×


Հովհաննես Ազոյան.«Կուզեի ասել, որ կնոջը պետք է սիրել անխնա, բայց...»

Դերասան, շոումեն Հովհանես Ազոյանին հյուրընկալվեցի աշխատանքային սովորական օր` իր հիմնած ռեստորանում: Նա անկեղծացավ, որ վերջին շրջանում խուսափում է հարցազրույցներից, պատճառն անիմաստ հարցադրումներն են: BRAVO.am-ը բացառիկ կարգով ներկայացնում է Հովհաննես Ազոյանի մտորումները կյանքի, գինու ու կանանց մասին: Դերասանը պատմել է նաեւ իտալացի ռեժիսորից ստացած առաջարկի մասին:

Հովհաննես Ազոյանը


«Իմ ազատությունը»

Ներքին ազատությունն ինձ օգնեց, որպեսզի աճ գրանցեմ դերասանական կարիերայում: Հոգու, մտքի ազատությունն ամեն հարցում կարեւոր է` թե՛ անձնական երջանկության, թե՛ կարիերայի համար: Ազատությունը մարդու կոդերի մեջ է: Մարդու ճակատագիրը որոշումների շղթա է, բայց որոշումների տեսակը, ձեւը կոդերի մեջ է:

«Օրս սկսում եմ գինով»

Գինի խմել շատ եմ սիրում եւ օրս սկսում եմ գինով: Հայկական գինի եմ շատ սիրում, «Ոսկեվազն» իմ ամենասիրելին է. ֆանտաստիկ գինի է: Սկզբում սկսել եմ խմել արտասահմանյան գինիներ, տարբերությունն էի ուզում զգալ` համերի, բույրերի, հետո բացահայտեցի «Ոսկեվազը»: Գինին իմ տարերքն է: Գինու գիտակ չեմ, բայց սիրահար եմ:

Կինը գինի է

Կինն ու գինին շատ նման են իրենց զգայունությամբ: Գինին անընդհատ ապրում է,  պրոցեսի մեջ է, ինչպես եւ կինը: Օրինակ` տղամարդն այդպիսին չէ, նա կարող է պրոցեսի մեջ չլինել, անջատել իրեն եւ միայն որոշ ժամանակ անց միանալ: Տղամարդը դժվար է մտնում պրոցեսի մեջ, բայց կինն անընդհատ դրանում է: Այդ առումով կինն ու գինին նման են եւ միասին հաղթում են քաջ հերոսին: Ինձ էլ են հաղթել թե՛ կինը, եւ թե՛ գինին:

«Այդպիսի կանանց հետ սեքսն ավելի հաճելի է»

Ինձ դուր են գալիս խելացի կանայք: Գեղեցկությունը կարեւոր բաղադրիչ է, բայց չի կարող մոռացնել տալ կնոջ հիմարությունը: Նույնն է, թե գեղեցիկ շշով մատուցվի անհամ գինի: Միեւնույն ժամանակ, հնարավոր է` անշուք շշով այնպիսի գինի մատուցվի, որ չամաչես բացահայտ խմել, կամ այդ կնոջը բացահայտ սիրել… Կնոջ խոսքն է շատ կարեւոր, եւ խոսքերից կարելի է հասկանալ նրա խորությունը: Այդպիսի կանանց հետ սեքսն ավելի հաճելի է, հետաքրքիր եւ երկարատեւ: Անընդհատ նկարվող կինը հիմար կին է, ամեն րոպե հեռախոսի մեջ մտած կինը հիմար ու թմրամոլ կին է, որը  դատարկաբանությամբ է զբաղվում: Իմ հաջորդ կինն այդպիսին չպետք է լինի:

Խանդը

Խանդոտ եմ: Իմ ինքնավստահությունը շատ է. ով ինձ սիրում է, վստահ եմ, որ սիրում է, եւ վերջ: Բայց եթե կորցրել եմ ինքնավստահությունս… Խանդս դրսեւորվում է տխրությամբ:

«Եթե նորից ապրեի…»

Եթե նորից ապրեի, կչափավորեի խելագարություններս: Ծայրահեղ եմ:

Հովհաննես Ազոյանը


«Հայաստանի կյանքը նման է իմ կյանքին»

Հայաստանի կյանքը շատ նման է իմ անձնական կյանքին. նույն խնդիրներն են: Տեսնում եմ, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան, իդենտիֆիկացնում եմ իմ խնդիրների հետ եւ փորձում փոխել դրանք: Փառք Աստծո, ստացվում է: Իմ կյանքում վերացրել եմ սուտն ու  կեղծիքը: Ազնիվ եմ ինքս ինձ հետ վարվում, իմ քայլերն ազնիվ են երկրորդ անձի նկատմամբ: Չկա մեկը, ով կասի, թե Հովհաննես Ազոյանն անազնիվ է: Կուզեի, որ Հայաստանում մարդկանց հոգեւոր ու մարմնական ազատությունը ներդաշնակ լիներ: Երբ այդ երկու ազատությունները բախվում են միմյանց, ծնվում են սուտը, չարիքը, սթրեսը, դեպրեսիան, եւ այդ ամենը մետաստազներով փոխանցվում է ամեն ինչին` մինչեւ երկրի տնտեսությանը:

Ինչն է լիցքաթափում

Ինձ կարող է սեքսը լիցքաթափել, ինձ կարող է սերը լիցքաթափել, երաժշտությունը, մեկ բաժակ վիսկին, լավ զրույցը, ապագայի մասին ծրագրերը կամ լավ առաջարկը:

Կնամո՞լ, թե՞ կնամեծար

Ես կնասեր եմ: Համարում եմ, որ կինը մարդու կատարյալ տեսակն է` իր զգայունությամբ: Տղամարդու գործն է կնոջով զմայլվելը, իսկ կնոջ պարտականությունն է միշտ զմայլել տղամարդուն: Կուզեի ասել, որ կնոջը պետք է սիրել անխնա, բայց հիմա ասում եմ, որ պետք է սիրել չափավոր. այդպիսին են խաղի կանոնները: Կինը չպետք է լինի մեղադրող: Մեղադրողը կինն ալարկոտ է:

Ամուսնալուծությունը

Շատ դժվար է հաղթահարել ամուսնալուծության փուլը: Կյանքիս 11 տարին անցկացրել եմ մի մարդու հետ, ու հիմա բախվում եմ իմ անցյալին, իմ հուշերին: 34 տարեկան եմ ու կյանքիս հասուն կեսն ապրել եմ մի մարդու հետ..: Պատկերացրեք կամուրջ, որը Ա կետից տանում է Բ  կետ, հատում ես կամուրջը եւ, հետ նայելով, տեսնում, որ ոչինչ չկա: Կյանքը տրագիկ է եւ, միեւնույն ժամանակ, «քոմեդի» է: Պետք չէ արհաստական ձեւով այն դարձնել տրագիկ, կամ էլ արհեստականորեն ծիծաղելի:

Իտալական ֆիլմ

Հունվարին նկարահանվելու եմ իտալական ֆիլմում: Առաջարկ եմ ստացել իտալացի ռեժիսորից, որը Հայաստան էր ժամանել նկարահանումներ անելու: Պատահաբար ծանոթացանք, եւ շատ ուրախացա, որ այդ առաջարկը ստացա:

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Ազոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին