×


Մայա Պողոսյան. «Կվայելենք մեր հերթական մեղրամիսը»:)

Մայա Պողոսյանն օրերս է վերադարձել Հունաստանից, որտեղ ընտանիքի հետ վայելել է ամառային հանգիստը: «EL» ամսագրի գլխավոր խմբագիրը BRAVO.am-ին ասել է, որ վերջին տարիներին երեխայի հետ արձակուրդներն անցկացնում են Կրետե կղզում:
«Հունաստանը լավագույն երկիրն է, որտեղ երեխայի հետ կարելի է լիակատար հանգստանալ: Թռիչքի տեւողությունը քիչ է, հյուրանոցները՝ հնարավորինս հարմարավետ, միջավայրը՝ հանգիստ: Ալեքսը դեռ փոքր է եվրոպական երկրներ գնալու համար: Այստեղ օրերը շատ հագեցած են լինում, մշակութային վայրերը շատ են, չենք ուզում վաղ տարիքից ծանրաբեռնել նրան, ամեն ինչ՝ իր ժամանակին»:

Մայա Պողոսյանը


Նրանք հասցրել են հունական մի քանի կղզում լինել, նավով շրջագայել, լողալ ու արեւայրուք ընդունել. «Հիանալի ժամանակ անցկացրեցինք, լավ կտրվեցինք առօրյայից ու լիցքաթափվեցինք: Տղաս էլ էր գոհ, ինքն էլ մեզ նման էքստրիմի սիրահար է: Հետաքրքրասեր է, սիրում է նոր վայրեր բացահայտել»:

Երբեմն ամուսիններն իրենց հետ խորհրդանշական նվերներ են բերում հարազատներին. «Սկզբում, երբ նոր երկրներ էինք գնում, ժամանակի մեծ մասը ծախսում էինք գնումների վրա: Մեր գրեթե բոլոր բարեկամների, ընկերների ու աշխատակիցների համար հուշանվերներ էինք բերում: Այժմ մի փոքր այլ է, ժամանակի մեծ մասը հատկացնում ենք հանգստանալուն: Լինում են քաղաքներ, որտեղ անգամ ինձ համար գնումներ չեմ անում»,- նշել է Մայան:

Մայա Պողոսյանն՝ ամուսնու եւ որդու հետ


Զույգը նախատեսում է առաջիկայում առանց երեխայի մեկնել հանգստի. «Ամեն տարի նախ Ալեքսանդրի հետ ենք որեւէ երկիր գնում, հետո՝ առանց նրա: Այս անգամ Բալի ենք գնալու: Էկզոտիկ երկրների սիրահար եմ: Պաշտում եմ օվկիանոսը: Այս անգամ օրերն այլ կերպ կանցնեն՝ կհասցնենք ե՛ւ ցերեկային, ե՛ւ գիշերային կյանքով ապրել. կլողանք, կլիցքաթափվենք, ակումբներ կհաճախենք: Առաջին անգամ եմ լինելու Բալիում, չգիտեմ՝ սպասելիքներս շատ մեծ են: Չնայած ինը տարի է՝  ամուսանացած ենք, բայց շարունակում ենք իրար սիրահարված մնալ: Հերթական անգամ վայելելու ենք մեր մեղրամիսը, միմյանց ներկայությունը»,- եզրափակել է հաղորդավարուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Մայա Պողոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին