×


“Հուսո առագաստ”-ը` շուտով նաեւ Դիլիջանում

Երիտասարդ հեղինակ-կատարողներին ի հայտ բերելու ու աջակցելու նպատակ հետապնդող “Հուսո առագաստ 2015” հեղինակային երգի համահայկական փառատոնը մեկնարկել է:

“Հուսո առագաստ-2015” փառատոնի տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը


Բարդերի ակումբի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած իրադարձությունը անցկացվում է երկու փուլով: Փառատոնի առաջին փուլն արդեն կայացել է Սեւանում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը, իսկ երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 26-28-ին՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը: Գալա-համերգը տեղի կունենա օգոստոսի 29-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:

“Հուսո առագաստ-2015” փառատոնի տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ծավալուն մեկամսյա փառատոն առաջին անգամ են կազմակերպում. “Մենք դեռեւս շարունակում ենք հայտեր ընդունել այն մարդկանցից, ովքեր տեղյակ չեն եղել, բայց մասնակցելու ցանկություն ունեն, եւս մեկ ընտրական փուլ կիրականացնենք Երեւանում օգոստոսի 20-ին, որից հետո 5 հոգուց բաղկացած ժյուրին կորոշի՝ ովքեր են մասնակցելու դիլիջանյան փուլին”:

Մեկնարկել է “Հուսո առագաստ 2015” հեղինակային երգի համահայկական փառատոնը


Առաջին ընտրական փուլին մասնակցել են 10 երիտասարդ կատարող եւ ավագ սերնդի շուրջ 15 հեղինակ-կատարող. “Սեւանի ափին՝ խարույկի շուրջ մինչեւ լուսաբաց մասնակիցները երգել են: Զարմացնող դեմքեր կային, նույնիսկ հայտնություն ունենք, նրանց մասին անգամ պատկերացում չունեինք: Դիլիջանում եւս խարույկի շուրջ կերգենք, ինչը մեր ապրելաոճի մի մասն է”,- պատմում է Հարությունյանը:

Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են, այդ թվում՝ Արցախից. “Հույս ունենք՝ հետագայում մեզ կդիմեն նաեւ Սփյուռքի կատարողները: Այս տարի պարտադիր պայման ենք դրել՝ մասնակիցները պիտի միայն հայալեզու երգեր կատարեն, քանի որ ցանկանում ենք հայերեն խոսքն ավելի շատ ի ցույց դնել: Դիլիջանից հետո գուցե նաեւ Երեւանում կազմակերպենք ամփոփիչ համեգային ծրագիր”:

Մեկնարկել է “Հուսո առագաստ 2015” հեղինակային երգի համահայկական փառատոնը


Վախթանգ Հարությունյանը նշել է, որ նպատակ ունեն ընտրելու ոչ թե մեկ հաղթողի, այլ լավագույն 10 կատարողի. “Նրանց երգերով կստեղծենք մի սկավառակ, որը հաջորդ տարի կներկայացնենք ժողովածուի տեսքով: Գտնելու մեր 5-րդ սերնդին, որ մեզ հետ կիսեն հեղինակային երգի հարթակը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` “Բարդեր” ակումբի անձնական արխիվից ու Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին