×


Հույզերի տարափ Բեթ Հարթի երեւայան համերգին

Ուա՜ու` երբ այլընտրանք չկա, նյութը երբեմն կարելի է հենց այս ձայնարկությամբ սկսել, ինչպես օրինակ` Բեթ Հարթի երեւանյան համերգի դեպքում, որ տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Երեկվա համերգը կարելի է հույզերի տոն անվանել. նման բան մեր քաղաքում վաղուց չէր եղել:

Բեթ Հարթի երեւանյան համերգին


Բեթ Հարթին լսել ցանկացողները շատ-շատ էին, այնպիսի տպավորություն էր, որ  Երեւանի կեսը դահլիճում է, ու բոլորն իրար գիեն: Բազմաթիվ ծանոթների հանդիպեցի, շատերն ամիսներ առաջ ներկա էին եղել երգչուհու թբիլիսյան համերգին:

Համերգը սկսվեց, լսվեցին առաջին ծափահարությունները, Բեթ Հարթը, որպես հաջող ելույթի գլխավոր գրավական, համբուրեց ամուսնուն` Սքոթ Գեցքոուին, եւ բեմ դուրս եկավ սեւ երկար թունիկա-զգեստով, բնական շպարով, սեւ եղունգներով, դաջվածքապատ եւ նռան կախազարդով` նա այնպիսին է, ինչպիսին կա, իրենից ու բոլորից թաքցնելու ոչինչ չունի:

Բեթ Հարթի երեւանյան համերգին


Առաջին կատարումից վայրկյաններ անց մարդիկ այլեւս անկարող էին նստել, եւ հաշված րոպեների ընթացքում բեմի առջեւ հավաքվեցին երգչուհու ամենա-ամենա երկրպագուները: Քիչ անց դահլիճի յուրաքանչյուր անկյունում ազատ տեղ չկար: Հոսքը դեպի բեմ անդադար էր` բոլորն ուզում էին մոտիկից տեսնել սիրելի երգչուհուն, դիպչել նրա ձեռքին: Այդ պահին սկսեցի հավատալ, որ Բեթ Հարթն իսկապես մոգական ուժ ունի, նրա կապտականաչ հայացքից կտրվելը դժվար էր… «Բարձրացրեք ձեռքերը, երգեք ինձ հետ…»` հանդիսատեսը պատրաստակամ էր իրականացնել երգչուհու ցանկացած «քմահաճույք»:

Ամենահավեսն այն էր, որ դահլիճում գտնվողների մեծամասնությունը նվազագույնը ծանոթ էր երգչուհու երգացանկին, առավելագույնը նրա երկրպագուն էր: Հենց առաջին նոտաներից նրանք Բեթի հետ բառ առ բառ երգում էին բոլոր երգերն ու արձագանքում նրա ամեն շարժմանը:

Բեթ Հարթի երեւանյան համերգին


«Այս ի՞նչ խենթություն է, անկեղծ եմ ասում` այսքան ջերմ մարդիկ երբեւէ  չեմ տեսել: Հավատացեք ինձ` սա լավագույն համերգս է»,-ասաց Բեթ Հարթն ու շարունակեց երգել:

Երբ նրա կատարմամբ հնչեց աշխարհահռչակ “Led Zeppelin”-ի “Whole Lotta Love” երգը, մի պահ ինձ 50-60-ականներում զգացի. ամերիկյան մթնոլորտ, ռոքնռոլ, կիթառ, ազատություն, եւ կարծես Ջենիս Ջոփլինն ու Ջիմ Մորիսոնը ողջ են եւ քիչ անց բեմ կբարձրանան: Բեթ Հարթի անցյալն էլ որոշակիորեն նրանց կյանք է հիշեցնում. երգչուհին երկար տարիներ պաքարել է թմրադեղերից կախվածության դեմ եւ հաղթահարել ամուսնու օգնությամբ: Հիմա նա առիթը բաց չի թողնում բեմից սեր խոստովանել Սքոթին եւ ասել, թե որքան կարեւոր մարդ է իր համար: Համերգի ավարտին էլ Բեթը «My Californnia» երգը նվիրեց հենց ամուսնուն:

Վերջում հանդիսատսն այդքան հեշտ չհանձնվեց` երկար ծափահարությունները Բեթ Հարթին բեմ վերադարձրին, ու էլի մի քանի կատարում եւ խոստում, որ անպայման կրկին կհանդիպենք:

Բեթ Հարթի երեւանյան համերգին


Դահլիճում գտնվողները կարծես մաքրվեցին ու բարիացան. սիրող զույգերը համբուրվում էին` հավերժ սիրելու օրհնանք ստանալով մեկից, ով բավական հասուն տարիքում վերջապես գտել է իր իսկական սերն ու երջանկությունը: Բոլորն այնքան ազատ եւ անկաշկանդ էին, որեւէ մեկին չէր հետաքրքրում, թե ինչ է հագել դիմացինը, ինչպես է պարում կողքինը, ինչ բարձր է երգում երրորդը, ինչու է բղավում բեմի մոտ կանգնածը. նրանք վայելում էին կատարումները` հասկանալով, որ իրենց միավորել է մեծն երաժշտության հզոր ուժը:

Համերգն ավարտվեց, ու Մարզահամերգային համալիրի անծայրածիր աստիճաններով իջնողները կամաց-կամաց վերադարձան իրականություն: Հարակից տարածքում գտնվող ռեստորանից լսվում էին ռուսական շանսոնի ելեւէջները: Եվ ես այդ պահին միայն մի բանի մասին էի երազում` գոնե Բեթ Հարթի մոգական աշխարհի թողած ազդեցությունը երկար տեւի, ու բարիացած մնանք, շարունակենք սիրել միմյանց, զիջենք ու չվատաբանենք ամեն առիթով:

Հ.Գ. Համերգը  կազմակերպել էր “One Production” ընկերությունը: Հաջորդ շաբաթ կներկայացնենք Բեթ Հարթի հետ մեր հարցազրույցն ու ֆոտոշարքը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին