային ու աշնանային հաշվետու համերգներ, ելույթներ ունենում, այնուամենայնիվ, հասկացել են, որ մեր երկրին միջազգային փորձ է անհրաժեշտ` առաջընթաց գրանցելու, ծանոթություններ, կապեր հաստատելու համար: Այդպես էլ հիմք է դրվել «Time For Kids»-ին:

«Իրականում փառատոնն ի սկզբանե նախատեսված էր միայն երեխաների համար, այդ իսկ պատճառով էլ խորագիրն ընտրվեց «Time For Kids»: Բայց քանի որ ձեւաչափը միջազգային է, եւ ոչ բոլոր երեխաները կարող էին ինքնուրույն վեր կենալ ու գալ (կա՛մ պետք է ծնողների հետ գային, կա՛մ լավագույն դեպքում՝  իրենց մարզիչների), որոշեցինք ընդլայնել կազմն ու ընդգրկել նաեւ մեծահասակներին: Ու այնպես ստացվեց, որ մարզիչներն ու մեծահասակներն ավելի շատ եղան, քան՝ փոքրերը: Բացի այդ, փառատոնն ամեն տարի անցկացվում էր հունիսի 1-ին, քանի որ այդ օրերին ակտիվ քննաշրջան էր ընթանում, եւ շատ մասնակիցներ պարզապես չէին կարողանա ներկա գտնվել, որոշեցինք տեղափոխել մեկ այլ օր: Այդպիսով մենք ունեցանք թե՛ շատ թվով մասնակիցներ, թե՛ պրոֆեսիոնալ ժյուրի»,-ասաց Գարիկը:

Երեւանյան «Time For Kids» փառատոնին


Նշենք, որ այս տարվա ծրագրում կազմակերպիչները ներառել էին նաեւ հիփ-հոփ մշակույթի նոր տարրեր՝ գրաֆիտի (Graffiti), դիջեյ (Djing), տոնախմբության վարպետ (MCing): Սա իսկական թարմություն էր փառատոնի համար, ինչի շնորհիվ երեւանյան հանդիսատեսը երեք օր շարունակ մեծ ոգեւորությամբ ու հետաքրքրությամբ հետեւում էր միջոցառման ընթացքին:

Ի դեպ, պետք է նկատենք, որ հայ հանդիսատեսի համար նման միջոցառումները դեռեւս փոքր-ինչ անծանոթ են, եւ այդ պատճառով նրանց շարքերում մեծ մասամբ պասիվություն էր տիրում, թեեւ իրավիճակն ամեն վայրկյան փորձում էր շտկել տոնախմբության վարպետը: Նրան, իհարկե, ամեն անգամ հաջողվում էր ոգեւորությունը վերականգնել հավաքվածների շրջանում՝  հորդորելով ծափերով ու բացականչություններով դիմավորել մեր հայրենակիցներին ու արտերկրից ժամանած հյուրերին: Ընդհանուր ոգեւորությանը փոքր-ինչ խանգարեց տեխնիկական խոտանը, երբ անջատվեց հոսանքն ու միջոցառումն ընդհատվեց: Բայց շուտով ամեն ինչ կարգավորվեց, եւ ծրագիրն ընթացավ իր նախկին հունով:

Երեւանյան «Time For Kids» փառատոնին


Սկզբում ելույթ ունեցան փոքր տարիքային խմբի ներկայացուցիչները, որտեղ իրեն փայլուն դրսեւորեց մեր հայրենակից Արթուր Խաչատրյանը՝  հաղթելով բոլոր մրցակիցներին ու զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: BRAVO.am-ի հետ զրույցում 10-ամյա տղան նշեց, որ շատ է սիրում բրեյք դանսը, հատկապես՝ Power Move ոճը, որն ինքնարտահայտման ավելի լայն հնարավորություններ է ընձեռում ու թույլ է տալիս ավելի գեղեցիկ հնարքներով ներկայանալ: Ի դեպ, Արթուրն արդեն հինգ տարուց ավելի է` զբաղվում է հիփ-հոփ պարերով եւ այդ ընթացքում հասցրել է դառնալ բազմակի չեմպիոն ինչպես Հայաստանում, այնպես էլ Կովկասի տարածաշրջանում: Նշենք նաեւ, որ մեծահասակների հետ պայքարում Արթուրը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` դառնալով ամենասիրելի մասնակիցներից մեկը, որի ելույթներին հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ էր հետեւում:

Միջոցառման ամենաթեժ պահերից մեկն այն էր, երբ պարահրապարակում պայքարի դուրս եկան Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հավաքականները: Երկար ու ձիգ ռաունդներից եւ ցուցադրական ելույթներից հետո հայտարարվեց հաղթողի անունը: Այսպիսով, այդ պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, 2-րդը` Հայաստանի, իսկ 3-րդը` Իրանի: «Արդար պայքար ընթացավ, ամեն ինչ ձեր աչքի առաջ էր, ընկերներ»,-նկատեց տոնախմբության վարպետը, ով, ի դեպ, ժամանել էր Ռուսաստանից:):

Երեւանյան «Time For Kids» փառատոնին


Փառատոնն ամփոփվեց մրցանակաբաշխությամբ, իսկ ամենավերջում հերթը հասավ սելֆիներին ու խմբակային լուսանկարներին: Եթե հաշվի չառնենք օդում պտտվող բազմաթիվ տոպրակները, որոնք ամեն պահի մեղմ հպվում էին մարդկանց դեմքերին, ապա կարող ենք ասել, որ միջոցառումը հրաշալի ընթացավ եւ երեւանյան փառատոնների շարքին եւս մեկ գեղեցիկ ու գունավոր միջոցառում ավելացավ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին