×


Մանվելը, Լիլյան, Ելենան եւ ուրիշներ` հյուրանոցի «Մրգերով համար»-ում

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում երեկ տեղի է ունեցել «Մրգերով համարը» ներկայացման պրեմիերան։ Երիտասարդ բեմադրիչ Նորա Գրգորյանն ընտրել է ժամանակակից ռուս դրամատուրգ, դերասան Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը, որն իրավիճակային կատակերգություն է մարդկային հարաբերությունների, փողի, շահի եւ սիրո մասին։

Ալեքսանդր եւ Նորա Գրիգորյանները


Առաջնախաղից առաջ բեմ է բարձրացել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը` նշելով, որ շուրջ 50 տարի ազդարարում է պրեմիերաների մասին.«Այսօր ձեռնափայտով եմ, բայց խոստանում եմ` հաջորդ անգամ ամեն ինչ լավ կլինի։ Մեր նոր ներկայացումը բեմադրված է հրաշալի դրամատուրգիայի հիման վրա։ Յուրահատկությունն այն է, որ Կորովկինը, դերասան լինելով, գրում է հետաքրքիր ու գունեղ կերպարների մասին, հասկանում է լավ դերի նշանակությունը: Մեր դերասանները վառ կատակերգություն են խաղում, իսկ դա ավելի դժվար է, քան դրաման կամ տրագիկոմեդիան»։

Երկու գործողությամբ ներկայացման կազմում ընդգրված են թատրոնի գրեթե բոլոր դերասանները, որոնք միմյանց փոխարինելով նույն կերպարներով բեմ կբարձրանան։ Պրեմիերային խաղացել են Մանվել Խաչատրյանը, Լիլյա Մուկուչյանը, Ֆրեդ Դավթյանը, Արման Ղազարյանը, Թեհմինա Խաչատրյանը, հաջորդ օրերին բեմում կտեսնեք նաեւ Ելենա Վարդանյանին, Սերգեյ Գրիգորյանին, Նառա Թումասյանին, Էրվին Ամիրյանին եւ այլ դերասանների։

«Մրգերով համարը» ներկայացման պրեմիերային


Գլխավոր կերպարներից Ժորան հյուրանոցի նախագահական համարում է հայտնվում մի թեթեւաբարո ուսանողուհու հետ՝ ցանկանալով այնտեղ անցկացնել ողջ գիշերը, սակայն նրա պլանները խախտում է ժամանակից շուտ հյուրանոց ժամանած իր վերադասը՝ գործողություններին ակամա այլ ընթացք տալով։ Ժորային մարմնավորող Մանվել Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ պրեմիերային հազարապատիկ հուզված է։ Նրա խոսքով՝ փորձերին բեմադրիչն ազատ է թողել դերասաններին՝ կերպարները ներկայացնելու սեփական ոճով.«Ստեղծագործական կոնֆլիկտներ չենք ունեցել, կարծես, թիմ ենք դարձել. կես խոսքից իրար հասկանում ենք։ Դուբլյորս թատրոնում իմ ամենամոտ ընկերն է` Սերգեյ Գրիգորյանը, ինձ թվում է՝ ինձնից լավ է խաղում, հուսամ՝ ինքն էլ կարծում է, որ ես եմ ավելի լավ խաղում:)։ Թարմ ու ժամանակակից պիես է՝ զվարճալի տեսարաններով։ Կարծում եմ՝ տխուր ժամանակաշրջանում մարդիկ ուզում են լիցքաթափվել ու ծիծաղել»:

Առաջին անգամ մայրանալ պատրաստվող Նորա Գրիգորյանի համար այս ներկայացումը երկրորդ մեծածավալ աշխատանքն է. նախորդը բեմադրել է ուղիղ մեկ տարի առաջ՝ «Խնջույք ամառանոցում» տրագիկոմեդիան։ Նրա փոխանցմամբ՝ դժվար է գտնել ռուսերեն հետաքրքիր կատակերգություններ սիրո մասին.«Ռուսաստանում հիմնականում գրում են քաղաքական թեմայով կոմեդիաներ, բայց Կորովկինի գործերում հանդիպեցի չեզոք պիեսներ, որ նաեւ հայ հանդիսատեսին կհետաքրքրի։ Սյուժեն այնպես է կառուցված, որ սկզբում թվում է, թե փողի ու սեփական շահերի մասին է, բայց հաղթում է սերը»։

Նորա Գրիգորյանը եւ «Մրգերով համարը» ներկայացման դերասանական կազմը


BRAVO.am-ի այն դիտարկմանը, որ երկու գործողությամբ ներկայացումը որոշակիորեն երկարաձգված է, Նորան պատասխանել է, թե չի սիրում պիեսները կրճատել.«Փոփոխություններ չեմ արել, բայց հանդիսատեսի արձագանքից հասկանալի է, թե ինչը կարելի է շտկել։ Այս պիեսը բեմադրված է նաեւ ռուսական թատրոններում, թեեւ միտումնավոր չեմ դիտում, որ ոչինչ չկրկնեմ։ Շատ եմ ուզում, որ երիտասարդները դիտելով տեսնեն ծանոթ կերպարների՝ զուգահեռ տանելով իրենց ապրելակերպի հետ»։

Հավելենք, որ «Մրգերով համար»-ն արդեն թատրոնի խաղացանկում է, իսկ թե ինչպես են զարգանում հյուրանոցային համարի «բնակիչների» գործողությունները, կարող եք դիտել ու գնահատել։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին