×


Մահացել է “Ծիծաղի թագուհի” Սվետլանա Գրիգորյանը

83 տարեկանում վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, մեր կատակերգուների դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը: Ցավալի լուրը հայտնել են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

Սվետլանա Գրիգորյանը


“Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգեւողը, ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր, կյանք էր...”,-նշել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 18:00-ից 20:00-ը՝  Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին, ժամը 12:00-14:00-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Սվետլանա Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:

BRAVO.am-ը ցավակցում է Սվետլանա Գրիգորյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Սվետլանա Գրիգորյանը


Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երեւանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ։ 55 տարի խաղացել հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ, կերտել է հարյուրից ավելի դերեր, հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։ Նրա մարմնավորած ցայտուն կերպարներից են Ռոզը ( “Տաքսի-տաքսի”) եւ Սաթենիկը (“Իմ զոքանչը”)։

Երեւանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ շքանշանների՝ “Մովսես Խորենացի”, “Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ”։ 2009 -ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել “Ծիծաղի թագուհի” տիտղոսը։ 2011-ին պարգեւատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալով։


BRAVO.am
Կենսագրական տվյալները` Wikipedia-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW