×


Մաշա Մնջոյան. «Դեռ երկու տարի ունեմ վայելելու...»

Մաշա Մնջոյանի համար այս ամառն անցնում է աշխատանքային մթնոլորտում։  Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ծրագրված են մի շարք համերգներ, որոնցից մեկը կայացել է «Շանթ»-ի «Արենա Live» հեռուստածրագրի շրջանակում։

Մաշա Մնջոյանը


22-ամյա երգչուհին նշում է՝ անկախ հանդիսատեսի քանակից պատասխանատու է ցանկացած ելույթ։ Հեռուստաշոուի համար կատարել է զուգերգեր Սոնայի, Հայկ Պետրոսյանի, Էրիկ Կարապետյանի, Էմանուելի հետ. «Հեռուստատեսային մենահամերգին լրջորեն պատրաստվել էի. նախապես պլանավորված էր, որ բենդի հետ կաշխատեմ, բայց այլ երաժիշտների հետ երկու շաբաթում զրոյից  կազմեցինք ծրագիրը։ Ինձ հետ բեմում էին՝ Կարեն Անանյանը, Դավիթ Պողոսյանը, Նարեկ Խեչումյանը, Հովհաննես Գեւորգյանը։ Սոնան, ողջ ընթացքում կողքիս լինելով, շատ էր աջակցում։ Ուրախ եմ, որ բացասական արձագանքներ չեմ լսել, հիացական խոսքերն ինձ ոգեւորում են»։

Հայաստանից դուրս մենահամերգներ ունեցած Մաշան Երեւանում դեռեւս մեծ մենահամերգ չի ունեցել, շեշտում է, որ անհրաժեշտ է լավ նախապատրաստվել. «Մենահամերգի համար ծավալուն աշխատանք է անհրաժեշտ, պահանջվում են երկարատեւ փորձեր, ֆինանսներ ու նոր գաղափարներ, մինչդեռ ակումբային ելույթների համար երկար չեմ պարապում, տեղում կարողանում եմ փոփոխություններ ու իմպրովիզներ անել։ Այժմ ուզում եմ անցողիկ ու հերթական երգի փոխարեն հիթային որեւէ երգ կատարել, որի համար ոչ ստանդարտ հոլովակ կնկարենք»։

Մաշա Մնջոյանը


«Հայաստանի ձայնը 1»-ի հաղթողը նաեւ որպես տեսահոլովակի հերոսուհի նկարահանվել է ժողովրդական երգեր կատարող Գրիգոր Միրզոյանի «Սիրահարվել եմ» երգի տեսահոլովակում. «Ինձ համար նորություն էր ոչ թե որպես վոկալիստ, այլ հերոսուհի ներկայանալ։ Նաեւ հաճելի էր, որ ժողովրդական երգի հոլովակը նկարահանվում էր իմ հայրենի Գյումրիում։ Կարծում եմ՝ գործընկերոջս աշխատանքը մի քիչ հումորային, մի քիչ էլ ռոմանտիկ է ստացվել»։

Ինչպես նշում է Մաշան, սեպտեմբերից կրկին կվայելի ուսանողական կյանքը՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի մագիստրատուրայում. «Ժամանակն այնքան արագ է անցում, պարզապես չնկատեցի, թե ինչպես ավարտեցի բակալավրիատը։ Շատ ուրախ, հետաքրքիր, երբեմն մի քիչ տանջալի քննություններով ժամանակաշրջան էր։ Դեռ երկու տարի ունեմ վայելելու ուսանողական կյանքը»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Ռոբերտ Քոլոյանի եւ Մաշա Մնջոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին