×


Հուսիկ Արայի “Ազատության հրապարակ’’-ը` ապագա մարտնչումների հարթակ

Լույս է տեսել Հուսիկ Արայի “Ազատության հրապարակ”-ը: Այս ժողովածուում, ինչպես հեղինակն է նշում, յուրաքանչյուրս կգտնենք հատվածներ մեր կենսագրությունից, մեր պատմությունն ու վաղվա Հայաստանի մասին երազանքը:

Հուսիկ Արան ներկայացրել է "Ազատության հրապարակ" ժողովածուն


Գիրքը փոխանցում է անկախության պարգեւած ոգեւորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, բայց եւ՝ հիասթափություններն ու ցավը: Առաջին մասում Հուսիկ Արան խոսում է անկախության արժեւորման մասին:

“Անկախություն, զինանշան, բանակ. սրանք անանց արժեքներ են` անկախ քաղաքական ու սոցիալական պայմաններից: Որքան էլ դժվար է, պետք է վեր կանգնել խնդիրներից ու վառ պահել վեհ Հայաստանի տեսլականը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա` հավելելով, որ ժողովածուի անվանումն օգտագործել է տարբեր իմաստներով` որպես խորհրդանիշ, իրական վայր, նաեւ ապագա մարտնչումների հարթակ:  

Լույս է տեսել Հուսիկ Արայի “Ազատության հրապարակ” ժողովածուն


“Հուսիկի գիրքը վառ է պահում հայի ոգին ու դաստիարակչական հատկանիշ ունի: Ինչքան շատ կարդան այս գիրքը, ստեղծագործություններում ապրող ոգին ակամա կփոխանցվի ընթերցողին: “Ազատության հրապարակ”-ը կարդալով` հավատում եմ մեր ժողովրդի վաղվա պայծառ օրվան”,-նշել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Հուսիկ Արայի “Մարդու որդիները’’ բանաստեղծությունների շարքը, որն առաջին անգամ տպագրվել է 1996 թվականին, նոր շունչ ստացած եւս ամփոփվել է “Ազատության հրապարակ”-ում: Այն նվիրված է բանաստեղծի` Արցախյան ազատամարտում զոհված մտերիմ ընկերոջ հիշատակին:

Հուսիկ Արան առանձնացրել է ժողովածուում ներառված “Առավոտ” ստեղծագործությունը.“Ցեղասպանությունից հետո մարդը կամ ոչնչանում է, կամ էլ` վերելք ապրում: Ես դիտարկել եմ երկրորդ տարբերակը: Մազապուրծի թոռ եմ, այս ստեղծագործությունը շատ կարեւոր է ինձ համար: Ներկայացրել եմ նաեւ պապիս մասին պատմությունները’’:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին