×


Հյուբերթ Քեփլը ելույթ կունենա կիթառի երեւանյան փառատոնին

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Կիթառի երեւանյան միջազգային 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու եւ վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:



Երաժշտական տոնը կազմակերպել են Երեւանի կիթառահարների եւ Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Բացման համերգին` հունիսի 28-ին, ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը (Գերմանիա): Նա իր սերնդի ամենաազդեցիկ կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում միջազգային բազմաթիվ փառատոնների ընթացքում, ինչպես նաեւ երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Հյուբերթ Քեփլը ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Հիմնադրել է Կոբլենցի կիթառի միջազգային ակադեմիան:

Բացման երեկոյին հանդես կգա նաեւ փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Փառատոնային երկրորդ համերգին` հունիսի 29-ին, ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Նա միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաեւ Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Փակման երեկոյին` հուլիսի 1-ին, հանդես կգա կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):

Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաեւ վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում իր հարուստ փորձով կկիսվի Հյուբերթ Քեփլը, իսկ Դմիտրի Մուրինը հունիսի 30-ին վարպետության դասընթաց կանցկացնի «Այբ» դպրոցում: LOFT ինքնազարգացման կենտրոնում նախատեսված է կազմակերպել Դավիթ Դյակովի վարպետության դասը:

Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ YerazArt հիմնադրամը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին