×


Հրաչյան, Ռուդիկը եւ Մարիետան հայտնվել են անելանելի դրությունում :)

“Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնում օրերս տեղի է ունեցել նոր ներկայացման առաջնախաղ: Իտալացի գրող Գասպարե Դորիի “Փղերի երկար ճանապարհը” սյուրռեալիստական գործը բեմադրել է թատրոնի ռեժիսորներից Գառնիկ Սեյրանյանը, իսկ բեմադրող նկարիչն Աշոտ Համբարձումյանն է:

"Փղերի երկար ճանապարհը" ներկայացման պրեմիերային


Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Մարիետա Սարգսյանը եւ Լուսինե Ավանեսյանը: Վերջիններս մարմնավորում են գլխավոր հերոսուհուն եւ հաջորդաբար կփոխարինեն միմյանց:

Երկու գործողություն, երկու տարբեր կյանք, նույն մարդկանց հոգիները` երկու տարբեր իրավիճակում, անելանելի դրություններ, վայրէջքներ ու վերելքներ: Ըստ պիեսի` մարդիկ հեռացել են բնությունից, մոռացել իրական արժեքները, վերնագիրն էլ այլաբանական է. փղերը խորհրդանշում են պարզություն ու մաքրություն:

"Փղերի երկար ճանապարհը" ներկայացման պրեմիերային


Պիեսի ընտրության եւ ներկայացման մասին BRAVO.am-ը զրուցել է Գառնիկ Սեյրանյանի հետ: Բեմադրող ռեժիսորի խոսքով՝ ասելիքը բազմաշերտ է, հանդիսատեսը դիտելով միգուցե կվերանայի կարծրացած զգացմունքներն ու ունեցած արժեքները.“Եթե մարդ այսօր մեծ հաջողություններ ունի, երբեք չգիտի, թե վաղն ինչ կփոխվի: Գասպարե Դորին Եվրոպայում պահանջված հեղինակ է, դրամատուրգների համար նախատեսված լավագույն մրցանակների դափնեկիր: Այս գործը վաղուց սկսել էի թարգմանել ռուսերենից, իտալերենի մասնագետն էլ օգնեց իտալերենից թարգմանել, որոնք հետո համադրեցի”:

Դերասանուհի Մարիետա Սարգսյանին գրավել է իր կերպարի փիլիսոփայությունը: Առաջին գործողությունում նա խելացի, հավասարակշռված կին է, որը փորձում է իր օրինակով մարդկանց մեջ սերմանել բարձր ու դրական արժեքներ, այնուհետեւ նա հայտնվում է հակառակ իրադրության մեջ.“Կյանքի իրավիճակների պատճառով հերոսուհու մեջ մեռել են իրական արժեքները, չնայած` հոգու մի անկյունում պահել է բարություն, բայց թաքցնում է, որովհետեւ հայտնվելով փորձությունների մեջ, կորցրել է մարդկանց նկատմամբ ունեցած հավատը”:

"Փղերի երկար ճանապարհը" ներկայացման պրեմիերային


Դերասանուհին պատմել է, որ փորձերը երկար են տեւել, մանրակրկիտ աշխատել են յուրաքանչյուր տեսարանի վրա.“Հաճախ վիճում էինք, քանի որ մեր կերպարները բացահայտելու ու զարգացնելու տարբեր մոտեցումներ ունեինք: Առանց այդ քննարկումների ստեղծագործական պրոցեսը հնարավոր չէ: Առաջնախաղից հետո ես ինձնից դժգոհ եմ. դեռ շատ պիտի աշխատեմ կերպարիս վրա”:

Ներկայացումն արդեն թատրոնի խաղացանկում է, այն կարող եք դիտել հուլիսի 26-ին եւ 31-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին